ԱԺ-ՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԻՑ ՇԱՏ ԲԵՆԶԻՆ ԵՆ ԾԱԽՍՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի պաշտոնյաները, ավելի ճիշտ՝ ՔՊ-ականները, սահմանաչափից շատ բենզին են օգտագործում՝ փաստացի չհիմնավորելով, թե ինչու: Սա Նիկոլ Փաշինյանի քննադատած «պադավատապետությունն» է: «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՀ Ազգային Ժողով՝ պարզելու, թե վերջին մեկ տարում (01/09/2022-31/08/2023) որքան բենզին են ծախսել ԱԺ բոլոր հանձնաժողովների նախագահներին սպասարկող ավտոմեքենաները: Նաեւ խնդրել էինք պարզաբանել, թե ԱԺ պաշտոնյաները սահմանված չափից ավել որքան բենզին են ծախսել եւ ինչ անհրաժեշտությամբ: Պատասխան, իհարկե, ստացել ենք, սակայն դրանից ենթադրվում է, որ Աժ-ում խմբակ է գործում, որը պետության միջոցները մսխելու գործընթացը քողարկում է: Մեր ստացած պատասխանից բխում է, որ այդ խմբի կարկառուն ներկայացուցիչներից կարող են լինել ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը եւ պատասխանը ստորագրած Լաուրա Անտոնյանը: Եւ այսպես, ըստ ԱԺ պաշտոնական պատասխանի՝ ՀՀ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահին՝ Սարգիս Խանդանյանին սպասարկող ծառայողական մեքենային ի սկզբանե հատկացված է եղել 3600 լիտր բենզին, սակայն հետագայում հավելյալ 170 լիտր էլ տրամադրվել է: Թե ինչու է հավելյալ բենզինի կարիք ունեցել Խանդանյանին (նրանից առաջ՝ Էդուարդ Աղաջանյանին) սպասարկող մեքենան, ԱԺ պաշտոնական պատասխանում չկա: Ուսումնասիրելով նրանց գործունեությունը՝ պետք է ասել, որ նրանք գրեթե չեն եղել մարզերում, լավագույն դեպքում ԱԺ-ում ընդունել են միջազգային ներկայացուցիչների: ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ հետ չի մնացել իշխանավոր ընկերներից, եւ իրեն սպասարկող մեքենային հատկացված 3600 լիտրին եւս 290 լիտր բենզին ավելացնելու կարիք է եղել մեկ տարվա ընթացքում: Հիշեցնենք, որ սա նույն Անդրանիկ Քոչարյանն է, որը նաեւ օպերատիվ արտոնյալ համարանիշներով է շրջում, անցնում է կարմիր լույսի տակով եւ չի տուգանվում: Նա ամենաանպատիժ պաշտոնյաներից է դեռ:

Շարունակությունը՝ ArmLur.am կայքում

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակաբար կհրապարակի այս շարքը

 

 

Սյունիքի մարզում միջանցք բացելու թեման, կարծես թե, փակված չէ։ Բանն այն է, որ բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնները շարունակում են բարձրաձայնել եւ խոսել այդ միջանցքի մասին՝ յուրաքանչյուր հայտարարության մեջ յուրաքանչյուրը նկատի ունենալով իր մտքինը: Եվ այսպես, Թուրքիան եւ Ադրբեջանն ամեն անգամ հայտարարում են, թե այս միջանցքը պետք է բացվի։ Օրինակ՝ սեպտեմբերին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո, Ալիեւը հայտարարել էր. «Ադրբեջանը Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ կապող երկաթուղու շինարարությունը հաջող է ընթանում։ Ադրբեջանի տարածքում աշխատանքները, ամենայն հավանականությամբ, պետք է ավարտվեն հաջորդ տարվա վերջին»։ Իսկ աշխարհաքաղաքական որեւէ այլ կենտրոն մինչ օրս չի հայտարարել այդ միջանցքի կամ ճանապարհի չլինելու մասին։ Տպավորություն է ստեղծվում, թե այսպիսով աշխարհում կա կոնսենսուս՝ Հայաստանը պետք է տրամադրի այս միջանցքը Ադրբեջանին, բայց չկա կոնսենսուս՝ ինչ փաստաթղթի հիման վրա պետք է այն լինի եւ ինչ կարգավիճակով: Արդյոք խոսքը 2020 թվականին կնքված եռակողմ համաձայնագրի՞ մասին է՝ կնքված Փաշինյանի, Պուտինի ու Ալիեւի միջեւ, որտեղ կա այսպիսի ձեւակերպում. «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»: Արդյոք ճանապարհի վերահսկողությունը պետք է անի հայկակա՞ն կողմը։                                                      Շարունակությունը՝ ArmLur.am կայքում

 

 

 

 

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը պաշտոնը ստանձնել է 2023 թվականի հունվարի 26-ին, սակայն 2023 թ. ներկայացրած հայտարարագրում պաշտոնի հատվածում նշված է «Արտաքին գործերի նախարարի խորհրդական»։ Կոստանյանը հայտարարագիր ներկայացրել է մայիսի 30-ին՝ հայտարարգիր ներկայացնելու ժամկետի ավարտից մեկ օր շուտ։ Անհասկանալի է այն, թե ինչու է հայտարարագրում արտաքին գործերի փոխնախարարը իր իսկ պաշտոնը սխալ գրել։ Հիշեցնենք, որ սա նույն Վահան Կոստանյանն է, որին 2018 թ. հուլիսի 19-ին, ՀՀ կառավարության որոշմամբ, ընձեռնվեց 3 տարով ակադեմիական տարկետման իրավունքից օգտվելու հնարավորություն՝ ասպիրանտուրայում ուսանելու համար, որից հետո նա նշանակվեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական, ապա՝ ԱԺ նախագահի խորհրդական, եւ թողեց գիտությունը՝ փաստացի խաբելով ՀՀ կառավարությանը: Վահան Կոստանյանը հայտնել էր, որ Ազգային ժողովում նույնպես գիտությամբ կզբաղվի, եւ եթե սահմանված ժամկետում չպաշտպանի թեկնածուական ատենախոսությունը, անպայման բանակ կգնա։ 2021 թ. ապրիլի 16-ին՝ տարկետման ժամկետը լրանալուց 3 ամիս առաջ, Վահան Կոստանյանը, սակայն, ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից արդեն հիվանդության պատճառով։ Նշենք, որ Կոստանյանը նույն թվականի մայիսին, իր դիմումի համաձայն,   ազատվել է ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի ասպիրանտուրայից։ Այսինքն՝ Կոստանյանին ասպիրանտուրան պետք էր, որ որեւէ դեպքում բանակում չծառայի, եւ երբ այլ հիմքով դա ստացվեց, ասպիրանտուրան թողեց: Ինչ վերաբերում է նրա ունեցվածքին, ապա նշենք, որ Կոստանյանը որեւէ անշարժ գույք չի հայտարարագրել, սակայն կարծես Toyota մակնիշի մեքենայի սիրահար է։ Ըստ նրա՝ 2019 թ. ներկայացված տարեկան հայտարարագրի՝ Կոստանյանը Copart ամերիկյան ավտոաճուրդից 1800 դոլարով գնել է Toyota Camry մակնիշի մեքենա, երբ ԱԺ նախագահի օգնական էր։ Ըստ 2022 թ. հայտարարատու տարվա՝ Կոստանյանը նույն մեքենան գնել է 2018 թվականին։ Այսինքն՝ արտաքին գործերի փոխնախարարը ոչ միայն չի կարողանում սահուն խոսել եւ բովանդակալից նախադասություններ կազմել, այլ նաեւ չի կարողանում ճիշտ լրացնել սեփական եկամուտների մասին հայտարարագիրը եւ մույն մեքենան երկու անգամ արդեն գնել է։ Երբ Կոստանյանն ակտիվ հեղափոխական էր եւ պայքարում էր պարտադիր զինծառայության դեմ, չէր էլ կարող մտածել, որ մի օր իր տարեկան եկամուտները կաճեն՝ 276 հազարից դառնալով տարեկան 7 մլն 739 հազար դրամ, որը միայն աշխատանքի վարձատրությունն է ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ չհաշված գործուղումների համար ստացված օրապահիկները: Ըստ 2023 թ. ներկայացրած հայտարարագրի՝ նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 100 հազար դրամ, բանկային հաշիվների մնացորդները կազմել են 906 հազար դրամ, սակայն 2019 թ. ներկայացված հայտարարագրում փոխնախարարի ֆինանսական միջոցները կազմել են միայն 300 եվրո։ Այսինքն՝ հեղափոխական իշխանությունները, որոնք նախկիններին մեղադրում էին պետության հաշվին գումարներ եւ ունեցվածք դիզելու համար, այժմ էլ իրենք են նույն գործով զբաղված եւ՝ առավել ինտենսիվ։

