«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արցախի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը հայտարարել է, որ նախագահ Սամվել Շահրամանյանի ստորագրած թուղթը՝ Արցախի իբրեւ լուծարման մասին, առոչինչ է, ոչ ոք չի տեսել այն, ուստի հանրաքվեով անկախություն հռչակած Արցախի Հանրապետությունը չի կարող մեկ հոգու ստորագրմամբ լուծարվել:
Մեզ հետ զրույցում Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը նաեւ հայտարարեց, թե Սամվել Բաբայանն իրականում կողմ է եղել նոր նախագահի ընտրությունների անցկացմանը, իսկ հիմա հայտարարում է, թե դա հիմք է եղել, որ Ադրբեջանը Արցախի դեմ ռազմական ագրեսիա իրականացնի:
-Պարո՛ն Գալստյան, ի՞նչ էր վերջին օրերին կատարվում Արցախում: Որպես խմբակցության ղեկավար՝ վստահաբար մասնակցել եք բոլոր քննարկումներին, հանդիպումներին. իրադարձությունների նման զարգացում սպասվո՞ւմ էր, եւ, ի վերջո, Ձեր վերլուծությունները ի՞նչ են ասում, ո՞վ էր այս իրավիճակի մեղավորը:
-Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը եւ այն, որ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի իշխանությունները միշտ մեղավոր էին փնտրում եւ, նմանատիպ հարցերում, չգիտես՝ ինչու, իրենք, լինելով իշխանություն, վեկտորները ուղղում էին ընդդիմության վրա, այսօր եւս հնարավոր է նման թեզեր կան, որ Սամվել Շահրամանյանի ներկայացումը որպես ընդդիմության թեկնածու այդքան էլ այդպես չէ, եւ այդ քննարկումները սկսվեցին հենց այն ժամանակ, երբ Ազգային ժողովի նախագահը հրաժարական ներկայացրեց, եւ Արայիկ Հարությունյանը ստեղծեց նման ֆոն, թե Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցրել է ընդդիմությունը: Նա եկավ Ազգային ժողով, ներկայացրեց, որ Դավիթ Իշխանյանն իր թեկանծուն է, եւ քաղաքական ուժն է հենց առաջադրել Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Իշխանյանին, այլ ոչ թե «Դաշնակցություն» խմբակցությունը, եւ դրանից հետո միայն Արայիկ Հարությունյանը հրաժարական տվեց: Նա նույնպես ներկայացրեց Սամվել Շահրամանյանին՝ որպես իր թեկնածու, եւ դրա համար հենց փորձեցինք միասնություն ապահովել եւ եկանք այն ընդհանուր եզրակացության, որ չորս խմբակցությունները առանձին-առանձին առաջադրեն միեւնույն անձի թեկնածությունը:
Եվ այդպես էլ կատարվեց: Հինգերորդ խմբակցությունը չմիացավ այդ առաջադրմանը, ասեմ ավելին՝ Սամվել Բաբայանը եւս կարող էր լինել այդ ժամանակ նախագահի թեկանծու, ընդամենը մեկ թուղթ էր իրեն պակասում, եւ դատարանն ադեն որոշումը կայացրել էր, եւ այդ թուղթը նա տեւական ժամանակ ուներ՝ ներկայացնելու Ազգային Ժողով, որպեսզի հստակ թեկնածու դիտարկվի, սակայն չներկայացրեց: Դա իրենց ցանկությունն է, իհարկե, իրենց որոշումը: Եվ երբ որ իրենց խմբակցության ղեկավարին հարցրին, թե ինչու չեն ներկայացրել, նա շատ հանգիստ պատասխանեց, որ դա իրենց որոշումն է: Այնպես չէ, որ նրան թույլ չեն տվել, որ նա լինի Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, պարզապես նրանք են այդպես որոշել:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՀԵՏ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Արցախից բռնի տեղահանվածների համար հումանիտար խնդիրների լուծումը դարձել է սեպտեմբերի 20-ից սկսած յուրաքանչյուրիս օրվա մեծ մասի աշխատանքը: Այս առիթով խորհրդարանում կազմակերպել էի հանդիպում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ու Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ:
Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախկին նախարար, Արցախի նախագահի՝ կրթության հարցերով խորհրդական Լուսինե Ղարախանյանի, Արցախի Հանրապետության նախագահի՝ սփյուռքի հարցերով խորհրդական, «ԳՈՅ» մարդասիրական հիմնադրամի խորհրդի նախագահ Ազատուհի Սիմոնյանի, «Արդարության տուն» իրավապահպան հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ Թերեզա Դավթյանի եւ իմ արցախցի օգնական Օքսանա Բալայանի հետ խորհրդարանում հանդիպում ենք ունեցել Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան ն.գ. պարոն Ջոն Գալագերի հետ:
Ելնելով հայ ժողովրդի համար այս ծանրագույն ժամանակաշրջանում առաջացած մի շարք խնդիրներից՝ պատմամշակութային ժառանգության պահպանման, կրոնական կոթողների պաշտպանության եւ այլ հարցերում ունենք բազմաթիվ մտքեր ու գաղափարներ:
Նպատակ ունենք նաեւ աջակցել Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, նպաստել նրանց՝ մասնագիտական ոլորտում դրսեւորվելուն, մրցունակ դառնալուն, նոր հմտություններ ձեռք բերելուն, նոր միջավայրին ադապտացվելուն, ինչպես նաեւ բարձր պահել Արցախի հարցը միջազգային հարթակներում տարաբնույթ ծրագրեր իրականացնելու միջոցով: Այս ամենը կյանքի կոչելու համար սկսել ենք հանդիպումների շարք դեսպանների, միջազգային կառույցների ներկայացուցիչների եւ տարբեր մասնագետների հետ:
Արդյունքների մասին հավելյալ կհայտնեմ»:
ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՄԱՆ ԳՈՒՅՔ
ՀՀ գլխավոր դատախազությունը «Ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը կիրառում է միայն Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսների նկատմամբ: Այդ մասին է վկայում նաեւ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ուղարկված պատասխանը: «Ժողովուրդ» օրաթերթը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից խնդրել է գրավոր տրամադրել տեղեկություն, թե 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ապօրինի գույքի բռնագանձման գործերով ներկա եւ նախկին պաշտոնյաներից ում գույքն է ուսումնասիրության ենթարկվել (ներկայացնել ողջ ցանկը): Ի պատասխան՝ դատախազը հայտնել է, որ «Ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ դատախազության համանուն վարչությունում «ուսումնասիրությունները սկսելու հանգամանքը, դրանց հիմքերը, ընթացքի վերաբերյալ եւ դրանց արդյունքում ստացված տվյալներն ամբողջությամբ գաղտնի են եւ ենթակա են տրամադրման այլ անձանց՝ միայն ելնելով ապօրինի ծագման գույքի բռնագանձման վարույթի նպատակներից: Հետեւաբար, որոշակի անձանց պատկանող գույքերի նկատմամբ ուսումնասիրության առկայության առնչությամբ տվյալներ չեն կարող տրամադրվել»: Այսինքն՝ դատախազությունը գաղտնի է պահում, թե ում ապօրինի ծագման գույքի ծագումնաբանությունն է ուսումնասիրում: Բայց դատելով մեր երկրորդ հարցի պատասխանից՝ դատախազությունը միայն ընդդիմադիր հայացքներ ունեցողների գույքն է ուսումնասիրում, բայց ոչ որեւէ գործող պաշտոնյայի կամ իշխող ՔՊ-ականի: «Ժողովուրդ» օրաթերթի երկրորդ հարցին, թե կոնկրետ որ պաշտոնյաների կամ նախկին պաշտոնյաների գործերով են արդեն հայցեր ներկայացվել դատարաններ (ներկայացնել ողջ ցանկը), դատախազությունը սիրահոժար մի ողջ ցանկ է ներկայացրել. 2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին հայցադիմումներ են ներկայացվել ընդդեմ հետեւյալ պաշտոնատար անձանց (նկատենք, որ բոլորը նախկին պաշտոնյաներ են կամ Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսներ).
- Մհեր Սեդրակյան (Էրեբունու նախկին թաղապետ), 2. Հրայր Թովմասյան (ՍԴ դատավոր), 3. Հովիկ Աբրահամյան (ԱԺ նախկին նախագահ), 4. Վահե Նիկոյան (Երեւանի նախկին փոխքաղաքապետ), 5. Սամվել Ուզունյան (նախկին դատավոր), 6. Արթուր Գեւորգյան (ԱԺ նախկին պատգամավոր), 7. Ռոբերտ Նազարյան (Երեւանի նախկին քաղաքապետ), 8. Արմեն Հարությունյան (Էրեբունու նախկին թաղապետ), 9. Զարզանդ Գրիգորյան (Արշալույսի նախկին գյուղապետ), 10. Առաքել Վիրաբյան (Պտղնու նախկին համայնքապետ), 11. Սաշա Հակոբյան (Մասիսի նախկին քաղաքապետ), 12. Ժաննա Հովհաննիսյան, 13. Անուշավան Այվազյան (ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության նախկին պետ), 14. Հովիկ Աբովյան (Տավուշի նախկին մարզպետ), 15. Վահագն Վերմիշյան (ՀՀ քաղշինկոմիտեի նախկին ղեկավար), 16. Արման Ղուկասյան, 17. Արամ Սիմոնյան (ԵՊՀ նախկին ռեկտոր), 18. Արամ Վարդանյան, 19. Մանուկ Հակոբյան (Աբովյանի նախկին քաղաքապետ), 20. Անդրանիկ Քասարյան (Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության նախկին պետ): Ահա նրանք, որոնցով զբաղվում է գլխավոր դատախազը: Եթե նկատեցիք, խոշոր կոռուպցիոներներից գրեթե ոչ ոք չկա այս աղքատիկ ցանկում: Ավելին՝ այս ցանկից Նիկոլ Փաշինյանի վրեժխնդրության հոտն է գալիս, որը սիրով կատարում է գլխավոր դատախազը կամ, որ նույնն է, իշխող ՔՊ-ի օմբուդսմենը: