ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԵՎ ԱՋԱԿՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էկոնոմիկայի նախարարությունում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գյուղատնտեսության ոլորտի գործարարների, ֆերմերների հետ հանդիպմանը վերհանվել են խնդիրները, դրանց հիման վրա՝ պետությունը կվերանայի պետական աջակցության ծրագրերը:

 

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ այս մասին ասացին Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաները «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսին:

«Ներկայացվեցին ոլորտային քաղաքականությունը, ինչպես նաեւ բոլորը հարցերը, որոնք կարող են առնչվել ե՛ւ հնարավորություններին, ե՛ւ մարտահրավերներին: Ներկայացվեցին նաեւ կառավարության կողմից առաջարկվող եւ գործող ծրագրերը գյուղատնտեսության զարգացման նպատակով, ինչպես նաեւ քննարկվեցին ֆերմերներին, գործարարներին հետաքրքրող, կարիքները վերհանելու նպատակ ունեցող հարցեր»,-ասաց փոխնախարար Արման Խոջոյանը:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ հայաստանյան գործարարներ, որոնք առաջարկներ են հնչեցրել հանդիպմանը մասնակից ֆերմերներին, տնտեսավարողներին: Մասնակիցները նաեւ կարեւորել են վերապատրաստումները: Նախարարության հիմնական նպատակն է եղել հանդիպման արդյունքում գնահատել կարիքները, քանի որ կառավարության կողմից առաջարկվող ծրագրերը հիմնականում թիրախավորված են եւ հիմնված են շահառուների կարիքների վրա:

Փոխնախարար Աշխեն Շիրվանյանն ասաց, որ արդյունավետ քննարկման արդյունքում վերհանվել են բոլոր խնդիրները: «Այդ խնդիրների հիման վրա՝ մենք նախատեսում ենք  վերանայել ծրագրերը եւ անհրաժեշտ փոփոխություններ կատարել, մասնավորապես՝ սահմանել այնպիսի պայմաններ, որոնց միջոցով հնարավորություն կընձեռենք ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցներին օգտվելու գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերից»,-ասաց նա:

Ծրագրերը, նրա վստահեցմամբ, շատ են: Շիրվանյանը հուսով է, որ հայրենակիցները մեծ հետաքրքրություն կցուցաբերեն գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի նկատմամբ:

Խոջոյանը, դիմելով Հայաստանում գործող կազմակերպություններին, ասաց, որ նախարարությունը պատրաստ է կամուրջ հանդիսանալ, համակարգել, եթե նրանք ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ համագործակցության հնարավորություն տեսնեն:

Հանդիպումը կայացել է հոկտեմբերի 12-ին:

Նշենք նաեւ, որ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը «Հումանիտար կենտրոն»-ում մամուլի ասուլիսի ժամանակ հավելեց, որ Հայաստանի հիվանդանոցներում բուժում է շարունակում ստանալ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 198 բուժառու:

«198-ից 44-ի վիճակը ծանր է, 10-ինը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր»,-ասաց Բաղդասարյանը: Եվս 19 բուժառու բուժումը  շարունակում է արտասահմանյան կլինիկաներում:

Ամբուլատորիաներ արդեն կցագրվել է 28 հազար 861 անձ: Զուգահեռ Առողջապահության նախարարությունը մոբիլ թիմերի միջոցով իրականացնում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բուժզննում. այսպիսի բուժզննում է անցել արդեն 604 անձ:

 

 

ԻՐԱՎԻՃԱԿԸ՝ ԳԱԶԱՅՈՒՄ

Մերձավոր Արեւելքում իրավիճակը կտրուկ վատթարացավ հոկտեմբերի 7-ին՝ Գազայի հատվածից Իսրայել «ՀԱՄԱՍ»-ի զինյալների ներթափանցումից հետո։ Արմատականներն այս հարձակումը համարում են պատասխան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի դեմ Իսրայելի իշխանությունների գործողություններին։ Իսրայելը հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին եւ սկսեց հարվածներ հասցնել դրան եւ Լիբանանի ու Սիրիայի որոշ տարածքների վրա։ Բախումներ են տեղի ունենում նաեւ արեւմտյան ափին։ Ավելի քան 2,8 հազար պաղեստինցի է զոհվել, մոտ 10,9 հազարը վիրավորվել է, իսրայելական կողմից հակամարտության զոհ է դարձել մինչեւ 1,5 հազար մարդ, գրեթե 4 հազարը վիրավորվել է։ Գազայի հատվածում գտնվող բժշկական հաստատությունները չեն կարողանում դիմակայել իսրայելական հրթիռակոծությունից տուժածների հոսքին։ Այս մասին Al Jazeera հեռուստաալիքին տված մեկնաբանությունում ասել է անկլավի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Իյադ ալ Բուզմը։ «Հազարավոր վիրավորներ գտնվում են մահվան վտանգի տակ, քանի որ հիվանդանոցները չեն կարողանում սպասարկել  նման քանակի տուժածների»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ հարյուրավոր դիեր դեռ մնում են փլատակների տակ եւ չեն տեղափոխվում։ Ալ-Բուզմը կոչ է արել միջազգային հանրությանը միջոցներ ձեռնարկել Իսրայելի ագրեսիան դադարեցնելու եւ Գազա բժշկական պարագաներ, ջուր եւ վառելիք մատակարարելու համար: Նա անկլավում ստեղծված իրավիճակը անվանել է «աղետալի»։

 ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԸ ԲԱՑ ԿԼԻՆԻ

Քննարկման մտած օրենքի նախագիծը, ըստ ՊԵԿ-ի,  բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները հարկային մարմնին կարող են տրամադրվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարկային մարմինը նույնպես հանդիսանում է գաղտնիք տնօրինող պետական մարմին։ Ներկա օրենսդրական կարգավորումներով՝ բանկն իր հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային մարմնին տրամադրում է՝ միայն դատարանի որոշման հիման վրա:

Իրավաբան Մուշեղ Խաչիկյանը կարծում է, որ օրենքի ընդունման պարագայում բազում խնդիրներ կլինեն, դրանց թվում՝ այս օրենքի պատճառով Հայաստանը կարող է բաց թողնել արտասահմանյան որոշ խոշոր ներդրողների։ Այս օրենքի ընդունումը, ըստ գործարարների, խանգարելու է նաեւ իրենց աշխատանքի բնականոն ընթացքին։

Փաստաբան Արսեն Սարդարյանն էլ նշում է, որ եթե օրենքն ընդունվի, օրենքին դեմ անձինք այն կբողոքարկեն Վարչական դատարանում, ապա՝ Սահմանադրական դատարան, եւ, ըստ անհրաժետության, կդիմեն եւ այն կբողոքարկեն նաեւ Եվրոպական դատարանում։

Այս հայեցակարգի կոնցեպտը կայանում է նրանում, որ սա իրավական կարգավորումների սկզբունքային փոփոխության է բերում, եւ դատական վերահսկողության մեխանիզմը բանկային գաղտնիքի սահմանափակման գործում գրեթե վերանում է։ ՊԵԿ-ը կարող է ամեն նախորդող տարվա հաշվետվությունը պահանջել Կենտրոնական բանկից դատարան դիմելուց հետո։ Ըստ այս օրենքի նախագծի՝ գործարարների բանկային շարժը  յուրաքանչյուր տարվա ավարտին պարտադիր կերպով Կենտրոնական բանկի միջոցով մտնելու է ՊԵԿ։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՄԱՅՆՔԻ ՈՂԵՐՆ ՕՏԱՐԵԼ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021թ. փետրվարի 26-ին Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված, Դիլիջանի քոլեջի շրջանավարտ,անձնական գործում իր սեռը «արու»  գրած՝ ՔՊ կուսակցության Դիլիջանի կազմակերպության ղեկավար Դավիթ Սարգսյանը շարունակում է Դիլիջան համայնքի հողերը օտարել Երեւան քաղաքի  բնակիչներին։ Դիլիջանի համայնքապետարանի  ինտերնետային կայքում նշված է, որ Դիլիջան համայնքի ղեկավարի 2023թ. սեպտեմբերի 4-ի թիվ 715-Ա որոշմամբ՝ 2023թ. հոկտեմբերի 5-ին աճուրդի է  ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից 1790.7քմ հողամաս (Լոտ-42 (ՔՀ-23)) Դիլիջան քաղաքի  Կալինինի փողոցի  2-րդ նրբանցքի  թիվ 34 հասցեում բնակելի կառուցապատման նպատակով, 12534900 դրամ մեկնարկային գնով: Կայացած աճուրդում 21936075 դրամ առավելագույն գնով հաղթել է Երեւան քաղաքի  Կ. Ուլնեցու փողոցի թիվ 37/1 տան բնակիչ Զարմինե Քեշիշյանը. այդ  մասին Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվել է թիվ 5 արձանագրությունը: Համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը որոշել է նշված հողամասը կառուցապատման նպատակով տրամադրել Զարմինե Քեշիշյանին։ Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. սեպտեմբերի 4-ի թիվ 715-Ա որոշմամբ՝ 2023թ. հոկտեմբերի 5-ին աճուրդի է ներկայացվել Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից 13442.6քմ հողամաս (Լոտ-39 (ՔՀ-23)) Դիլիջան համայնքի  Գոշ գյուղի Մ. Գոշի փողոց  1-ին նրբ. թիվ 11/6 հասցեում հանգստի նշանակության օբյեկտի կառուցման նպատակով, 8065560 դրամ մեկնարկային գնով: Կայացած աճուրդում 8065560 դրամ առավելագույն գնով հաղթել է   Երեւան քաղաքի Բյուզանդի փողոցի  7-րդ  շենքի  թիվ 58 բնակարանի բնակիչ Վարուժան Բաբախանյանը, որի մասին Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվել է   թիվ 2 արձանագրությունը: Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը հոկտեմբերի 10-իմ  որոշում է   ընդունել  Վարուժ Բաբախանյանին աճուրդային կարգով նշված  հողամասը օտարելու մասին։ Դիլիջանի համայնքապետարանի  ինտերնետային  կայքում բազում տեղեկություններ կան ՔՊ-ական համայնքապետի կողմից համայնքի հողերը Երեւանի բնակիչներին օտարելու մասին։ Դիլիջան համայնքի բնակիչները հայտնում են, որ բազմաթիվ անգամ տնամերձ  հողամաս կամ կառուցապատման համար հողատարածք գնելու, աճուրդային կարգով ձեռք բերելու  նպատակով դիմել են Դիլիջանի համայնքապետարան, սակայն  նրանց  պատասխանել  են, որ Դիլիջան քաղաքում ազատ, օտարելու հողամասեր չկան:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս