ԱՆԻ ԵՐԱՆՅԱՆԸ՝ ՆՈՐ ԿԵՐՊԱՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ հոկտեմբերի 30-ից 16 մասից բաղկացած «Մալենա» ֆիլմը կհայտնվի եթերում: Ֆիլմի պրոդյուսերը Սոս Կարապետյանն է, տնօրենը՝ Անի Երանյանը:

 

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ֆիլմի տնօրեն եւ գլխավոր դերակատար Անի Երանյանը պատմել է մանրամասներ ֆիլմի նկարահանումներից ու ստեղծագործական փուլից.  «Այս ֆիլմը ինձ համար շատ կարեւոր է, որովհետեւ ես եւ Սոս Կարապետյանն ենք եկել այս գաղափարին եւ քարը քարի վրա դնելով, փայփայելով, կռվելով, շատ ու շատ դժվարությունների միջով անցնելով՝ ստացանք շատ լավ ու հետաքրքիր արդյունք, որը շուտով կհանձնենք մեր հեռուստադիտողի դատին: Իհարկե, այս ամենն անհնար կլիներ իրականացնել առանց այն մեծ խմբի, պրոֆեսիոնալ մարդկանց, որոնք աշխատեցին մեզ հետ այս ֆիլմի շրջանակներում:

Ամերիկայի հայկական հեռուստատեսության համար շատ արտասովոր է նման մեծ թիմ ունենալ, համարյա թե անհնար, բայց ես երբեւէ չէի ստորագրի մի բանի տակ, որ լավ կլինի առանց պրոֆեսիոնալ մասնագետների:

«Գործարք Վեգասում» ֆիլմի արձագանքներից հետո Սոսն առաջարկեց նույն դերասանական կազմով մի բան անել եւ ինձ առաջարկեց միասին անել ֆիլմ: Ես վստահ եմ, որ այս համագործակցությունը շատ հետաքրքիր արդյունք է տալու, ու ես մեծ հույս ունեմ, որ այն ահռելի եւ մասշտաբային աշխատանքը, որն արվել է, կգնահատի մեր հեռուստադիտողը»:

Անիի խոսքով՝ դժվարություններ շատ-շատ են եղել, բայց ամեն դժվարության ժամանակ ավելի վստահ է եղել, որ արդյունքը լինելու է ավելի լավը:

«Ստեղծագործական խմբից համարյա թե ոչ մեկի հետ չէինք աշխատել։ Անսահման ուրախ եմ սցենարիստ Անի Մաղաքյանի հետ համագործակցության համար, որ վստահեց, եւ փոխադարձ վստահության եւ առողջ աշխատանքի շնորհով ստացանք նոր, հետաքրքիր նախագիծ: Մեր թիմի բոլոր անդամներին անհատապես շնորհակալ եմ առանց տրտնջալու եւ բոլոր խոչընդոտները մեզ հետ հաղթահարելու համար»:

Դերասաններ Պապ Պողոսյանի, Տիգրան Մանսուրյանի, Գեւորգ Կալեմդարյանի հետ առաջին անգամ է աշխատում Անին եւ «Ժողովուրդ» օրաթերթին վստահեցնում է, որ բոլոր դերասանները այնքան լուրջ, պրոֆեսիոնալ եւ պատրաստված էին գալիս նկարահանման հրապարակ, որ ուղղակի հաճելի էր նրանց հետ աշխատել:

Խոսելով իր իսկ մարմնավորած կերպարի՝ Մալենայի մասին՝ Երանյանը համեմատում է՝ խառնվածքով նման է Մալենան Անիին, բայց միեւնույն ժամանակ ընդհանրապես Անիի հետ կապ չունեցող մարդ է.

«Երկկողմանի ծնողազուրկ մարդը՝ վրեժխնդրությամբ լցված, ինչպիսին կարող է լինել, ես չգիտեմ, բայց Անին մաքսիմում արդարացրել է իր մեջ Մալենային եւ իրենից տվել մի քիչ սեր ու քնքշանք… Ազնվություն նա ուներ, մի քիչ էլ ես ավելացրի: Շատ չեմ ուզում կերպարը բացահայտել, որպեսզի լինի ավելի հետաքրքիր, եւ ամեն մեկը նայելիս ինքը որոշի՝ ինչպիսին է Մալենան»,- պատմում է Անին։

Որպես ֆիլմի տնօրեն՝ Անի Երանյանը, խոսելով ակնկալիքների մասին, կարծում է, որ յուրաքանչյուր գործ անելուց յուրաքանչյուր մարդ, որն իր գործը սիրող մարդ է, ուզում է, որ այն լինի նախորդից լավը։

«Ես կարծում եմ եւ մեծ հույս ունեմ, որ մեր սիրելի հեռուստադիտողը կգնահատի եւ կսիրի մեր աշխատանքը:

Ինչը կապված է թիմին, չգիտեմ՝ հետագայում կհամագործակցենք, թե ոչ, բայց համոզված եմ, որ այս համագործակցությունը մեր թիմից շատերի համար կլինի այցետոմս նոր դռներ բացելու համար»:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

ԳԵՎՈՐԳ ՄԿՐՏՉՅԱՆԸ՝ ԱՄՆ-ՈՒՄ

Երգիչ Գեւորգ Մկրտչյանն ԱՄՆ-ում է։ Նրան սիրելին՝ Քրիստինան է ճանապարհել օդանավակայանից։

«Միշտ գալիս էի, մարդ էի ճանապարհում Ամերիկա, ու հիմա եկել է էն պահը, որ ես եմ գալիս»,- ասել է Գեւորգը։

Քրիստինան էլ հավելել է, որ այժմ ինքն է հայտնվել ճանապարհողի դերում։

Գեւորգը Միացյալ Նահանգներում հանդիպել է Անուշ Մարտիրոսյանի եւ նրա ընտանիքի հետ։

«Բարի գալուստ, իմ պուճո՛ւր ախպեր»,- գրել է Անուշ Պետրոսյանը՝ հրապարակելով իր եւ Գեւորգ Մկրտչյանի համատեղ լուսանկարը։

Ավելի ուշ Գեւորգը ինստագրամյան իր էջում հրապարակել է լուսանկար Բեն Ավետիսյանի դստեր հետ։

Հավելենք, որ Գեւորգը ԱՄՆ է գնացել 20 օրով։

 

 

 

ՎԵՐԱԴԱՐՁ՝ «ԱԿՈՒՆՔՆԵՐԻՆ»

Ալեն Սիմոնյանը վերադարձել է «ակունքներին»։ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետն ավարտած մերօրյա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ժամանակին՝ դեռեւս 1995-1996 թվականներից, խաղալով Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ՈՒՀԱ թիմում, դարձել էր Հայաստանի լիգայի չեմպիոն։ Ավելի ուշ՝ 2004-2008 թվականներին, նկարահանվել է «Փախուստ բանտից», «Հիպոկրատի երդվյալները» հեռուստասերիալներում, մասնակցել է տարբեր հեռուստանախագծերի որպես դերասան, պրոդյուսեր, նախագծի տնօրեն։ Ալեն Սիմոնյանը նաեւ «Ալաբալանիցա» ֆիլմի գծային պրոդյուսերն ու «Նո Քոմմենթ» ներկայացման տնօրենն է եղել։

Սիմոնյանին ավելի հոգեհարազատ էր կարծես քաղաքական կյանքը: Ընդդիմադիր հայացքներ ունեցող Սիմոնյանը 2018 թվականից, արդեն դառնալով իշխանական թեւի ներկայացուցիչ, դադարեցրեց իր ստեղծագործական գործունեությունը դերասանական ասպարեզում:

Տեւական դադարից հետո Ալեն Սիմոնյանը ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում կիսվել է «Սեւազգեստ կանայք» ֆիլմի գովազդային պաստառով՝ կից գրելով. «Հայկական արտադրության լավագույն ֆիլմերից մեկը»: Նա նշել է ֆիլմի պրոդյուսեր Գոռ Կիրակոսյանի էջը:

 

Մ. ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

ՄԱՆԱՍՅԱՆԸ՝ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Նարեկ Մանասյանը դարձավ Եվրոպայի գավաթի անդրանիկ խաղարկության ոսկե մեդալակիր:

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող գավաթի խաղարկության 92 կգ քաշային կարգի եզրափակչում Մանասյանի մրցակիցը Իտալիայից Ազիզ Աբբես Մուհիդինն էր: Իտալացի բռնցքամարտիկը վնասվածքի պատճառով չներկայացավ մենամարտին, ու հաղթանակը շնորհվեց հայ մարզիկին։

Ավելի վաղ Հայաստանի հավաքականից Ռուդոլֆ Գաբրոյանը դարձել է Եվրոպայի գավաթի արծաթե մեդալակիր, իսկ Ռաֆայել Հովհաննիսյանը, Ռուսլան Ասլիկյանը եւ Բարեղամ Հարությունյանը` բրոնզե մեդալակիրներ:

 

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿԵՐԿԱՐԱՁԳԻ

Իտալական «Ինտեր»-ը մտադիր է երկարաձգել պայմանագիրը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ:

«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ` այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: Միլանի «Ինտեր»-ը ցանկություն ունի Մխիթարյանին եւս մեկ տարվա պայմանագիր առաջարկել: Ներկայիս պայմանագիրը հայ կիսապաշտպանի հետ նախատեսված է մինչեւ 2024 թվականը:  Նոր պայմանագիրը կլինի մինչեւ 2025 թվականը: Մխիթարյանը տարեկան կստանա 3,8 միլիոն եվրո աշխատավարձ:

 

 

«ՈՍԿԵ ԳՆԴԱԿ» ԿՍՏԱՆԱ

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ, ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսիին նախապես հայտնել են, որ ստանալու է «Ոսկե գնդակ» մրցանակը 2022/2023 մրցաշրջանի արդյունքներով. հաղորդում է BOLASPORT-ը՝ հաղում անելով Մեսիի մտերիմ ընկեր Ալեսանդրո Դոսետիին։ 36-ամյա ֆուտբոլիստին ուրախալի լուրը հայտնել են հոկտեմբերի 13-ին։ Այժմ Մեսին սպասում է մրցանակաբաշխության պաշտոնական արարողությանը։ Հիշեցնենք, որ Լիոնել Մեսին «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիր է եւ պատվավոր մրցանակին արժանացել է 2009, 2010, 2011, 2012, 2015, 2019, 2021 թվականներին։ Նախորդ մրցաշրջանում արգենտինացին ակումբային կարիերայում անցկացրել է 53 հանդիպում, դարձել 32 գոլի ու 25 գոլային փոխանցման հեղինակ։ Նա այս ամռանն է ֆրանսիական ՊՍԺ-ից տեղափոխվել «Ինտեր Մայամի»։

 

 




Լրահոս