Հայաստանում Եվրամիության առաքելությունը մշտադիտարկման անվան տակ իրականում հետախուզական տվյալներ է հավաքում Ռուսաստանի և Իրանի դեմ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով, ՀԱՊԿ դիտորդական առաքելությունն իր տարածքում տեղակայելու փոխարեն պաշտոնական Երևանը նախապատվություն է տվել ԵՄ դիտորդական առաքելությանը և համապատասխան տեղեկությունները զեկուցում է Բրյուսելին:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում անդրադարձել է վերջին շրջանում լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությանն այն մասին, որ ՀՀ-ն ՌԴ-ում դեսպանի պաշտոնում առաջարկել է պատգամավոր Գուրգեն Արսենյանի թեկնածությունը, սակայն Մոսկվան հրաժարվել է վերջինիս ագրեման տրամադրել։ «Գիտեք՝ դա խիստ ներքին, դիվանագիտական պրակտիկա է, որը դուրս չի հանվում և չի քննարկվում ո՛չ տվյալ պարագայում, ո՛չ էլ առհասարակ», – ասել է Զախարովան: Նա մանրամասնել է, որ ագրեմանը դա նախնական համաձայնությունն է, որը տրվում է կամ չի տրվում երկրի կողմից:
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանն օրերս հաստատել էր, որ իր թեկնածությունը ներկայացվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնի համար։