Ազգային ժողովի բոլոր 6 խմբակցությունների առանձին պատգամավորների համահեղինակությամբ խորհրդարանում շրջանառության մեջ է դրվել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը վերաբերում է զանգվածային լրատվության միջոցների աշխատանքին: Օրենքի նախագծով պատգամավորները պայքար են մղում սոցիալական ցանցերում տարածում գտած կեղծ օգտատերերի ` ֆեյքերի դեմ: «Բլոգնյուզ» կայքի խմբագիր Արամ Անտինյանը, այսօրվա մամլո ասուլիսում խոսելով այս նախագծի մասին, ասաց, որ այս օրինագիծը չի ծառայելու իր նպատակին, քանի որ համացանցն արագ է զարգանում և պարզել կեղծ ֆեյքի ինքնությունը, անհնար է: Բացի այդ` այս օրինագծի ընդունումը կնպաստի, այսպես ասած, օֆշորային ֆեյքերի ստեղծմանը, այսինքն` ֆեյքերի միջոցով վիրավորանք տարածողը կարող է, օրինակ, Մոզամբիկում ապրողներին խնդրել անանուն գրանցվել սոցիալական ցանցերում:
«Որևէ կուսակցության ֆեյքերը վիրավորում են այլ կուսակցությունների ներկայացուցիչներին, իսկ վիրավորող կուսակցության ներկայացուցիչները պայքարում են իրենց ֆեյքերի դեմ: Կարծում եմ, պարզապես քաղաքական ուժերը, որոնք միմյանց հետ պայմանավորվելու լավ փորձ ունեն, կարող են այս հարցում էլ պայմանավորվել ու իրար չքֆրտել»,- եզրափակեց Ա.Անտինյանը: