Մեթամֆետամին ու մարիխուանա. քրեական ոստիկանության և Արաբկիրի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրեական ոստիկանության թմրամիջոցերի անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկութունն իրացրին Արաբկիրի գործընկերների հետ: Հոկտեմբերի 4-ին, թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, մայրաքաղաքի Մամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում ձերբակալվեցին Երևանի բնակիչ, 30, 33 ու 35 տարեկան երեք տղամարդ և, վերջինիս վարած «Նիսանով» հանդերձ, տեղափոխվեցին Արաբկիրի բաժին:

Անձնական խուզարկությամբ 33-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվեցին մեթամֆետամին, մարիխուանա և ծալովի դանակ, իսկ 30-ամյա երիտասարդի մոտ` մեթամֆետամին:

Երեքն էլ կազմված փաստաթղթերով ներկայացվեցին Արաբկիրի քննչական բաժին, որտեղ էլ նախաձեռվեց քրեական վարույթ:

Վարույթի շրջանակում շարունակվեցին համատեղ միջոցառումները` թմրամիջոցների ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ: Հոկտեմբերի 25-ին, ժամը 10.30-ին, մայրաքաղաքի պարեկների աջակցությամբ Աշտարակի խճուղում կանգնեցվեց «Շեվրոլե» մակնիշի մի մեքենա: Թմրանյութ ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվեցին և, մեքենայով հանդերձ, Արաբկիրի բաժին տեղափոխվեցին Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ, 34 և 32 տարեկան եղբայրներ: Ավագ եղբոր անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով երկու փաթեթ: Նույն օրը դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց նաև Քասախ գյուղի նրա առանձնատանը. հայտնաբերվեցին մոտ 30 գրամ մարիխուանա, 3,67 գրամ մեթամֆետամին, նաև` ինքնաձիգի երկու փամփուշտ:

Նախաքննությունը շարունակվում է, հանգամանքները պարզվում են:




Լրահոս