Իրանը զորավարժանք է սկսել Նեսրաբադ և Սպահան քաղաքներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի կենտրոնական Նեսրաբադ և Սպահան քաղաքներում մեկնարկել են Իսլամական Հանրապետության բանակի ցամաքային զորքերի երկօրյա զորավարժությունները, հայտնում է IRNA-ն:

Զորավարժություններին, որոնք կոչվում են «Ակտադար 1402» («Իշխանություն 2023»), մասնակցում են Իսլամական Հանրապետության զինված ուժերի հրետանային, զրահատանկային և օդադեսանտային, անօդաչու թռչող սարքերի, ինժեներական, էլեկտրոնային պայքարի, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների գծով ստորաբաժանումները։

Իրանական կողմի տվյալով՝ լայնամասշտաբ վարժանքների նպատակն է գնահատել տարբեր զորամասերի մարտունակությունը և փորձարկել նոր զինատեսակներ։

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմն սկսվելուց հետո իրանական կողմը բազմիցս հանդես է եկել պաղեստինյան շարժման օգտին և Իսրայելին սպառնացել լուրջ հետևանքներով, եթե վերջինս ցամաքային գործողություն սկսի Գազայի հատվածում։ Այդ առնչությամբ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ասել է, որ ԱՄՆ-ն առնվազն երկու անգամ ուղերձ է հղել Թեհրանին՝ չմիջամտել առճակատմանը և նոր ճակատ չբացել Իսրայելի դեմ։

Հակառակ դեպքում Միացյալ Նահանգները սպառնացել է պատասխանել «արագ և վճռական»:




Լրահոս