2024 թ. 7 տոկոս տնտեսական աճ կթիրախավորվի․ նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը ներկայացրել է բյուջեի նախագիծը սեպտեմբերի վերջին, երբ տեղի էր ունենում ԼՂ-ից մեր հայրենակիցների բռնի տեղահանումը: Բյուջեի ներկայացված սցենարում չունենք այն ամբողջական միջոցառումների եւ ծրագրերի շրջանակը, որ պատրաստվում ենք իրագործել 2024 թվականին: Ներկայում մեր տարբեր նախարարություններ աշխատում են այն հավելյալ ծրագրերի ու միջոցառումների վրա, որոնք պետք է ներառենք 2024 թվականի բյուջեում: Արդեն քննարկումների հետագա փուլերում կներկայացնենք այն բոլոր ծրագրերը, որոնք պետք է իրագործվեն: Այս մասին հոկտեմբերի 30-ին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացնելով «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին տրվող աջակցության գումարներին ու բյուջեի վրա դրանց ազդեցությանը: Նախարարը հայտնել է, որ թեեւ բյուջեի ներկայիս տարբերակը ներկայացված է 3,2 տոկոս դեֆիցիտով, բայց հավելյալ ծախսերն իրականացնելու արդյունքում 2024 թվականին այն կաճի մինչեւ 4,6 տոկոս: Նախարարը նշել է, որ այդ փաստը մեր երկրի վրա հավելյալ ծանրաբեռնվածություն չի ավելացնի. այն գումարները, որոնք հատկացվում էին ԼՂ-ին որպես միջպետական վարկ, այլեւս կհատկացվեն տարբեր ծախսերի իրականացման համար:

Նախարարը խոսել է 2024 թվականի պետական բյուջեի առանձնահատկությունների, դրա հիմքում դրված ենթադրությունների, ընթացիկ տնտեսական զարգացումների, մակրոտնտեսական կանխատեսումների, հարկաբյուջետային շրջանակի եւ պետական բյուջեի նախագծի առանձին ցուցանիշների մասին:

«Տնտեսական քաղաքականության բոլոր միջոցառումները պետք է ուղղված լինեն տնտեսական պոտենցիալի բարձրացմանը, միեւնույն ժամանակ հաշվի առնելով, որ այդ ազդեցությունները պետք է լինեն այնպիսի չափերի, որոնք հավելյալ գնաճային ճնշումներ չեն առաջացնի մեր երկրում»,- նշել է նախարարն ու հայտնել, որ գերատեսչությունը 2024 թվականին նպատակ ունի պահպանել 50 տոկոսից ներքեւ պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը:

Ըստ Վահե Հովհաննիսյանի` 2024 թվականին կապիտալ ծախսերը կկազմեն 695 մլրդ դրամ: Կապիտալ ծախսերը ՀՆԱ-ում հասնում են 6,6 տոկոսի, 2023 թվականի նկատմամբ այն աճում է 0,7 տոկոսային կետով: Կապիտալ ծախսերի 42 տոկոսը 2024 թվականին ուղղվելու է պաշտպանության ոլորտին: ՊՆ ծախսերը կազմելու են 555 մլրդ դրամ` 7 տոկոսով ավելի, քան 2023 թվականին: Սոցիալական պաշպանության ոլորտին հատկացվելու է 755 մլրդ դրամ, դա 16 տոկոսով ավելի բարձր է, քան 2023 թվականին եւ կազմելու է ՀՆԱ-ի 7,2 տոկոսը: Առողջապահության ոլորտի ծախսերը կկազմեն 171 մլրդ դրամ, դրանք 14 տոկոսով ավելի են 2023 թվականից, ՀՆԱ-ում պահպանվում է ԱՆ-ի` 1,6 տոկոս մակարդակը: Առավել նշանակալի է կրթության ոլորտին հատկացվող ծախսերի աճը: Այն 2024 թվականին կազմելու է 289 մլրդ դրամ, որը 39 տոկոսով ավելի է, քան 2023 թվականին: Արդյունքում կրթության ոլորտի ծախսերը կազմելու են ՀՆԱ-ի 2,8 տոկոսը, որն ավելի է 0,6 տոկոսային կետով:

Նախարարը նշել է, որ ԿԳՄՍՆ-ին հատկացվող բյուջեի ավելացման կարեւորագույն մաս է կազմում 300 դպրոցների եւ 500 մանկապարտեզների կառուցման ծրագիրը: Վահե Հովհաննիսյանի հավաստմամբ Կառավարությունը 200 դպրոցների շինարարության գնման աշխատանքները սկսում է 2023 թվականին, հաջորդ տարի դրանք արդեն կիրականացվեն: Ըստ զեկուցողի` այս բյուջեում ներառված չեն այն հավելյալ ծախսերը, որոնք կգոյանան ԼՂ բնակչության` ՀՀ-ում կրթության ապահովման արդյունքում:

«Երկրներում տնտեսական ակտիվության աճի տեմպերը դանդաղել են: Հիմնական ապրանքահումքային ապրանքների արժեքների նվազում կա: Պղնձի միջազգային գներն այս տարի 5,4 տոկոսով նվազել են, նավթինը` 20,8 տոկոսով, պարենի միջազգային գները` 14,7 տոկոսով: Պղնձի գնի նվազումը պայմանավորված է Չինաստանում եւ Եվրագոտում ավելի թույլ տնտեսական զարգացումներով»,- նշել է նախարարը:

Զբոսաշրջությունը, արտահանումները, դրամական փոխանցումները, պարտատոմսերը եւս բյուջեի կարեւոր մասն են կազմում: Ըստ բանախոսի` 2023 թվականին արտահանումն աճել է 48,4 տոկոսով, մեծ դեր ունի դեպի ՌԴ վերաարտահանումը` այն աճել է շուրջ 3 անգամ, հայկական ծագման ապրանքների արտահանումը նվազել է 0,8 տոկոսով:

Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ 2023 թվականի դրությամբ 48,8 տոկոսով զբոսաշրջիկների ավելացում կա, ՌԴ-ից ՀՀ այցելած զբոսաշրջիկներն ավելացել են 64,3 տոկոսով: Հունվար-սեպտեմբեր ամիսներին զբոսաշրջիկների թիվը հասել է 1 մլն 850 հազարի, ՌԴ-ից` 945 հազար եւ այլ երկրներից` 905 հազար: 2024 թվականին ակնկալվում է, որ զբոսաշրջիկների թիվը կհասնի 2 մլն 575 հազարի: Դրամական փոխանցումների առումով եւս նվազման միտումներ կան, որովհետեւ անցյալ տարի եղել է բավարար բարձր մակարդակ: Արձանագրվում է ոչ առեւտրային բնույթի դրամական փոխանցումների անկում եւ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով դրամական փոխանցումների նվազում:

Նախարարը նշել է, որ 2023 թվականին տնտեսական ակտիվության բարձր տեմպեր են ապահովվում: Նախորդ ժամանակաշրջանի նկատմամբ հունվար-սեպտեմբեր ամիսների տնտեսական ակտիվության աճը կազմել է 9,7 տոկոս: Ըստ նրա` արդյունաբերությունը բացասաբար է ազդել տնտեսական ակտիվության վրա: Դրա պատճառը հիմնականում Սոթքի հանքավայրի շահագործման դադարեցումն է:

Իսկ աշխատանքի շուկայում կան դրական զարգացումներ:

«2023 թվականի առաջին եւ երկրորդ եռամսյակներում զբաղվածության մակարդակն աճել է, գործազրկությանը` նվազել: Աշխատավարձի` 17,4 տոկոսով աճ ունենք, մասնավոր հատվածում 19 տոկոս է, պետական հատվածում` 9,4 տոկոս: Իրական աշխատավարձը 3,1 տոկոս գնաճի պայմաններում աճել է 13,9 տոկոսով, որը բավականին մեծ աճ է: Վարձու աշխատողների թվաքանակն աճել է 5,8 տոկոսով, իսկ գործազուրկների թիվը` նվազել 16 տոկոսով: Գործազրկության մակարդակը երկրորդ եռամսյակի ավարտով կազմում է 17,1 տոկոս, դա պատմականորեն ամենացածր ցուցանիշն է»,- նշել է Վահե Հովհաննիսյանը:

Նա հայտնել է, որ 2024 թվականի համար Կառավարությունն ունի դեպի ներքեւ գնացող կանխատեսումներ: Նախարարը նկատել է, որ եթե տարեսկզբում 2024 թվականի համար համաշխարհային տնտեսական աճը կանխատեսվում էր 3,1 տոկոս, ապա հիմա կանխատեսվում է 2,9 տոկոս:

«Մեր առեւտրային գործընկերների մոտ տնտեսական բարդ ժամանակաշրջան է, եւ մենք պետք է այնպիսի քաղաքականություն իրականացնենք, որ տնտեսական աճի այդ դանդաղումները մեզ վրա չազդեն: Այս ամենի հիման վրա կանխատեսվում է, որ նավթի միջազգային գները մի փոքր կնվազեն, պղնձի միջազգային գները կնվազեն 1,9 տոկոսով, 2024 թվականին պարենի գները եւս կնվազեն 2,8 տոկոսով»,- ասել է Վահե Հովհաննիսյանը:

Նախարարը հայտնել է, որ 2024 թվականին 7 տոկոս տնտեսական աճ կթիրախավորվի: 2023 թվականի բարձր տնտեսական աճի պայմաններում կանխատեսվում է վարձու աշխատողների ու իրական աշխատավարձի աճ, համապատասխանաբար` 5,5 եւ 13 տոկոսի չափ, իսկ 2024 թվականին աշխատողների թիվը կավելանա 2,7 տոկոսով, աշխատավարձերը կբարձրանան 8,8 տոկոսով: Գործազրկության մակարդակը 2024 թվականին կիջնի մինչեւ 12,3 տոկոս:

«Պարտքի մակարդակը կլինի 48,6 տոկոս: Բոլոր ռիսկերի նյութականացման դեպքում պարտքը կարող է բարձր լինել նաեւ 60 տոկոսից, սակայն դրա հավանականությունը ցածր է»,- հայտնել է գերատեսչության ղեկավարն ու հավելել, որ պլանավորվում է` 2024 թվականին ՀՀ դրամային պարտքը կլինի 44 տոկոսի շրջանում, 55 տոկոսը կլինի արտաքին պարտքը:

Ֆինանսների նախարարը ներկայացրել է նաեւ գերատեսչության? 2024 թվականի տարեկան բյուջեն: Այն կազմում է 330 մլրդ դրամ, որից պարտքի սպասարկումը կազմում է 322 մլրդ դրամ:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հետաքրքրվել է` կա՞ որեւէ տեսակի հաշվարկ, թե դրամի ամրապնդումն ինչպիսի՞ վնաս է հասցրել մշակող արդյունաբերությանը եւ «cashback»-ի տեսանկյունից կա՞ գործակից, որը հաշվի է առնում փոխարժեքի տատանումները: Փոխնախագահը նաեւ առաջարկներ է ներկայացրել, որոնք վերաբերում են բարդ ապրանքների «cashback»-ի համակարգին:

Ֆինանսների նախարարը տեղեկացրել է, որ գերատեսչությունը նման հաշվարկ չի կատարել, հնարավորության դեպքում հաշվարկները կարվեն:

««Cashback»-ի մասով պետք է ասեմ, որ նման գործիքակազմ չունենք, որպեսզի արտարժույթի տատանումների համար երաշխավորենք պետական միջոցներով տարբեր ապրանք արտահանողների ռիսկերը: Սովորաբար դրանք իրականացվում են շուկայավորման գործիքներով: Ժամանակն է, որ ՀՀ-ում եւս այդպիսի գործիքներ լինեն: Պետությունն ի վիճակի չէ նման մասշտաբով հանրային միջոցների հաշվին այդքան ռիսկեր կառավարել»,- նշել է Վահե Հովհաննիսյանը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն էլ նկատել է, որ տնտեսական աճի տեմպերը դանդաղել են: «Հայաստանի համար 2024 թվականին 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու համար դժվարություններ չեն առաջանա՞»,- հետաքրքրվել է Բաբկեն Թունյանը:

Վահե Հովհաննիսյանը նշել է, որ Կառավարությունը պետք է արագացնի ռեֆորմներ իրականացնելու տեմպերը եւ հավելել, որ պետք է ապահովել ներդրումների աճ եւ արտահանման` շարունակվող բարձր մակարդակ:

Բաբկեն Թունյանը նշել է, որ բյուջեի ծախսային մասն ու դրա եկամուտներն ապահովելու համար պետք չէ վարչարարության չափազանց խստացմանը գնալ. «Հարկային եկամուտ հավաքելը ոչ թե նպատակ է, այլ միջոց: Այդ ուղղուց չպետք է շեղվենք»,- ասել է հանձնաժողովի փոխնախագահը:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանն էլ հետաքրքրվել է, թե ինչ է նախաձեռնում Ֆինանսների նախարարությունը հարկային ծախսերի մասով:

Վահե Հովհաննիսյանը նշել է, որ հարկային ծախսերին ուղղված քայլերը մշտապես Կառավարության ուշադրության կենտրոնում են:

«Նպատակադրվել ենք ամեն տարի 0,5 տոկոսային կետով փոքրացնել վարչարարության ծախսերը: Ինչ վերաբերում է աջակցության ծրագրերին, ապա մենք նպատակ չունենք նոր հարկային արտոնություններ տալ, այլ նպատակ ունենք առկա` չգործող հարկային արտոնությունները նվազեցնել ու չեղարկել: Հավաքագրելու ենք հարկերն ու հետեւելու` այնտեղ, որտեղ հարկավոր են աջակցություններ, դրանք տրամադրելու ենք: Երկար տարիների ընթացքում տեսել ենք, թե ինչպես են հարկային արտոնությունները խեղաթյուրում ընդհանուր միջավայրն ու հնարավորություն տալիս հարկերից խուսափելու մեխանիզմներ որդեգրել»,- նշել է Ֆինանսների նախարարը:




Լրահոս