ՌԴ-ում հայտնի հայազգի մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը Metaratings.ru-ի հետ զրույցում անդրադարձել է ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանի խաղին։
«Սպերցյանն այժմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Կարծում եմ՝ Էդուարդը մտնում է ԹՈՓ-3 խաղացողների մեջ։ Նախորդ տարի մի քանի անգամ առիթ եմ ունեցել մեկնաբանել «Բարսելոնայի» խաղերը։ Ուշադրությամբ հետևում էի Պեդրիի և Գավիի խաղին ու ակամայից ինձ բռնեցի այն մտքի վրա, որ Սպերցյանն ամենևին չի զիջում այդ ֆուտբոլիստներին:
Հիմա «Կրասնոդարն» առաջին տեղում է և պայքարում է չեմպիոնության համար։ Իմ կարծիքով կոնկրետ այս պահին պետք չէ մտածել հեռանալու մասին։ Պետք է կենտրոնացնել բոլոր ուժերը և դառնալ չեմպիոն»,- նշել է 57-ամյա մասնագետը։
23-ամյա Սպերցյանն ընթացիկ մրցաշրջանում «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 14 հանդիպման, խփել 6 գոլ ու կատարել 3 գոլային փոխանցում։