Եվրոպական խորհուրդն ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ինքնիշխանությունը, սահմանների անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը ճանաչելու սկզբունքների վրա հիմնված կայուն և երկարաժամկետ խաղաղություն հաստատումն առաջ մղելուն իր շարունակական աջակցությունը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշված է Եվրոպական խորհրդի երկօրյա գագաթնաժողովի արդյունքներով ընդունված բանաձևում, որում անդրադարձ է կատարվում նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։
Եվրոպական խորհուրդը կարևորել է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության ապահովումը՝ ներառյալ նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց տները։
ԵԽ-ն իր աջակցությունն է հայտնել Բրյուսելի միջնորդությամբ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին և կոչ արել կողմերին բարեխղճորեն ներգրավվել ու գործընթացն ավարտել մինչև տարեվերջ։
ԵՄ գագաթնաժողովում ընդունված բանաձևում նաև ասվում է, որ Եվրոպական խորհուրդը հրավիրում է Բարձր ներկայացուցչին և Հանձնաժողովին` ներկայացնելու ԵՄ-Հայաստան հարաբերությունները բոլոր հարթություններում լավագույնս ամրապնդելու վերաբերյալ տարբերակներ։