«Հայբիզնեսբանկ»-ի պլաստիկ քարտերի վարչության նախկին պետը բանկից հափշտակել է 93 միլիոն դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավապահները շարունակում են դատարան ուղարկել «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության շուրջ աղմկահարույց քրեական գործերը: Եվ ահա, Հակակառուպցիոն դատարան է ուղարկվել քրեական գործ, որտեղ Կարեն Խաչիկի Խաչատրյանը 2008 թվականի հուլիսի 8-ից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության պլաստիկ քարտերի վարչության պետի պաշտոնը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր կեղծելով և դրանք օգտագործելով՝ խարդախությամբ հափշտակել է բանկի առանձնապես խոշոր չափերի գույքը, օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը։

Նա նաև կարգադրիչ և այլ լիազորություններն օգտագործել է Բանկի շահերին հակառակ, ի վնաս և <<Լու-Ար Գրուպ>> ՍՊ ընեկության ու վերջինիս տնօրեն Նելսոն Ստեփանյանի օգտին՝ առաջացնելով ծանր հետևանքներ՝ Բանկին պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս։

Նելսոն Աղասու Ստեփանյանը, նախնական համաձայնության գալով «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության պլաստիկ քարտերի վարչության պետ Կարեն Խաչատրյանի հետ, 2015-2018 թվականների ընթացքում իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթղթեր օգտագործելով, մեկ միասնական դիտավորությամբ, խարդախությամբ՝ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, հափշտակել է «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափի՝ 93․225․370 ՀՀ դրամ գումարը։

Քնար Մանուկյան




Լրահոս