Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում պետբյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց, թե Հայաստանի Հանրապետությունը Թուրքիայի հետ սահմանի բացման շուրջ պայմանավորվածությունների իրականացման հույս ունի:
«Ուզում եմ հույս հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածություններն առաջիկայում կիրագործվեն հատուկ ներկայացուցիչների քննարկումների, բանակցությունների արդյունքում։ Դա վերաբերում է հետևյալին` Հայաստան–Թուրքիա սահմանն այս փուլում բացվում է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար»,-հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:
ArmLur.am-ն այս առիթով զրուցել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ:
-Պարո՛ն Մելքոնյան, ի՞նչ հույսի մասին էր խոսում Նիկոլ Փաշինյանը, այս իրավիճակում նախադրյալներ տեսնո՞ւմ եք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար:
-Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման և սահմանների բացման ճանապարհն անցնում է լիովին փոփոխված Հայաստանի միջով, այսինքն՝ այն Հայաստանը, որը հավատարիմ է իր սկզբունքներին, իր պատմությանը, արժեհամակարգին, չի գնում որևէ զիջման և պաշտպանում էր Արցախը։ Այդ Հայաստանը հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու շանս չուներ, իսկ այն Հայաստանը, որը հրաժարվել է Արցախից և ընդունում է Թուրքիայի նախապայմանները, իհարկե, կարող է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու շանսեր ունենալ: Այսինքն, Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելն ինքնանպատակ է, որի ճանապարհին զոհաբերվում են բազմաթիվ ազգային և պետական հանգամանքներ, արժեքներ: Եթե գնում ենք այս ճանապարհով, ապա կարող ենք ենթադրել, որ թուրքական բազմաթիվ նախապայմաններ բավարարելու դեպքում կարող է լինել նման հեռանկար, բայց արդյո՞ք դրանից հետո մենք կարող ենք խոսել ինքնիշխան և հայկական պետության մասին:
-Դուք թուրքական կողմի մոտ ազդակներ տեսնու՞մ եք, որ նրանք անկեղծ միտում ունեն Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, թե՞ պարզապես կեղծ հայտարարություններ են անում:
-Թուրքիայի մոտ երբեք անկեղծ միտում չի եղել հարաբերություններ կարգավորել այնպիսի Հայաստանի հետ, որը հավատարիմ է իր սկզբունքներին։ Թուրքիայում միշտ եղել է ցանկություն՝ տեսնել ֆիզիկապես, բարոյապես, ռազմապես և հոգեպես ճնշված Հայաստան, և թելադրողի հարաբերություններ ունենալ Հայաստան հետ, ոչ թե՝ հավասարը հավասարի; Հայաստանում կան որոշ շրջանակներ, որոնք իրենց համարում են պրագմատիկ և կարծում են, թե Թուրքիայի հետ անպայման պետք է գնալ հարաբերությունների հաստատման, սա շանտաժ է: Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելուն բոլորս էլ կողմ են, բայց դա իրատեսական չէ: Թուրքիայում անկեղծ ցանկություն չկա, չի եղել և չի լինի հարաբերություն հաստատել իսկապես ինքնիշխան և իր արժեհամակարգին հավատարիմ Հայաստանի հետ: Իսկ այլափոխված Հայաստանի հետ, որը կդառնա տարածաշրջանում ոչ կարևոր պետություն, իհարկե, ձեռնտու է հարաբերություններ հաստատել: Կարծում եմ՝ դեռ մի շարք նախապայմաններ կան, որոնք Թուրքիան անպայման ներկայացնելու է Հայաստանին:
-Օրինակ, ի՞նչ նոր նախապայմաններ է առաջ քաշելու:
-Օրինակ՝ սկսած զինանշանից, վերջացրած՝անկախության հռչակագիր, ցեղասպանությունից հրաժարում և բազմաթիվ այլ նախապայմաններ: Եթե թվում է, թե Արցախից հրաժարվելով կարողանալու են Թուրքիայի քաղաքական ախորժակը զսպել, ապա սխալվում են, քանի որ թուրքական նախապայմանները չունեն սահմաններ և կարող են հասնել ընդհուպ մինչ մեր տեղանուններ, կարող են պահանջել անվանափոխել այնպիսի տեղանուններ, որոնք ասոցացվում են պատմական Հայաստանի հետ:
-Պարո՛ն Մելքոնյան, ըստ Ձեզ, Հայաստանի իշխանություններն ամեն գնով կգնա՞ն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, թե՞ կան որոշ կարմիր գծեր:
-Ես այս իշխանությունների պարագայում չեմ տեսնում կարմիր գծեր։ Թուրքիայի հետ կապված հարցերում նրանք երբևէ ոչ հայտարարությունների, ոչ էլ քայլերի մակարդակով չեն ակնարկել, որ ունեն կարմիր գծեր: Իրենք ինքնանպատակ փորձում են հարաբերություններ հաստատել, չեմ տեսնում ընդգծված կարմիր գծեր, որոնք կզսպեն Թուրքիային:
զրուցեց Քրիստինա Մուշեղյանը