Այս պահին Սնուփ Դոգգի հետ բանակցում են․ ինչ ճակատագիր կունենան պետբյուջեից տրված հսկայական գումարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը գրել էր, որ դեռեւս սեպտեմբերի 23-ին «Հրազդան» մարզդաշտում պետք է կայանար Սնուփ Դոգգի երևանյան համերգը, որի համար պետբյուջեից հատկացվել էր 6 միլիոն դոլար: Նախատեսված համերգից օրեր առաջ՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը սանձազերծեց հերթական անմարդկային գործողություններն Արցախի ու արցախցիների դեմ: Արցախահայությունը ստիպված էր բռնի կերպով լքել իրենց հայրենիքը, ավելի ուշ էլ՝ սեպտեմբերի 28-ին Սամվել Շահրամանյանը ստորագրեց մի փաստաթղթի տակ, համաձայն որի՝ Արցախի Հանրապետությունը հունվարի 1-ից այլեւս գոյություն չի ունենա:

Այս ամենի ֆոնին անհանգստության ու մտահոգության ալիք էր բարձրացրել Սնուփ Դոգգի երեւանյան համերգը: Մարդիկ պահանջում էին չեղարկել այն: Համերգը կազմակերպող ընկերությունը՝ «Դոպինգ Սփեյս»-ը, հանդես եկավ հայտարարությամբ, որից պարզ դարձավ, որ համերգը հետաձգվում է անորոշ ժամկետով:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ռեփերը գումարն ամբողջությամբ ստացել է, բայց կգա եւ «անվճար» կերգի, երբ ազատ օրեր ունենա իր գրաֆիկում:

Այս տեղեկությունից հետո բոլորին համակեց տեւական լռությունը, կարծես Հայաստանի պետբյուջեից չէ, որ հսկայական գումար է հատկացվել միջոցառման համար, որը այդպես էլ չկայացավ եւ դեռ հարց է՝ կկայանա, թե ոչ:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ այս պահին էլ բանակցություններ են ընթանում Սնուփ Դոգգի հետ՝ համերգի կայացման համար, սակայն թե ինչ արդյունքներ կտան այդ բանակցությունները՝ անհայտ է:

ArmLur.am-ը կապ հաստատեց համերգը կազմակերպող ընկերության՝ «Դոպինգ Սփեյս»-ի հիմնադիր Հայկ Սիմոնյանի հետ՝ պարզելու համար, թե արդյո՞ք կա հստակեցում այս մասով.

«Առաջիկայում հանդես կգանք հայտարարությամբ, այս պահին ոչինչ հստակ ասել չեմ կարող»:

Մարիամ Ղազարյան




Լրահոս