Արմավիրի ոստիկանները ապօրինի փայտանյութով բեռնված բեռնատարներ են հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանության ծառայողները ապօրինի ձեռք բերված փայտանյութի վերաբերյալ տեղեկությունները ստացել էին հոկտեմբերի 10-ին: Երասխահուն գյուղի տարածքում ստուգման նպատակով կանգնեցվել է Գանձաքար գյուղի 35-ամյա բնակչի վարած «Զիլ» մակնիշի ավտոմեքենան, որը բեռնված էր փայտանյութով: Վարորդը ոստիկաններին ներկայացրել է փայտանյութի օրինականությունը հաստատող փաստաթուղթ: Պարզվել է, որ բեռը չի համապատասխանում փաստաթղթի գրառմանը: Ակնհայտ երևացել է, որ նշված 8 խորանարդ մետր փայտանյութի փոխարեն մեքենան բեռնված է մոտ 12 խմ հաճարենու կոճղերով:

Արմավիրի համայնքային ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Նորապատ գյուղում կայանված է «ԳԱԶ-3302» մակնիշի մի ավտոմեքենա, որը բեռնված է ապօրինի ձեռք բերված կոճղերով:

Տեղեկությունները հաստատվեցին: Հոկտեմբերի 17-ին մեքենային է մոտեցել ոստիկանը և փայտանյութի օրինականության վերաբերյալ փաստաթուղթ պահանջել: Իջևանցի 57-ամյա վարորդը ոստիկանին է ներկայացրել «Ապրանքի մատակարարման հարկային հաշվի» փաստաթուղթ, որտեղ գրվածը, սակայն, չէր համապատասխանում մեքենայի բեռի պարունակությանը: Ներկայացված փաստաթղթում 3 խորանարդ մետր բոխի ծառատեսակի փոխարեն հաճարենու կոճղեր էին:

Բեռնատարները տեղափոխվել են ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Դեպքերի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Տավուշի մարզային քննչական կոմիտե:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:




Լրահոս