ԱՐՑԱԽԸ ՉԻ՞ ՀԱՆՁՆՎԵԼ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախը հանձնված չէ. «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը հայտարարեց, որ  Սամվել Շահրամանյանն Արցախը լուծարելու փաստաթուղթ չի ստորագրել:

 

-Պարո՛ն Սարգսյան, Դուք՝ որպես Ստեփանակերտի քաղաքապետ, ի՞նչ կասեք, ի՞նչ էր կատարվում վերջին օրերին Ստեփանակերտում, ինչո՞ւ, ի վերջո, հանձնվեց Արցախը:

-Խաղ է կատարվել, Արցախը չի հանձնվել, մարդկանց անվտանգության համար են իրենց տարհանել, արդեն հակառակորդը շրջապատել էր Արցախը եւ իր գործողություններն էր շարունակում: Մարդկանց տեղահանել են, որպեսզի որեւէ վնաս չպատճառեն նրանց: Արցախը չի հանձնվել: Մարդիկ ասում են, որ Արցախը լուծարվել է, բայց նման բան չկա:

-Փաստացի ստորագրվել է այդ փաստաթուղթը:

-Ոչ մի բան էլ չի ստորագրվել, ոչինչ չի ստորագրվել:

-Բայց պարոն Շահրամանյանն ինքն է ստորագրել այդ փաստաթուղթը, եւ հունվարի 1-ից, համաձայն այդ փաստաթղթի, լուծարվում է Արցախը:

-Չկա նման բան, որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել:

-Այդ դեպքում ի՞նչ է ստորագրվել. ինքն է այդ մասին հայտնել, որ ստորագրել է:

-Եղել է խորհրդակցության նման մի բան, արդյունքում որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել: Նախագահը կամ որեւէ արցախցի չէր կարող ստորագրել, որ Արցախը լուծարվի:

-Պաշտոնապես ինչո՞ւ են հայտարարել այդ դեպքում:

-Չեմ կարող ասել, սակայն անձամբ ինձ նա ասել է, որ ոչինչ ստորագրված չէ: Ես էլ վստահ եմ դրանում, որ Սամվելը որեւէ թուղթ չի ստորագրել:

-Պարո՛ն Սարգսյան, ասում եք, որ միայն անվտանգային խնդիրներից ելնելով՝ Արցախը դատարկվեց, բնակչությունը տարհանվեց, այսինքն՝ ըստ էության, չի հանձնվել, սակայն փաստ է մնում այն, որ այսօր Արցախի ԱԺ-ի, կառավարության շենքերի վրա բարձրացված է Ադրբեջանի դրոշը:

-Ազգային ժողովի շենքի վրա Ադրբեջանի դրոշ չկա, ընդամենը մեկ տեղում է նրանց դրոշը  բարձրացված:

-Ադրբեջանական կողմը պարբերաբար հրապարակումներ է անում, որում երեւում է, որ այդ շենքերի վրա բարձրացված է իրենց դրոշը:

-Վերածննդի հրապարակում է բարձրացված: Առաջ այդ տեղում Լենինի արձանն է եղել:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

ՄԱՆԴԱՏԻՑ ՉԻ ՀՐԱԺԱՐՎԻ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Հանրային ձայն» կուսակցության ընտրացուցակի առաջին համարը՝ Արտակ Գալստյանը, որը կալանքի տակ է, պահանջել է իրեն ազատ արձակել։ Նա դրա դիմաց խոստացել էր, որ վայր կդնի Երեւանի ավագանու անդամի իր մանդատը:

 

Բանն այն է, որ նախապես պայմանավորվածություն է եղել, որ «Հանրային ձայն»-ի առաջին համարը՝ կալանավորված Արտակ Գալստյանը, եւ երկրորդ համարը՝ Տիգրան Ուրիխանյանը, որի նկատմամբ հետախուզում է հայտարարված, հոկտեմբերի 17-ին պետք է հայտարարեին ավագանու անդամի մանդատները վայր դնելու մասին:

Արտակ Գալստյանը վերջին պահին զղջացել է ու նոր պահանջ առաջ քաշել, թե վայր կդնի իր մանդատը միայն այն դեպքում, եթե իրեն ազատ արձակեն բանտից:

Հիմա ստացվում է, որ Տիգրան Ուրիխանյանը եւս խաբված է, քանի որ նրան նախապես տեղեկացրել են, թե ինքը եւ Արտակ Գալստյանը պետք է հայտարարեն մանդատներից հրաժարվելու մասին, բայց վերջին պահին պայմանավորվածությունը խախտվել է:

Տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ճշտել «Հանրային ձայն»-ի փոխնախագահ Վահան Ավագյանից: Վերջինս հաստատեց մեր տեղեկությունը: «Ես չեմ հերքում այդ տեղեկությունը։ Ասեմ ավելին՝ Արտակ Գալստյանի քրեական գործի հիմքում հենց այդ փաստն է դրված, որ ինքն ավագանու անդամ է եւ հենց հետապնդումների արդյունքում է  հիմա գտնվում կալանքի տակ: Արտակ Գալստյանը մանդատը վայր չի դնի։ Նա սպասում է, որ դատը լինի, քանի որ ապացուցողական բազան շատ թույլ է կամ գոյություն չունի, ես սա փաստաբանական կոնսուլտացիաների հիման վրա եմ ասում: Ուստի Արտակ Գալստյանը գտնում է, որ մանդատը չի դնելու, ես էլ իմ կողմից ավելացնեմ, որ նա մեր կուսակցության նախագահն է՝ առաջին համարը, ինչու՞ պետք է մանդատը վայր դնի: Նույն նախադեպը մենք ունենք նաեւ Վանաձորում. Մամիկոն Ասլանյանը երկու տարի է՝ մանդատը վայր չի դնում: Սա բնականոն գործընթաց է, ինչո՞ւ Արտակ Գալստյանը պետք է մանդատը վայր դնի։ Հավելեմ, որ շատ մարդիկ «Հանրային ձայն»-ին ընտրել են հենց Արտակ Գալստյանի համար։ Քաղաքում նրա նկարներով պաստառներն էին, այսինքն՝ ինքը եթե մանդատը վայր դնի, կստացվի, որ իր ընտրողներին ասում է՝ իզուր եք ընտրել»,- ասաց Վահան Ավագյանը:

Ք.  ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

Ի՞ՆՉ ԿՆԱԽԱՁԵՌՆԵՆ

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայից հետո Արցախի կառավարության անդամները եւ պատգամավորները տեղափոխվել են Հայաստան: Արցախի Հանրապետության կառավարությունը՝ նախագահ Սամվել Շահրամանյանի ղեկավարությամբ, իր գործառույթներն իրականացնում է ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում, որտեղ տարբեր հանդիպումներ է ունենում: Արցախի պատգամավորներն էլ իրենց հերթին են տարբեր շրջանակների հետ հանդիպումներ ունենում, առանց որեւէ իրական արդյունքի: Տպավորություն է, սակայն, որ արցախցի պաշտոնյաները եւ պատգամավորները ինչ-որ բանի են սպասում: «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է բարձրաձայնել, որ Արցախի կառավարությունը եւ պատգամավորները պետք է արտահերթ նիստ հրավիրեն եւ բարձրացնեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը եւ պետությունը լուծարելու որոշումը չեղարկեն, որպեսզի միջազգային երաշխիքների պայմաններում հնարավոր լինի ապահովել արցախցիների անվտանգ վերադարձը հայրենիք: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի լուծարման փաստաթուղթը ստորագրած նախագահ Սամվել Շահրամանյանն է պատգամավորներին զսպում, որպեսզի նման բան չնախաձեռնեն, մինչեւ ինքը հանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ ու համաձայնեցնի իրենց քայլերը: Փաշինյանն էլ չի հանդիպում, քանի որ խուսափում է բարկացնել Ալիեւին: «Ժողովուրդ» օրաթերթը Արցախի անկախ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ ինչու պատգամավորները արտահերթ նիստ չեն հրավիրում, որպեսզի ինքնորոշման հարց բարձրացնեն: Մեր հարցին ի պատասխան՝ վերջինս ասաց, որ դեռ անվտանգային մի շարք հարցեր կան, որոնք պետք վերլուծեն, ինչից հետո նոր իրենց անելիքները կորոշեն. «Հիմա որոշակի խնդիրներ կան, շատ փակ թեմաներ կան, որոնք վերաբերում են անվտանգային հարցերին. մինչեւ այդ փակ թեմաները չքննարկվեն, չենք կարող քայլ անել: Մենք չպետք է վտանգենք ժողովրդի կյանքը: Իրավիճակը բազմակողմանի վերլուծելուց հետո միանշանակ կլինի համապատասխան հայտարարություն, հանրությունը տեղյակ կլինի մեր քայլերից: Այս պահին դեռ որոշակի թեմաներ կան, որոնք պետք է բազմակողմանի վերլուծության ենթարկել. շտապողականությունը լավ չէ»: Արդյոք Սամվել Շահրամանյանը որեւէ կերպ խոչընդոտո՞ւմ է նրանց այս հարցում. հարցին պատգամավորը պատասխանեց. «Կոնկրետ Սամվել Շահրամանյանը չի կարող ինչ-որ բան թույլ տալ կամ չտալ. ինքն ԱԺ-ի վրա որեւէ լիազորություն չունի, ընդհակառակը, ԱԺ-ն ունի լծակներ»: Ի դեպ, ուշագրավ է, որ Արցախի լուծարման փաստաթուղթը ստորագրած Սամվել Շահրամանյանը տարօրինակ լռություն է պահում: Մինչ փորձագիտական շրջանակները, ընդդիմադիրները պնդում են, որ նրա ստորագրած փաստաթուղթը իրավական որեւէ ուժ չունի, քանի որ ճնշման տակ է ստորագրվել, Շահրամանյանը խուսափում է խոսել ու պարզաբանում տալ՝ ի վերջո ինչ է ստորագրել: Կարեն Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք նաեւ՝ արդյոք Արցախի պատգամավորները՝ որպես քաղաքական բարձրագույն մարմնի ներկայացուցիչներ, պատրաստվում են հայտարարել, որ իրենք եւս Սամվել Շահրամանյանի ստորագրած փաստաթուղթն առոչինչ են համարում, քանի որ այն պարտադրանքի ներքո է ստորագրված: «Ես իմ հանրային խոսքում հայտարարել եմ, որ Արցախի Հանրապետությունը ձեւավորվել է համընդհանուր հանրաքվեի միջոցով, հետեւաբար որեւէ պաշտոնյայի կամքից երկրի՝ գոյություն ունենալը կամ չունենալը չի կարող կախված լինել: Ինչպես գիտենք, պետության երեք սյուները՝ գործադիր, օրենսդիր եւ դատական, իրարից անկախ են, եւ յուրաքանչյուրի գործառույթները հնարավոր է հակակշռել»,- ասաց Հովհաննիսյանը: Թե ինչ կնախաձեռնեն Արցախի պատգամավորները եւ վտարանդի կառավարությունը, կտեսնենք առաջիկայում, բայց մի բան հստակ է՝ ժամանակը մեր դեմ է աշխատում, եւ հապաղելը միայն վնասելու է քայլերի արդյունավետությունը:

 




Լրահոս