«Այսօր գովազդի վերաբերյալ երկու օրենքների նախագծերով, առնվազն 1,5 մլրդ դրամի հավելյալ դրամի գումար է ուղղվում Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպանին և որ տվյալ դեպքում ավելի կարևոր է ՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին պատկանող մեդիա կայսրությունը ֆինանսավորելու համար»,-այս մասին Աժ նիստի ամբիոնից ասաց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով ՝ առավոտյան քննարկված օրենքով 1 մլրդ դրամի պոտենցյալ գովազդային շուկա է առաջանում ՝ հեռուստատեսային եթերում հանելով օղիների գովազդը ցուցադրելու արգելքը: Պատագամավորի համոզմամբ ՝ այդ գումարները բաշխվելու են «Արմենիա», Հ1-ի ու Շանթի միջև, իսկ մնացածները չունեն պոտենցիալ այդ գումարից կտոր տանելու:
«Ստացվում է, որ այս օրենքով Հ1-ին շուկայից հանում ենք, 1 մլրդ-ի 90 տոկոս բաշխվելու է «Արմենիա» և Շանթ հեռուստաընկերությունների միջև: Իսկ Հ1-ին տարեկան հատկացվող ու այլ գովազդների միջոցով գոյացող մոտ 690 մլն դրամը նույնպես բաշխվելու է այդ երկու հեռուստաընկերությունների միջև»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը ՝ շեշտելով, որ Արմենիան, իր արբանյակ հեռուստաընկերությունների հետ պատկանում է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին և տևական ժամանակ է ՝ շրջանառվում են լուրեր, որ Միքայել Մինասյանը «Շանթ»-ից նույնպես մասնաբաժին ունի:
«Հայաստանում կան մարդիկ, ովքեր մտածում են, որ պետք է տգետ, հաստավիզ, բռի օլիգարխներին փոխարինել բարակ վզերով, բարակ փողկապներով, Օքսֆորդներում կրթություն ստացած օլիգարխներով: Նրանք մտածում են, որ դա լուրջ կառուցվածքային փոփոխություն է. մեծ գլխով օլիգարխին փոխարինել փոքր գլխով օլիգարխի հետ:
Ուզում եմ ասել, որ օլիգարխը մնում է օլիգարխ անկախ նրանից ՝ փողկապը հաստ է, թե բարակ, անկախ նրանից ՝ Օքսֆորդում է կրթություն ստացել, թե դիպլոմը գնել է մետրոյի անցումից, կամ օրինակ Ռոստովի պոլիտեխնիկ ինստիտուտից, օլիգարխը ՝ օլիգարխ է: Օլիգարխը հագուստի կամ գլխի ձև չէ, այն բովանդակություն է ՝ մտքի և քաղաքական մտածողությամբ»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը ՝ հավելելով, որ այս օրենքի հետևում կանգնած օլիգարխները ոչնչով չեն տարբերվում, այլ օրենքների հետևում կանգնած օլիգարխներից: