ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ՄԵՐԺԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սկսված ռազմական ագրեսիվ գործողությունների ընթացքում, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը կապվել է Ադրբեջանի ԱԱԾ պետի տեղակալի հետ։ Նա առաջարկել է շտապ դադարեցնել կրակը, եւ, որպես նորընտիր նախագահ, առաջարկել է՝ իր փոխարեն մեկ ուրիշ՝ ավելի ընդունելի մարդ մասնակցի բանակցություններին (գուցե իր ընտրությունն է հարձակման պատճառ դարձել), միայն թե Արցախի ցեղասպանությունը կանգնեցվի: «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ Սամվել Շահրամանյանը հնչեցրել է նաեւ կոնկրետ անուններ՝ առաջարկելով, որ ԼՂՀ իշխանության կողմից Սամվել Բաբայանը ներգրավվի բանակցություններում, սակայն ադրբեջանական կողմը նրան սուտասան եւ ապատեղեկատվություն տարածող է համարել՝ առաջարկելով Բաբայանին Հայաստան ուղարկել: Շահրամանյանն առաջարկել է նաեւ Վիտալի Բալասանյանի թեկնածությունը, սակայն ադրբեջանական կողմը նրա մասով էլ առաջարկել է ուղարկել Հայաստան եւ  դատապարտել նրան: Սամվել Շահրամանյանի մյուս առաջարկների հետ չհամաձայնելով՝ ադրբեջանական կողմը պնդել է, որ իրենց պահանջները պետք է կատարվեն, պարզապես պետք է ստորագրել Արցախի Հանրապետությունը լուծարելու հայտարարությունը, եւ այդ դեպքում կրակը կդադարի, ու արցախցիները անվտանգ կապրեն իրենց տներում: Շահրամանյանը բավարարել է առաջարկը ուժի սպառնալիքի տակ, փոխհամաձայնեցված տեքստը հանրայնացրել է, ինչի արդյունքում, իհարկե, կրակը դադարեց, բայց Արցախի Հանրապետությունը մի քանի օրվա ընթացքում ամբողջությամբ հայաթափվեց:

 

 

 

44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Վիրաբյանի քրոջը՝ Տաթեւիկ Վիրաբյանին (Տաթեւ Արցախ), շուրջ 25 օր է, ինչ կալանքի տակ են պահում. նա միակ կին քաղբանտարկյալն է, որը կալանավորվել է սեպտեմբերի 19-ին` ի պաշտպանություն Արցախի կազմակերպված բողոքի ակցիաների ժամանակ: Տաթեւիկ Վիրաբյանին մեղադրանք է ներկայացվել զանգվածային անկարգության կոչեր հնչեցնելու եւ այդ անկարգություններին մասնակցելու համար: Կալանավորումից մոտ մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 15-ին, նրա վիճակը Աբովյան քրեակատարողական հիմնարկում վատացել էր, բայց նույնիսկ դա չազդեց քաղաքական իշխանությունների կողմից կայացված որոշման վրա: Իսկ ո՞վ է Տաթեւ Վիրաբյանը: Նրան ՔՊ-ն վաղուց էր թիրախավորել: Բանն այն է, որ Տաթեւը իշխող խմբակցության պատգամավոր, տխրահռչակ Հովիկ Աղազարյանի դեմ դիմում էր ներկայացրել Ազգային ժողով, որպեսզի ստեղծվի էթիկայի հանձնաժողով, եւ քննվի Աղազարյանի վարքը, սակայն ԱԺ-ն այդպես էլ չձեւավորեց հանձնաժողովը: Պատճառն այն էր, որ ապրիլի 15-ին Անահիտ Վիրաբյան անուն-ազգանունով օգտատերը հայտարարել էր, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն իրեն սեռական բնույթի հայհոյանք է գրել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, եւ հրապարակել էր անպարկեշտ նամակը: Պատգամավորի եւ տիկնոջ միջեւ խնդիրը եղել էր այն, որ Տաթեւ Վիրաբյանը, տեսնելով Աղազարյանի վիրավորական ու հայհոյախառը գրառումները զոհվածների թեմայով, անձնական նամակ էր գրել պատգամավոր Աղազարյանին եւ նախատել ու ամոթանք տվել: Ի պատասխան՝ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը նրան եւս հայհոյել էր: Իհարկե, դրանից հետո ծերունի պատգամավորը հայտարարեց, թե իր էջը, կարծես թե, կոտրել են, սակայն փաստերը հրապարակված էին, իսկ Աղազարյանը հայհոյելու համար այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց մինչ օրս: Աղազարյանը պատասխանատվության չի ենթարկվել նաեւ այս տարվա սեպտեմբերի 27-ին զոհված զինծառայողների ծնողներին Եռաբլուրում հայհոյելու, դրանից առաջ էլ Արաբկիր վարչական շրջանում քաղաքացու կարտոֆիլը ոտքով հրելու եւ թափելու համար: Այսինքն՝ իրավապահ համակարգը տոտալ անգործության է մատնված, եւ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, փոխանակ քրեական արարքներ գործած օրենսդրին պատժի, Տաթեւ Վիրաբյանին է կալանավորել:

 

 

Խնամի-ծանոթ-բարեկամներին պետական համակարգում տեղավորելու արատավոր պրակտիկային վերջ տալու եւ այդ ամոթալի էջը մեր պատմության մեջ փակելու խոստում տված Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները շարունակում են խաբել հասարակությանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ խմբակցության գյումրեցի պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը եւ ամուսինը աշխատանքի են տեղավորվել ՀՀ Ազգային ժողովում: Այսպիսով, ՔՊ-ական պատգամավորի ամուսինը՝ Ալբերտ Մարտիրոսյանը, հենց կնոջ՝ Էմմա Պալյանի օգնականն է ԱԺ-ում: Թե ինչով է կոնկրետ օգնում Ալբերտը Էմմային, պարզ չէ, քանի որ մինչ այս Ալբերտը գործազուրկ է եղել: Թերեւս հիմա զուտ աշխատավարձ է ստանում: Իսկ ինչ վերաբերում է պատգամավորի եղբորը՝ Հայկ Պալյանին, ապա նա էլ ՔՊ-ական մյուս պատգամավորի՝ Կարեն Սարուխանյանի օգնականն է: Հայկ Պալյանը նաեւ ՔՊ-ի համար հայհոյախոսող «ֆեյք է աշխատում»: Հիշեցնենք, որ մինչ 2021 թվականը Էմմա Պալյանն ինքն էր գյումրեցի պատգամավոր Կարեն Սարուխանյանի օգնականը, իսկ 2021թ.-ի գարնանը վերցրեց պատգամավորական մանդատը: Էմմա Պալյանը նաեւ ԱԺ-ում վայելում է Ալեն Սիմոնյանի հովանավորությունը, քանի որ մինչ հեղափոխությունը Պալյանն Ալեն Սիմոնյանի ղեկավարած «Արարատնյուզ»-ում էր աշխատում: «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է թեմային, թե ինչպես են ՔՊ-ականներն իրենց ընտանիքի անդամներին, բարեկամներին եւ ընկերներին ԱԺ-ում եւ այլ պետական կառույցներում աշխատանքի տեղավորում: Այսպիսով, ստացվում է, որ նախկինների ԽԾԲ-ն քննադատող թավշյահեղափոխականները ոչ միայն չեն հրաժարվում այս արատավոր բարքից, այլեւ մեծ հաճույքով շարունակում ու ծաղկեցնում են այն:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի կարճման որոշումը: ՀՀ դատախազությունը հաստատեց, որ Գեղամ Պետրոսյանը կապ չունի իրեն մեղսագրվող սպանություն արարքի հետ: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Գեղամ Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գեւորգյանը դիմում էր ներկայացրել նախաքննական մարմին, որպեսզի Գեղամ Պետրոսյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվի, եւ նա արդարացվի: Ինչպես հայտնի է, 2019 թվականի օգոստոսի 4-ին «Երեւան Կենտրոն» ՔԿՀ-ից կամ բոլորին հայտնի «ԿԳԲ-ի պադվալից» ազատ արձակվեց «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանը: Անցել է շուրջ 3 տարի, սակայն Գեղամ Պետրոսյանի ազատ արձակվելուց հետո որեւէ քննչական գործողություն չէր արվում, եւ քրեական գործը մնացել էր Հակակոռուպցիոն կոմիտեի դարակներից մեկում: Հիշեցնենք, որ Գեղամ Պետրոսյանը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ին հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին սպանելու համար: Նրան մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ սպանություն: Վերջինիս նախաքննական մարմինը կալանավորել էր, քանի որ քրեական գործով Գեղամ Պետրոսյանի դեմ ցուցմունք էր տվել ոստիկանության զորքերի ենթասպա Ալեքսանդր Ազարյանը՝ հայտնելով, թե տեսել է՝ ինչպես է Գեղամ Պետրոսյանը կրակել Զաքար Հովհաննիսյանի վրա: Ավելի ուշ փորձաքննության արդյունքները ցույց տվեցին, որ իրականում Պետրոսյանի զենքի եւ դիակում եղած պարկուճի տեսակները չեն համընկնում, եւ այդ հիմքով Պետրոսյանն ազատ արձակվեց: Նշենք, որ 2008 թվականի մարտի 1-ին սպանված 10 հոգուց որեւէ մեկի սպանության դեպքը բացահայտված չէ, չգիտենք՝ ով գնդակահարեց Երեւանի կենտրոնում 10 քաղաքացու: Նիկոլ Փաշինյանն իր այդ խոստումը եւս չկատարեց։ Եւս մեկ հիշեցում. դեռ 2019 թվականի հուլիսի 12-ին «5-րդ» ալիքի եթերում Աժ պատգամավոր Թագուհի Թողմասյանը, անդրադառնալով Գեղամ Պետրոսյանի դեմ հարուցված քրեական գործին, հայտնել էր. «Ինձ համար մտահոգիչ է, որ մենք ունենք հանրությանը դուր գալու համար արդարադատություն։ Սա նույնքան անընդունելի է, որքան զանգովի արդարադատությունը։ Մենք չենք կարող որեւէ մեկի քիմքին հաճոյանալու համար արդարադատություն իրականացնել»։ Ինչ վերաբերում է 2008թ. մարտի 1-ին սպանության համար մեղադրվող Գեղամ Պետրոսյանին, Թագուհի Թովմասյանը դեռ 2019-ին ասել էր. «Գեղամ Պետրոսյանի մասով բացահայտման վերջին դեպքը այդ շարքից է: Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ է մեղադրվում. կարդացի, որ որեւէ առնչություն չունի, եւ փորձագիտական եզրակացությունն արդեն կա, որ իրեն ամրակցված զենքը եւ Հովհաննիսյանի մարմնի պարկուճները չեն համապատասխանում։ Ինքը չի կրակել։ Այսինքն՝ սա նշանակում է, որ պետք է նրան անմիջապես ազատ արձակել։ Եթե նա անմեղ է, պետք է ազատ արձակել, որքան էլ չուզենանք»։ Այդպես էլ եղավ, մինչդեռ այդ ժամանակ ՔՊ-ականները քննադատում էին իրենց գործընկեր Թովմասյանին:

 




Լրահոս