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ գրել էր, որ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը աշխատանք չունեցող ամուսնուն իրեն օգնական է նշանակել, եւ վերջինս ԱԺ-ից աշխատավարձ է ստանում, ինչից հետո ՔՊ-ականը պարզաբանեց, թե ամուսինը հասարակական հիմունքներով օգնական է: Շատ բարի: «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով պատգամավորի ամուսնու՝ Ալբերտ Մարտիրոսյանի հայտարարագիրը, նկատեց, որ վերջինս 2022թ.-ին 1մլն 729 հազար դրամով Գյումրու համայնքապետարանից հողատարածք է գնել, ընդ որում՝ առձեռն: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս պատգամավորի ամուսինը, առանց վճարվելու աշխատելով ԱԺ-ում (հայտարարագրում էլ նշված է, որ ամուսինը գործազուրկ է եղել մինչեւ կնոջ օգնական նշանակվելը), միաժամանակ Գյումրիում արտոնյալ աճուրդով տարածք է գնել: Հասկանալի է, որ Էմմա Պալյանն է, որ օգտագործելով իր պատգամավորական կապերը, կարողացել է աճուրդի հաղթանակն ապահովել, ինչպես ավանդաբար: Էմման, իհարկե, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Ես չեմ կարծում, թե դա մեծ գումար է. իմ աշխատավարձը նաեւ նրա կուտակած գումարը թույլ է տվել, որ միասնական ուժերով գնենք այդ հողատարածքը: Նա մինչ այդ անհատ ձեռներեց է եղել, ավտոպահեստամասերի խանութ է ունեցել, բայց հետո գործերի անհաջողության պատճառով դադարեցրել է ԱՁ-ի գործունեությունը: Այդ տարիների ընթացքում կարողացել է որոշակի գումար կուտակել, ավելացնեմ նաեւ, որ հողատարածքի գնման ժամանակ իմ ամուսինը գումար է ունեցել նաեւ ավտոմեքենայի վաճառքից. հայտարարագրում էլ դա նշված է»: Ահա այսպես անհաջող բիզնեսմեն ամուսինը, ըստ Պալյանի, մասնակցել է բաց մրցույթի, հող գնել, եւ ոչ մի կրիմինալ չկա: Հավելենք, որ պատգամավորի օգնական ամուսինը՝ Ալբերտ Մովսիսյանը, բոլորովին վերջերս աշխատանքի է անցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գյումրիի անտառատնտեսություն» մասնաճյուղում՝ որպես անտառապետ. սրա մասին, սակայն, հայտարարագրում նշված չէ: «Հայտարարագիր լրացնելու պահին զբաղվածություն չի ունեցել, չի գրանցել, վերջին երկու ամսում է այնտեղ աշխատում»,-ասաց Պալյանը: Այսպիսով, Պալյանը պարզաբանում է, թե ամուսնուն օգնական է ձեւակերպել, որ ԱԺ դարպասներից դուրս չմրսի, ներսում սպասի իրեն եւ տուն տանի, միաժամանակ նույն ամուսնուն, հասկանալի է, իր կապերով Գյումրիում անտառապետ է տեղավորել: Հետաքրքիր է՝ ինչպես է ամուսինը միաժամանակ ե՛ւ Գյումրիում աշխատանքի գնում, ե՛ւ Երեւանի Բաղրամյան 19 հասցեից կնոջը տուն տանում, առանց մրսելու: Իսկապես ֆանտաստիկ, գերմարդկային կարողությունների տեր է Ալբերտը, բայց՝ չստացված անհատ ձեռներեց:

 




Լրահոս