Շուտով էկրաններին կհայտնվի նոր նախագիծ՝ «Գերիները»: Սցենարի հեղինակն Անի Մաղաքյանն է: Սերիալը բաղկացած է լինելու 24 սերիայից: Ռեժիսորն է Հայկ Վարդանյանը:
Սերիալի դերասանական անձնակազմում ընդգրկված են Հայկ Հովհաննիսյանը, Մարինկա Խաչատրյանը, Սիսիան Ստեփանյանը, Լուիզա Մելքոնյանը եւ այլք:
Ֆիլմի մանրամասների, իր կերտած կերպարի եւ այլնի մասին ArmLur.am-ը զրուցել է գլխավոր դերակատարներից Հայկ Հովհաննիսյանի հետ:
«Կերպարիս անունը «Գերիներ» հեռուստանախագծում Էդգար է, որն ակտիվ առօրյա ունեցող երիտասարդ է, սովորում է համալսարանում, ունի ընկերուհի»,- պատմում է Հայկը:
Նրա խոսքով՝ Էդգարը Հայկի հետ վստահաբար ունի նմանություն, սակայն ամենաակնառուն կարելի է հենց ակտիվությունը նշել:
Հայկն առաջարկը ստացել է Սերգեյ Հայրապետյանից՝ «Նոր Հայաստան» հեռուստաընկերության պրոդյուսերից եւ սիրով ընդունել:
«Դերասանական կազմից կարող եմ առանձնացնել Մարինկա Խաչատրյանին եւ Սիսիան Ստեփանյանին, որոնց հետ խաղալուց մեծ բավականություն եմ ստացել»,- նշել է նա:
Խոսելով դերասանական անձնակազմի մասին՝ Հովհհանիսյանը որպես լավ խաղընկերներ նշում է նաեւ Էրմինային եւ Ավետին, հավելելով, որ խաղընկերները եւ նկարահանող թիմը մեծ դժվարությամբ է ստեղծել նախագիծը:
«Խոսքը տեղանքի ու գրաֆիկի բարդության ու դժվարության մասին է: Նկարահանումները անց են կացվել Երեւանում, Դիլիջանում, Իջեւանում, Ալավերդիում՝ հիմնականում սարերում, քարանձավներում եւ գետերի շրջակայքում»:
Հետաքրքիր դեպքեր մտաբերելիս Հայկը հիշում է, որ հենց քարանձավներում նկարահանումների ժամանակ իրենց խանգարել են չղջիկները եւ անընդհատ գրաֆիկից հետ են ընկել:
«Հուսամ Հեռուստադիտողին կկարողանանք փոխանցել էմոցիաներն ու արժանի գնահատական կստանանք»,- եզրափակում է Հայկը:
Մարիամ Ղազարյան