Սարգիս Եղիազարյանն ու Արմինկան դուետ կներկայացնեն. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Սարգիս Եղիազարյանն ու Արմինկան համատեղ երգ ու տեսահոլովակ կներկայացնեն։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Արմինկայի հետ զուգերգի միտք շատ վաղուց է եղել, բայց թե կոնկրետ ինչ երգ՝ անհայտ է եղել։

Ի վերջո ընտրվել է Արմինկայի երգացանկից «Մի թող ինձ մենակ» երգը, որը շատ-շատերին իրենց երիտասարդությունն է հիշեցնում և նոր մատուցմամբ կհրամցվի հանդիսատեսին։

Երաժշտության հեղինակը Աշոտ Ղազարյանի որդին է՝ Արման Ղազարյանը, որը բավականին ուրախացել է, երբ իմացել է, որ հենց այս երգին է նոր շունչ հաղորդվելու։ Նոր գործիքավորման հեղինակը Գուրո Գասպարյանն է, որը ևս մեծ պատաախանատվությամբ է մոտեցել իր գործին՝ ստանալով հետաքրքիր արդյունք։
Երգի հիման վրա նկարահանվում է տեսահոլովակ, որի կեսն արդեն պատրաստ է։

Չկա սիրո պատմություն, չկան բարդագույն տեսարաններ. երգիչները տեսահոլովակում մարմնավորում են հենց իրենց՝ որպես երգչի։

ArmLur.am-ի հետ զրույցում Սարգիս Եղիազարյանը ընդգծում է՝ իր համար պատիվ է Արմինկայի հետ զուգերգ ներկայացնելը։ «Ինձ համար կրկնակի պատասխանատվություն է ներկայանալ մի երգով, որը ժամանակին հիթ է եղել։ Խնդիր էր դրված, որ արդեն իսկ մեծ պատասխանատվությամբ աշխատած երգը ներկայացնել նոր շնչով ու մոտեցմամբ։
Շնորհակալ եմ Արմինկային համագործակցությանը համաձայնվելու և այս երգի ընտրության համար, քանի որ այն նաև իմ պատանի տարիների հիթն է և ինձ համար մեծ պատիվ է Արմինկայի հետ ներկայանալը»,- եզրափակեց Սարգիսը։

Մարիամ Ղազարյան




Լրահոս