Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Ինդոնեզիայի պատվիրակության ղեկավար Ֆադլի Զոնի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը կողմերը քննարկել են Ինդոնեզիայի հետ հարաբերությունների զարգացման հեռանկարը: Հակոբ Արշակյանը բարձր է գնահատել երկկողմ միջխորհրդարանական համագործակցությունը, որը հիանալի հնարավորություն է ընձեռում տարածաշրջանի երկրների հետ առավել ակտիվ գործընկերություն զարգացնելու համար: Այս համատեքստում ԱԺ փոխխոսնակը կարեւորել է նաեւ կրթական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունների զարգացումը:
Հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանն ընդգծել է միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության կարեւորությունը:
«Ինչպես գիտենք, արդյունավետ համագործակցության զարգացման նպատակով այս տարի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը դարձել է ԱՍԵԱՆ (ASEAN) Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդ, ինչը նաեւ համագործակցության նոր հորիզոններ կբացի ԱՍԵԱՆ (ASEAN) երկրներում»,- կարեւորել է ԱԺ փոխխոսնակը:
Ինդոնեզիայի պատվիրակության ղեկավարն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին եւ նշել, որ Հայաստանն ունի հարուստ մշակութային ժառանգություն Ինդոնեզիայում, այդ թվում՝ Սուրաբայա քաղաքի Սուրբ Գեւորգ եկեղեցին:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հաճախակի դարձնել փոխայցերը՝ հարաբերությունների զարգացման նպատակով:
ԱԺ պատվիրակության կազմում են պատգամավորներ Ծովինար Վարդանյանը եւ Արսեն Թորոսյանը: