ԿԱՆ ԹԱՓՈՒՐ ՄՆԱՑԱԾ ՀԱՍՏԻՔՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԿԳՄՍ նախարարության կողմից հավաքագրվել են ՀՀ մարզերում գործող հանրակրթական ուսումնական հաստատություններում առկա ուսուցիչների թափուր հաստիքները, որոնք զբաղեցնելու համար Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են դիմել արտամրցութային կարգով:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, արդեն գործարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության հարթակը, որտեղ, ըստ քայլերի հաջորդականության, ներկայացված է, թե ուսուցիչները ինչպես պետք է ՀՀ մարզեր ուսուցիչների գործուղման համակարգում գրանցվեն եւ հայտ ներկայացնեն: Հարթակի գործարկման պահին ուսուցիչների թափուր հաստիքների թիվը կազմել է 1422. հոկտեմբերի 17-ի դրությամբ այդ թիվը նվազել է (1385):

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ թափուր հաստիքներ են առկա գրեթե բոլոր առարկաներից:

«Մենք մշտապես խոսում ենք այն մասին, որ բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչների մեծ բաց ունենք, բայց դատելով հավաքագրված բազայից՝ այնպես չէ, որ միայն բնագիտական առարկաներից են թափուր հաստիքները: Գրեթե բոլոր առարկաների մասով առկա են թափուր հաստիքներ, եւ բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչներն էլ հնարավորություն կունենան ընտրելու իրենց մասնագիտությանը համապատասխան աշխատանք: Իհարկե, կան թափուր հաստիքներ, որտեղ դասաժամերի քանակը քիչ է, բայց ԿՏԱԿ-ի հարթակում տեղադրված է մանրամասն տեղեկատվություն, թե որ դպրոցում որ առարկայից կա թափուր հաստիք, քանի դասաժամով, եւ որքան կկազմի աշխատավարձը տվյալ ժամաքանակով աշխատելու պարագայում: Դիմողը կարող է ուսումնասիրել ու հասկանալ՝ իրեն որքանով է հարմար այդ աշխատանքը»,- պարզաբանում է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Արաքսիա Սվաջյանի տեղեկացմամբ՝ նախարարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 400 ուսուցիչներից դիմումներ է ստացել, հավաքագրվել են նրանց տվյալները, եւ ստեղծվել է բազա. «Մեր ունեցած տեղեկություններով՝ ԼՂ-ում աշխատում էին շուրջ 1500 ուսուցիչներ: Ունենք տեղեկատվություն, որ հանրապետության տարբեր մարզերում շուրջ 100 ուսուցիչներ նախքան օժանդակության ծրագրի հաստատումը իրենց նախաձեռնությամբ արդեն դիմել էին իրենց բնակավայրերի դպրոցներ եւ անցել աշխատանքի»:

Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է նաեւ, որ հանրապետության բոլոր մարզերի դպրոցներում աշխատանքի անցնելիս ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կստանան 30 տոկոս հավելավճար, իսկ որոշ մարզերի՝ Սյունիքի, Վայոց ձորի հանրակրթական ուսհաստատություններում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ եւ Վարդենիս համայնքներում, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջեւան եւ Բերդ համայնքներում աշխատանքի անցնելու դեպքում, 30 տոկոս հավելավճարից բացի, կունենան նաեւ ամենամսյա 50 հազար դրամ լրավճար:

Հիշեցնենք՝ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի շահառու է հանդիսանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետեւանքով Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատած եւ «Հանրակրթության մասին» օրենքի պահանջներին համապատասխանող այն անձը, որը ցանկություն ունի աշխատելու ՀՀ մարզերի բնակավայրերի պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում։

Մարզերի պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում որեւէ առարկայից ուսուցչի թափուր տեղ առաջանալու դեպքում, սահմանված կարգով, ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին դիմող չլինելու կամ մրցույթը չկայանալու պարագայում ծրագրի շահառու հանդիսացող անձինք կարող են ներգրավվել այդ հաստատություններում՝ որպես ուսուցիչ:

Այս սկզբունքով շահառուների պայմանագրի ժամկետ է սահմանվում պայմանագրի կնքման պահից մինչեւ 2-րդ ուսումնական տարվա ավարտը։ Եթե շահառուն երկու անգամ չեղարկում է ներկայացված դիմումը, նա այլեւս առաջնահերթության իրավունք չի ունենում: Ընդ որում՝ ծրագրի շրջանակում կնքված պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում տվյալ ուսուցիչը զրկվում է ծրագրից կրկին օգտվելու իրավունքից։

 

 

ԱՄՓՈՓՈՒՄ՝ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ

Իսրայելական կործանիչները հարվածներ են հասցրել պաղեստինյան «Համաս» շարժման շտաբին. հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը։

 

«Գիշերը Իսրայելի պաշտպանության ուժերը հարձակվել են «Համաս» եւ «Ջիհադ» ահաբեկչական կազմակերպություններին պատկանող ռազմական օբյեկտների վրա: Իսրայելի պաշտպանության բանակի մարտիկները հարվածներ են հասցրել «Համաս» ահաբեկչական կազմակերպության շտաբին եւ սպանել «Համաս»-ի ռազմական գործակալին»,- ասվում է իսրայելական բանակի Telegram ալիքում:

«Թուրքիան հանդես կգա որպես Պաղեստինի երաշխավոր երկիր, եթե Իսրայելի հետ խաղաղ համաձայնագիր ձեռք բերվի»,- հայտարարել է այդ երկրի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

Ֆիդանը ավելի վաղ հայտնել էր, որ Անկարան առաջ է քաշել իսրայելա-պաղեստինյան սրացման կողմերի համար երաշխավորների համակարգի ստեղծման գաղափարը։ Միաժամանակ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը ընդգծել է, որ այն երկրները, որոնք հանդես կգան որպես երաշխավոր հատկապես Պաղեստինի համար, պետք է լինեն Մերձավոր Արեւելքի տարածաշրջանից։

«Դա վերաբերում է նաեւ Թուրքիային: Իսրայելի համար պետք է երաշխավոր լինեն այլ երկրներ: Երկու կողմերին հարմար պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո երաշխավոր երկրները պետք է պատասխանատվություն ստանձնեն դրա պահանջների կատարման համար: Միայն այդկերպ կարելի է հասնել կայուն խաղաղության»,-մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին «Համաս»-ի ավելի քան 1500 զինյալներ ճեղքել էին անվտանգության պատնեշը եւ Գազայի հատվածից ներխուժել Իսրայել։ Իսրայելը պատերազմ է հայտարարել «Համաս»-ին եւ հարվածներ է հասցնում հարյուրավոր թիրախների։ Իսրայելը նաեւ Գազայի լիակատար պաշարում է սկսել՝ դադարեցնելով ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի եւ այլ ապրանքների մուտքը։

Իսրայելում զոհերի թիվը գերազանցել է 1400-ը։ 150 մարդ պատանդ է վերցվել «Համաս»-ի կողմից։ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 2700-ի։

ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՈՉԻՆՉ ՉԻ՞ ԿԱՏԱՐՎԵԼ

Դիլիջանի համայնքը ներառում է համանուն քաղաքը եւ 6 գյուղեր։ Այդ խոշոր համայնքում վերջին երկու ամսում ոչ մի իրադարձություն չի՞ կատարվել։ Այդ հարցն է առաջանում, երբ բացում ես Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքը։ Այնտեղ վերջին լուրը տեղադրվել է օգոստոսի 29-ին. այն Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքից փոխառնված նյութ է Տավուշի մարզում անտառային եւ բուսածածկ տարածքների հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հետ մարզպետի հանդիպման մասին։ Ի դեպ, Տավուշի մարզպետն այդ խումբն արդեն լուծարել է։ Դրանից առաջ՝ օգոստոսի 17-ին, վերոհիշյալ կայքում տեղադրվել է տեղեկատվություն այն մասին, որ օգոստոսի 16-ին Դիլիջանի համայնքապետարանի կողմից Դիլիջանում հյուրընկալվել էր շախմատի գրոսմայստեր, Ռուսաստանի սպորտի վարպետ Դավիթ Պառավյանը:  Դիլիջան համայնքի ղեկավարն է Դիլիջանի քոլեջի շրջանավարտ, անձնական գործում իր սեռը «արու» գրած, ՔՊ կուսակցության Դիլիջանի կազմակերպության ղեկավար Դավիթ Սարգսյանը։

 

 

ՎԱՅՐԱԳՈՒԹՅՈՒՆ

Անհայտ անձը կամ անձինք հերթական անգամ ջարդել, կոտրել են Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքի Մայիսի 28-ի փողոցի բազում  եղեւնիներ։ Իջեւանի համայնքապետարանն այդ առթիվ հայտարարություն է տարածել, ուր ասվում է. «Խնդրում եւ զգուշացնում ենք զերծ մնալ նմանատիպ գործողություններից։ Այսպիսի ցանկացած դրսեւորում արժանի է հանրային պարսավանքի, դատապարտելի է եւ քրեորեն պատժելի»։

 

 

ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԿԿԱՅԱՆԱ

Բերդի համայնքապետարանը հայտնում է, որ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 16:00-ին, Բերդ քաղաքի Ժիրայր Անանյանի անվան մշակույթի  տանը կկայանա հանրային բաց քննարկում: «Լեռնամետալուրգիայի ինստուտուտ»  ՓԲԸ-ն, որը հանդիսանում է «Վալլեքս գրուպ» ընկերությունների խմբի անդամ, մտադիր է  Բերդ խոշոր համայնքի վարչական սահմաններում գտնվող Տավուշ-Խձորուտ հանքային դաշտի տարածքում գտնվող օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնել։ Հանրային քննարկման նպատակն է բացահայտել այդ թեմայի շուրջ հանրային կարծիքները, արձանագրել շահագրգիռ հանրության առաջարկություններն ու դիտողությունները։ Այդ թեմայով  հանրային քննարկումը նախատեսված էր սեպտեմբերի  28-ին, սակայն «Lեռնամետալուրգիայի ինստուտուտ» ՓԲԸ տնօրինությունը, նկատի ունենալով Արցախից  Հայաստան բնակչության զանգվածային բռնագաղթը, որոշել էր  հետաձգել հանրային քննարկումը: Բերդ համայնքի բնակիչների  մեծամասնությունը բացասաբար է վերաբերվում նշված տեղամասում  օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության  աշխատանքներ իրականացնելուն։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս