Խախտված օրենքներ, չվճարված աշխատավարձեր, ոչ սարքին ապարատներ․ ահազանգ․ ինչ է կատարվում Աբովյանի «Ռ․ Հարությունյանի» անվան բժշկական կենտրոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ահազանգ է ստացել «Ռ․ Հարությունյանի» անվան Աբովյան ԲԿ «ՓԲԸ» մի քանի աշխատակիցներից, որ ոչ միայն խախտվում են աշխատակիցների աշխատանքային իրավունքները, այլև չեն պահպանվում «Աշխատանքային օրենսգրքով» և կառավարության որոշումներով հաստատված աշխատանքային պայմանները։

Աշխատակիցների դիմում-բողոքները ուղղված էին Աբովյանի «Ռ․ Հարությունյանի» անվան  ԲԿ-ի տնօրեն Վարդան Մանուկյանի և ինչպես նշում են աշխատակիցները ՝ իր աշխատելաոճի վրա աչք փակող, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի դեմ: Մասնավորապես աշխատակիցները բողոքում են.

«Օրինական կարգով մրցույթ չի հայտարարվել և Վարդան Մանուկյանը մոտ երկու տարի է հանդիսանում է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ստիպում է աշխատողներին կատարել տնային հերթապահություններ, որի համար աշխատակիցները չեն վճարվում, բացի այդ կնքվել են բազմաթիվ իրավախախտումներով աշխատանքային պայմանագրեր և ներկա պահին մի քանի աշխատակիցներ չեն ստացել աշխատավարձ, ինչի արդյունքում կուտակվել է բավականին մեծ գումար և աշխատակիցներն այդ հարցը որոշել են լուծել դատական համակարգի միջոցով, ինչպես նաև հիվանդանոցում առկա են մի շարք տեխնիկական խնդիրներ կապված սարքավորումների հետ, ինչպես օրինակ ռենտգենաբանական կաբինետում օգտագործվում են ոչ սարքին ապարատներ, ֆլյուրոգրաֆիկ ապարատը ճառագայթվում է նորմայից ավելի, ինչը վնասում է թե՛ հետազոտվողին, և թե՛ առավելապես աշխատողներին: Ռենտգենաբանական կաբինետներում չի գործում օդափոխության համակարգերը, տարիներ շարունակ աշխատել են չլիցենզավորված անձիք»,- պատմում է աշխատակիցներից մեկը:

ArmLur.am-ը նախ փորձեց կապ հաստատել Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի հետ, հասկանալու համար, թե ինչու ժամանակին մրցույթ չի հայտարարվել և ինչու է նման իրավիճակ ստեղծվել Աբովյանի «Ռ․ Հարությունյանի» անվան բժշկական կենտրոնում: Մեր հարցերին ի պատասխան պարոն Ահարոնյանը պատասխանեց.

«Եթե իրականում կան բողոքներ, այն էլ նման բնույթի, անգամ դատական գործ կարելի է հարուցել, ես տեղյակ եմ մեկ աշխատակցի հետ կապված խնդրի մասին և նաև գիտեմ, որ խնդիրը հասել է դատարան, ինչպես նաև տնօրենը բողոքարկել է տեսչական մարմնի որոշումը:Կարող են դիմել դատարան, թող դատարանը որոշի աշխատակիցն է ճիշտ, թե տնօրենը, իսկ եթե տնօրենն է սխալ, ուրեմն պատասխանատվությունը կկրի տնօրենը: Տեխնիկական հագեցվածության մասին խոսելիս նախ պետք է նշեմ, որ մարզերում կա խնդիր, սակայն  այնպիսի տեխնիկական հագեցվածություն, ինչպիսին Աբովյանի «Ռ. Հարությունյանի» անվան բժշկական կենտրոնում  է, կարծում եմ չկա: Դատարանի կողմից կայացրած վճռի ժամանակ նոր կհասկանանք տնօրենն է ճիշտ, թե աշխատակիցը: Իսկ մրցույթ հայտարարելու և տնօրեն նշանակելու հետ կապված պետք է նշեմ, որ ֆիքսված ժամանակ չկա, հետո տվյալ բժշկական կենտրոնում եղել են ստուգումներ, որի արդյունքում տվյալ ժամանակահատվածում նպատակահարմար չենք գտնել մրցույթ հայտարարել: 2024 թվականի հունվարին կլինի նոր մրցույթ, որի ժամանակ էլ կորոշվի, թե ով կընտրվի տնօրեն»,- պարզաբանեց Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:

ArmLur.am-ը փորձեց նաև կապ հաստատել «Ռուբիկ Հարությունյանի» անվան Աբովյան ԲԿ-ի տնօրեն Վարդան Մանուկյանի հետ հասկանալու համար, թե ինչու է նման իրավիճակ ստեղծվել և արդյոք ճիշտ են աշխատակիցների դիմում-բողոքները ընդդեմ իրեն: Մանուկյանը մեր հարցերին ի պատասխան արձագանքեց.

«Նման բնույթի մեղադրանքների մասին խոսելիս պետք է նշեմ, որ դատարկաբանություն եմ համարում, նման խոսակցությունները, մեկ աշխատակցի հետ կապված է խնդիր առաջացել և ներկա պահին այս բժշկական հաստատությունը անցնում է հնարավոր բոլոր գործընթացների միջով, բնականաբար օրենքի սահմանների շրջանակում: Մենք ունենք բազմաթիվ աշխատակիցներ, որոնք ստանում են իրենց աշխատավարձը ճիշտ ժամանակին: Մենք մեր աշխատողներին հարգում ենք և մի շարք կետեր հաշվի ենք առնում, ինչպես օրինակ՝ գործում հմուտ լինելը, անգամ տարիների ունեցած փորձն ու վաստակը:Գուցե այն աշխատակիցը, ով բողոքել է, ցանկացել է արտաժամյա աշխատանքը ներկայացնել տնային հերթապահության ասվածի տակ, բայց նման բան չկա, քանի որ անգամ արտաժամյա աշխատանքի մասին խոսելիս անում ենք ամեն բան օրենքի սահմաններում և առաջնայինը մեզ համար մեր բնակչի, հետազոտվողի առողջությունն է, պետք է նշեմ, որ մեր հիմնարկն էլ իր գործելաոճը ունի»։

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս