«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ պարեկները բերման են ենթարկել Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի պաշտոնյաների, մասնավորապես՝ պարեկները բերման են ենթարկել Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի պրոռեկտորին ու փիլիսոփայության եւ պատմության ամբիոնի վարիչի պաշտոնակատարին։ Նրանք կասկածվում են թմրանյութի օգտագործման մեջ, իսկ թե ինչ կպարզի քնությունը, կհետեւենք զագացումներին:
Shamshyan.com-ը գրել էր, որ հոկտեմբերի 16-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երեւան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները ծառայության ընթացքում հերթական անգամ հայտաբերել են կասկածելի 2 քաղաքացու, որոնք Մինսկի փողոցում տարօրինակ վարքագիծ են դրսեւորել: Պարեկները մոտեցել են այդ քաղաքացիներին, եւ նկատել են, որ նրանցից մեկը գրպանից իրեր է դուրս հանել ու նետել:
Տեղում պարեկները վնասազերծել են նրանց, եւ պարզվել է, որ նետել է 3 փաթեթ եւ 2 գլանակ:
Նշված անձինք թմրանյութ պահելու եւ օգտագործելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով պարեկների կողմից ձերբակալվել եւ տեղափոխվել են ոստիկանության Նոր Նորքի բաժին:
Ահազանգով ժամանել է Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը, եւ պարզել են, որ դեն նետված գլանակներում եւ փաթեթներում եղել են թմրանյութի նմանվող զանգվածներ, գլանակներից մեկում էլ եղել են կիսամոխրացած հետքեր:
Դեպքի փաստով Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, նշված անձինք ոստիկանության Նոր Նորքի բաժնից ներկայացվել են Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ բերման ենթարկվածները 38 եւ 37-ամյա տղամարդիկ են, որոնցից մեկը հայաստանյան հայտնի ու ճանաչված բուհերից մեկի պրոռեկտոր է, մյուսն էլ՝ փիլիսոփայության եւ պատմության ամբիոնի վարիչի պաշտոնակատար:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
19-ԱՄՅԱ ՏՂԱՆ ՄԱՀԱՑԱՎ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ 19-ամյա տղա է վերջ տվել կյանքին՝ Կիեւյան կամրջից ցած նետվելով:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երիտասարդ տղան ունեցել է առողջական խնդիրներ։
Նկատենք, որ վերջին շրջանում առողջական խնդիրներ ունեցող անձինք հաճախ են իրավիճակից դրդված ինքնասպանության գնում։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ ԿՐԱԿՈՑԻՑ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արարատի մարզում աներոջ տուն զինված մտած փեսան եղել է ատրճանակով եւ խաղալիք նռնակով։ Իսկ ինչո՞ւ է նա կրակել աներոջ ուղղությամբ։ Նա իրավապահներին ասել է, որ ցանկանում է միանալ կնոջը, ու իրեն խանգարում են ընտանիքի միավորման հարցում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վերին Արտաշատ գյուղում քաղաքացին զենքով եւ նռնակով զինված մտել է ինչ-որ տուն եւ սպառնացել է տան անդամներին մորթել. հայտնում է shamshyan.com-ը։
Ոստիկանները պարզել են, որ ժամը 20:30-ի սահմաններում Վերին Արտաշատ գյուղի Իսակովի փողոցի տներից մեկն է այցելել նույն գյուղի բնակիչ, 28-ամյա Գոռ Ա.-ն, որը ցանկացել է իր նախկին կնոջը տուն տանել: Ըստ 41-ամյա տանտիրոջ՝ Վարդուհի Հ.-ի հայտարարության՝ նախկին ամուսինը հայտնել է, որ ինքը պետք է կնոջը տանի, այլապես բոլորին կսպանի, եւ նրա ձեռքին եղել է ատրճանակ եւ ինչ-որ առարկա, որ նա նմանեցրել է նռնակի:
ԽՈՒՍԱՓԵԼ Է ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ռոման Ուսոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հաշվառված լինելով ՀՀ ՊՆ եւ ԶՀԾ Երեւանի թիվ 3 տարածքային ստորաբաժանումում, ենթակա է եղել զորակոչման 2022թ. ձմեռային զորակոչին։
Մինչեւ զորակոչի ավարտը չի ներկայացել տարածքային ստորաբաժանում եւ խախտելով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝ խուսափել հայտարարված պարտադիր զինվորական ծառայության՝ 2022 թվականի ձմեռային զորակոչից այդ զորակոչից տարկետում ստանալու կամ ծառայությունից ազատվելու՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում։
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հնչեցրած հայտարարությունների ու հաղորդման հիման վրա՝ քրեական գործ է հարուցվել. այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Վարույթը նախաձեռնվել է երկու հոդվածներով՝ Քրեական օրենսգրքի 550 հոդվածով՝ «Զինվորական պաշտոնեական անփութությունը», որը սահմանում է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում հրամանատարի կամ պաշտոնատար անձի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետեւանքով դրանք չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, ինչպես նաեւ Քրեական օրենսգրքի 550 հոդվածով՝ «Մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելը կամ թողնելը», որը սահմանում է առանց մարտի հանգամանքներով հարկադրված լինելու հրամանատարի (պետի) կողմից ամրությունը, մարտական տեխնիկան կամ մարտ վարելու այլ միջոցը հակառակորդին հանձնելը կամ թողնելը։ Դատախազությունից փոխանցեցին, որ գործով մեղադրյալներ այս պահի դրությամբ չկան:
ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ՈՒ ԳՈՂՈՒԹՅՈՒՆԸ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ թալանել են Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահ Գոռ Հակոբյանի եղբոր առանձնատունը: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ դատարանի նախագահն անձամբ է զանգահարել եւ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել իրավապահներին: Ենթադրյալ հանցագործները տարել են մոտ 230 հազար դոլարի ոսկի ու «Ռոլեքս Ավի» տեսակի թանկարժեք ժամեր։
Ի դեպ, ըստ լուրերի՝ տանը խոշոր չափի գումար է եղել, որը, ըստ էության, գողերը չեն հայտնաբերել:
Նկատենք, որ ենթադրյալ հանցագործները տեղեկացված են եղել, որ տանը մարդ չկա, ու մտել են տուն:
Նշենք, որ shamshyan.com-ը գրել էր, որ հոկտեմբերի 15-ին առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան 1-ին փողոցի տներից մեկից գողություն է կատարվել:
Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ անհայտ անձը կամ անձինք ժամը 13:30-ից 20:30-ն ընկած ժամանակահատվածում նշված փողոցի թիվ 2-րդ տան խոհանոցի պատուհանը բացել են, մտել տուն, տակնուվրա արել այն եւ հափշտակել խոշոր չափի գումար, ոսկյա զարդեր եւ դիմել փախուստի:
Տեղում աշխատել են նաեւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության փորձաքրեագետները:
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է հայաստանյան հայտնի դատավորներից մեկի եղբորը՝ 42-ամյա Դավիթ Հակոբյանին, որը «Նազարյանշին» ՍՊԸ տնօրենն է. նրա տանից հափշտակել են մոտ 50 հազար ԱՄՆ դոլար, մոտ 150 հազար ԱՄՆ դոլարի ոսկյա զարդեր, ինչպես նաեւ 4 հատ ձեռքի բրենդային, թանկարժեք ժամացույցներ:
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ է գրանցվել Սպիտակ քաղաքում։
2005 թվականին ծնված աղջիկը տանը խմել է մեծ քանակությամբ դեղ՝ փորձելով վերջ տալ իր կյանքին։ Մտերիմները նկատել են, որ նրա ինքնազգացողությունը գնալով վատանում է, շտապ տեղափոխել են հիվանդանոց։
Բժիշկներին հաջողվել է փրկել աղջկա կյանքը։ Իսկ ինչո՞ւ է նա գնացել այդ քայլին. ըստ նախնական տեղեկությունների՝ ընկերոջ հետ վիճաբանությունից հետո է փորձել վերջ տալ իր կյանքին։
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