6-Ի ԱՇԽԱՏԱԿՑԻՆ ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ ԵՎ ՓԱԽԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկվա մեր համարում գրել էինք, որ «Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով` օրերս Երեւանի Խանջյան 41 հասցեում գտնվող բարի մոտ մի խումբ երիտասարդների եւ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության աշխատակցի միջեւ վիճաբանություն է եղել, որի արդյունքում 6-ի աշխատակիցը հայտնվել է հիվանդանոցում: Ներկայացնում ենք միջադեպի հետ կապված նոր մանրամասներ:  Մեր տեղեկություններով` նոյեմբերի 1-ի գիշերը` ժամը 02:30-ի սահմաններում,  Խանջյան 41 հասցեում գտնվող «Բրիջ» կոչվող բարում վիճաբանություն է ծագել, ինչի արդյունքում 6-րդ վարչության աշխատակից Արմեն Գրիգորյանին` Ճուտ մականվամբ, փողոցում դանակահարել են: Արմեն Գրիգորյանը, 6-րդ վարչության աշխատակից իր ընկերոջ հետ մտնելով «Բրիջ» բար,  կոկտեյլ է պատվիրել: Երբ որոշ ժամանակ հետո բարմենը բերել է պատվիրված կոկտեյլը, Ճուտը մի քանի վայրկյան հետո կրկին կանչել է բարմենին եւ ասել,  թե դա իր պատվիրած կոկտեյլը չէ. «Էդ կոկտեյլը սենց չեն սարքում, իմ պատվիրածն ուրիշ համ ունի»: Բարմենը 6-րդ վարչության աշխատակցին պատասխանել է, թե «մենք այդ կերպ ենք պատրաստում տվյալ կոկտեյլը, իսկ եթե դուրդ չի գալիս, կարող ես ինքդ գալ, պատրաստել»:Տեսնելով, որ լեզվակռիվ-վիճաբանությունը թեժանում է, Գրիգորյանենց է մոտեցել բարի աշխատակիցը` նրա հետ իրավիճակը պարզաբանելու համար: Այստեղ, ըստ ականատեսների, Արմեն Գրիգորյանը ներկայացել է որպես 6-րդ վարչության աշխատակից` դժգոհելով բարմենի վերաբերմունքից, երաժշտությունից եւ այլն:Վեճն այնքան է թեժացել, որ բարի աշխատակիցները` 3 այլ տղամարդիկ, Ճուտին եւ իր ընկերոջը դուրս են հրավիրել` խոսելու: Բարմենն ու մյուս 3 տղաները հրել են Արմենին: Ոստիկանները փորձել են պաշտպանվել, եւ քաշքշուկ է սկսվել: Ի վերջո, բարմենի «թիմակիցները» դանակահարել են Ճուտին եւ դիմել փախուստի: Ընկերն Արմեն Գրիգորյանին տեղափոխել է Երեւանի թիվ 1-ին հիվանդանոց: Իսկ բարի աշխատակիցներից մեկը, որի անունը չենք նշում, տեղի ունեցածն այլ հարթությունից ներկայացրեց: Ասաց, որ վիճաբանությունը եղել է 6-րդ վարչության աշխատակիցների եւ բարի հաճախորդների միջեւ, ոչ թե աշխատակիցների: Իսկ վեճի պատճառը, ըստ բարի աշխատակցի, կոկտեյլն է եղել ու երաժշտությունը, որը դուր չի եկել 6-ի աշխատակիցներին: Նրանք իրենց «լկտի են պահել», որը հունից հանել է կողքի սեղանի հաճախորդներին, ինչի պատճառով հրավիրել են դուրս` խոսելու: Հաճախորդներից մեկը դանակով հարվածել է Արմեն Գրիգորյանին` Ճուտին:Երեկ «Ժողովուրդ»-ը եղավ հիվանդանոցում, որտեղ տեղեկացանք, որ Արմեն Գրիգորյանին արդեն դուրս են գրել: Զրուցեցինք վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Կառլեն Գալստյանի հետ, ով նշեց, որ իր հերթապահության ժամանակ է եղել դեպքը. «Միջին ծանրության վիճակում են բերել հիվանդանոց` ծակած-կտրած վերքով: Հետին մակերեսի 7-րդ միջկողային շրջանում է եղել վերքը: Պարզվեց, որ վերքը թափանցող չէ: Կատարվել է առաջնային վիրաբուժական մշակում: Եւ  քանի որ թափանցող վերք չէր,  մենք մշակեցինք այն եւ վերջ»:Պարոն Գալստյանը նշեց, որ Արմենն ընդամենը մեկ օր է պառկել հիվանդանոցում եւ իր խնդրանքով դուրս է գրվել. «Ինքը մեջքի հատվածում էր հարված ստացել, ջերմություն չի ունեցել, գիտակցության է եղել եւ խնդրել է դուրս գրել իրեն, ի ուրախություն իրեն եւ մեզ` վերքը խորը չի եղել»: Նշենք, որ վիրաբուժության բաժնի վարիչը շատ կոպիտ տոնով արգելում էր մեզ ձայնագրել վիրաբույժի հետ զրույցը, իսկ Գալստյանը դրանում ոչ մի վատ բան չէր տեսնում: Սակայն բաժնի վարիչի համառ պնդմամբ` մենք կարողացանք միայն գրառել վիրաբույժի պատասխանը:Փորձեցինք պարզաբանում ստանալ նաեւ «Բրիջ» բարի տնօրինությունից` հասկանալու համար, թե ինչու է իրենց բարմենը նման քայլի դիմել: Մեր հեռախոսազանգին պատասխանեց բարմեն Ալիկը, ով ասաց, թե ինքը նոր աշխատակից է, իսկ տնօրինությունից ոչ ոք չկա: «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ  դեպքի առթիվ նախապատրաստվող նյութերը ոստիկանության կենտրոնական քննչական բաժնից պետք է ուղարկվեն ՀՔԾ: Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից էլ հաստատել էին տեղեկությունը` նշելով, որ դեռեւս նյութեր են նախապատրաստվում: Իսկ երեկ արդեն տեղեկացանք, որ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է ընթանում:ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս