
Global Gateway ֆորումի շրջանակում Հարևանության և ընդլայնման հարցերով Եվրամիության հանձնակատար Օլիվեր Վարհելին և Եվրոպական ներդրումային բանկի նախագահ Վերներ Հոյերը ստորագրել են Հայաստանում կրթական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ֆինանսական փաթեթի մի մասը: Փաթեթը կներառի 10 միլիոն եվրոյի դրամաշնորհ, որը տրամադրվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից Եվրոպական ներդրումային բանկի միջոցով:
Այս մասին հայտնում են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից: Ֆինանսավորվող ծրագիրը ներառում է արտադպրոցական կրթության և ուսուցիչների վերապատրաստման երկու կենտրոնների կառուցում Սյունիքում՝ Կապանի և Գորիսի քաղաքապետարաններում։ Կենտրոնները կգործարկվեն Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) կողմից: Կենտրոնները 6-18 տարեկան երեխաների համար կապահովեն արտադպրոցական կրթության հնարավորություններ և հասանելիություն երիտասարդական ծառայություններին: Մինչև 6000 ուսանողներ կսովորեն մեխանիկա, ծրագրավորում, ձեռներեցություն, լեզուներ, արվեստ, երաժշտություն և աթլետիկա: