ՓՈՐՁԵԼ Է ԽԵՂԴԵԼ ՀՈՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Անդրանիկ Վլադիմիրի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2023 թվականի հունիսի 15-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, անկողնային հիվանդ վիճակում գտնվող հորը՝ Վլադիմիր Պետրոսյանին խեղդելու եղանակով կյանքից զրկելու դիտավորությամբ բարձը դրել է նրա դեմքին եւ փորձել է խեղդել նրան՝ միաժամանակ բղավելով. «Մեռի, դուք բոլորդ պետք է մեռնեք»։ Սակայն իր դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը նրա կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել, քանի որ նույն պահին Վլադիմիր Պետրոսյանի ննջասենյակ է մտել թոռնիկը՝ Արթուր Առաքելյանը, որը հանդիսանում է նաեւ Անդրանիկ Պետրոսյանի քրոջ որդին, եւ անմիջապես մոտենալով Անդրանիկ Պետրոսյանին՝ երկու ձեռքերով թիկունքից քաշել է մի կողմ, ձեռքից վերցրել բարձը, որից հետո սկսել են քաշքշել միմյանց։ Այդ ժամանակ ննջասենյակ են մտել նաեւ Միլանյա Առաքելյանը եւ Ամալյա Պետրոսյանը:

 

Անդրանիկ Պետրոսյանը կոտրել է խոհանոցի դռան ապակին եւ բռունցքով մեկ անգամ հարվածել Արթուր Առաքելյանի ճակատի հատվածին, այնուհետեւ նրան հաջողվել է քեռուն տանից դուրս հանել, ինչի արդյունքում Անդրանիկ Պետրոսյանին չի հաջողվել իրագործել իր դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը:

Բացի այդ, նշված միջադեպից մոտ 5 րոպե անց, արծաթափայլ դանակը վերցնելով իր աջ ձեռքը, Արթուր Առաքելյանի կողմից նրա չիրագործած դիտավորության խոչընդոտումն օգտագործելով որպես վրեժի շարժառիթ, տան մուտքի աստիճանների վրայով թռչել է, այնուհետեւ վազելով՝ մոտեցել է տան ավտոտնակում գտնվող Արթուր Առաքելյանին եւ այս անգամ իր համար իմաստավորված եւ նպատակային գործողություններով որպես թիրախ է ընտրել իր հակաբարոյական գործողություններին արձագանքած Արթուր Առաքելյանին ու նրան ապօրինի կյանքից զրկելու դիտավորությամբ մեկ անգամ նախապես հարմարեցված կտրող-ծակող առարկայի՝ դանակի գործադրմամբ հարվածել է նրա կենսական կարեւոր օրգանին՝ կրծքավանդակի հատվածին՝ միաժամանակ նրա հասցեին տալով սպանության սպառնալիքներ։

Երբ փորձել է կրկին հարվածներ հասցնել Արթուր Առաքելյանի մարմնի տարբեր հատվածներին՝ իր դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը ավարտին հասցնելու նպատակով, Արթուր Առաքելյանը դիմադրել է, բռնել եւ ամուր սեղմել է նրա աջ ձեռքը, պառկեցրել է ավտոտնակում գտնվող սեղանի վրա։ Այդ ժամանակ Արթուր Առաքելյանին օգնության է հասել նաեւ մայրը՝ Միլանյա Առաքելայնը, որը կրկին բռնել է Անդրանիկ Պետրոսյանի աջ ձեռքը, սեղմել այն վերջինիս վնասազերծելու նպատակով, սակայն Անդրանիկ Պետրոսյանը իր դիտավորության մեջ ընդգրկված հանցանքն ավարտին հասցնելու նպատակով կրկին բաց չի թողել դանակը։

Այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց Արթուր Առաքելյանի շարունակական ուժի գործադրման արդյունքում հաջողվել է վնասազերծել Անդրանիկ Պետրոսյանին եւ նրա ձեռքից խլել դանակը, ինչի արդյունքում Անդրանիկ Պետրոսյանը հեռացել է դեպի տուն եւ իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել իրագործել իր դիտավորթյան մեջ ընդգրկված հանցագործությունը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հոկտեմբերի 16-ին սպանություն է տեղի ունեցել Ալավերդիում։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Աքորի գյուղի 2-րդ փողոցում խափանվել է Արթուր Սիմոնյանի մեքենան ու ճանպարհային երթեւեկության համար խոչընդոտներ ստեղծել։ Մյուս համագյուղացի Արտակ Սիմոնյանն Արթուրի հասցեին հնչեցրել է հայհոյանքներ, ու սկսվել է վիճաբանություն։

Վիճաբանության ժամանակ Արթուրի որդին՝ Դավիթը, դանակով հարվածել է Արտակ Սիմոնյանին։ Ստացած հարվածներից Արտակ Սիմոնյանը մահացել է։

Դեպքի վայր են շտապել իրավապահները։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ Դավիթը ձերբակալվել է, իսկ նրա հորը՝ Արթուրին,  բաց են թողել։ Իրավապահները փնտրում են դանակը, որով կյանքից զրկել են Արտակ Սիմոնյանին։

Ի դեպ, Ալավերդիում տարածված լուրերի համաձայն՝ սպանված Արտակ Սիմոնյանը եւ Արթուր, Դավիթ Սիմոնյանները հոր հորեղբոր որդիներ են։

 

 

ԲՌՆՈՒԹՅՈՒՆ՝ «ԶԱՏԻԿՈՒՄ»

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Զատիկ» երեխաների աջակցման կենտոնում հոկտեմբերի 6-ին ուշագրավ դեպք է տեղի ունեցել:

Հոկտեմբերի 6-ին Ավանի հոգեկան առողջության կենտրոն բուժօգնության է դիմել 15-ամյա Ն. Բաբայանը: Բուժանձնակազմի պնդմամբ՝ երեխայի մոտ նախնական ախտորոշմամբ «սուր հալյուցինատոր համախտանիշ» է արձանագրվել: Երեխան պնդել է, որ իր հանդեպ բռնություն են գործադրել եւ սեռական բնույթի գործողություն կատարել: Փաստացի երեխան նշել է այն անձանց անունները, որոնք իրեն ոչ միայն բռնության են ենթարկել, այլ նաեւ սեռական բնույթի գործողություններ կատարել:

«Ժողովուրդ» օրաթերթը դեպքի մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու նպատակով փորձեց կապ հաստատել «Զատիկ» երեխաների աջակցման կենտրոնի տնօրեն Կարինե Գասպարյանի հետ, սակայն ոչ մի կերպ չկարողացանք կապ հաստատել, քանի որ մեր զանգերը մնացին անպատասխան, իսկ հետո  տիկին Գասպարյանի  բջջային հեռախոսահամարը դարձավ անհասանելի:

Հավելենք, որ «Զատիկ» երեխաների աջակցման կենտրոնի տնօրենի հետ փորձել ենք կապ հաստատել՝ զանգահարելով կենտրոնի ադմինիստրացիայի բաժին: Նշենք, որ կենտրոնը առհասարակ չի պատասխանում ոչ մի հեռախոսազանգի:

Հիշեցնենք, որ առավել մանրամասն տեղեկություններ դեպքի առթիվ արդեն հրապարակել էինք եւ նշել այն տղանների անունները, որոնք, երեխային ենթարկելով բռնության, սեքսուալ բնույթի գործողություններ են կատարել:

ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ,

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ Է ԵՂԲՈՐԸ

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 01:50-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «որովայնի շրջանի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել Չարեքտար գյուղի 40-ամյա բնակչի:

Ոստիկանությունից հայտնում են, որ, ըստ բժշկի տեղեկանքի, նա ի վիճակի չէ բացատրություն տալու:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ժամը 04.10-ին, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, ՊԾ Լոռու մարզի պարեկները ոստիկանության Գուգարքի բաժին են տեղափոխել 40-ամյա տղամարդու 27-ամյա եղբորը: Բացատրական աշխատանքի շնորհիվ՝ նա հայտնել է, որ ինքն է դանակով խփել եղբորը: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ:

27-ամյա երիտասարդը եւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզի քննչական վարչություն:

 

ԹՄՐԱՆՅՈՒԹԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԴԵՆԻՍՈՒՄ

Ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախուզության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Վարդենիսի բնակիչ, 23-ամյա մի երիտասարդ ապօրինի կանեփ է աճեցնում, պատրաստած թմրանյութն էլ իրացնում է համագյուղացիներին:

Ոստիկանությունից  հայտնում են, որ դեպքի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ: Ստացված տեղեկություններն իրացնելով՝ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի եւ Գեղարքունիքի մարզային վարչությունների, Վարդենիսի բաժնի ծառայողների եւ  Վարդենիսի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 2-ին խուզարկվեց 23-ամյա վարդենիսցու փաստացի բնակության վայրը` իր օժանդակ շինություններով, եւ Սոթքում գտնվող նրա առանձնատունն ու կից շինությունները: Փաստացի բնակության վայրից հայտնաբերվեց ընդհանուր 160 գրամից ավելի, իսկ Սոթքի առանձնատնից՝ 570 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված:

Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, որի հումք կանեփն ինքն է աճեցրել: Հաստատվեց նաեւ երեք համագյուղացիներին թմրանյութ իրացնելու տեղեկությունը:

Նույն օրը երիտասարդը ձերբակալվեց եւ տեղափոխվեց ոստիկանության Վարդենիսի բաժին, իսկ հոկտեմբերի 3-ին նրան մեղադրանք առաջադրվեց. խափանման միջոց ընտրվեց կալանքը:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:




Լրահոս