Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Անդրանիկ Քոչարյանի եւ Գեւորգ Պապոյանի նախագահությամբ հոկտեմբերի 30-ին քննարկվել են «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված ՀՀ ներքին գործերի նախարարության ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը:
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է վերոնշյալ ուժային կառույցի 2024 թվականի թվային արտահայտությամբ բյուջետային եկամուտներն ու ծախսերը:
ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի նախագծով ՀՀ ներքին գործերի նախարարության ընդհանուր հատկացումները կազմում են 89,484.7 մլն դրամ:
Կիրականացվի երկու ծրագիր` 20 միջոցառում:
Նախագծով նախատեսվող հատկացումները հիմնականում վերագրվում են ընթացիկ ծախսերին` 87,873.6 մլն.դրամ, իսկ կապիտալ ծախսերը կազմել են 1,611.1 մլն դրամ:
«Ներքին գործերի նախարարության ոլորտի քաղաքականության մշակում, կառավարում, կենտրոնացված միջոցառումների մոնիտորինգ եւ վերահսկողություն» ծրագրի գծով հատկացումները կազմում են 87,913.0 մլն դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով հատկացումները կազմում են 86,301.9 մլն դրամ, իսկ կապիտալ ծախսերը` 1,611.1 մլն դրամ:
ՆԳՆ աշխատակազմի գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը նշել է, որ ծրագրով իրականացվող Ներքին գործերի նախարարության գործունեության հիմնական նպատակներ են հասարակական կարգի պահպանությունը եւ հասարակական անվտանգության ապահովումը, պետական շենքերի կարեւորագույն օբյեկտների անվտանգության ապահովումը, հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովմանն աջակցելը: Արա Ֆիդանյանը կարեւորել է նաեւ ռազմական եւ արտակարգ դրությունների իրավական ռեժիմի ապահովմանը մասնակցելը, քրեական վարույթն իրականացնող մարմիններին օժանդակելը, փրկարարական ուժերի կարողությունների զարգացումը, աղետների վաղ ազդարարման համակարգի զարգացումը, մարդկային կորուստների եւ տնտեսական վնասների նվազեցումը: Տեխնիկական անվտանգության ոլորտում նա ընդգծել է արտադրական վտանգավոր օբյեկտների շահագործմամբ պայմանավորված, տեխնածին վթարների, դրանց հետեւանքով հասարակությանը եւ տնտեսությանը պատճառվող վնասների ռիսկերի նվազեցումը, միգրացիոն քաղաքականության մշակումը եւ իրականացումը, Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական փաստաթղթերի տրամադրման համակարգի արդիականացումը եւ բնակչությանը մատուցվող էլեկտրոնային ծառայությունների հնարավորությունների ավելացումը:
«ՀՀ ներքին գործերի նախարարության կրթական ծառայություններ» ծրագրի գծով հատկացումները կազմում են 1.571.7 մլն դրամ:
Ծրագրի նպատակն է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների մասնագիտական գիտելիքների եւ գործնական հմտությունների ձեւավորումը: Ծրագրի շրջանակում միջոցներ են նախատեսվել ոստիկանության ծառայողների նախնական, միջին եւ բարձրագույն մասնագիտական կրթության գծով:
ՀՀ ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը ներկայացրել է նաեւ 2023 թվականի ինն ամիսների օպերատիվ վիճակը եւ ընդգծել, որ թեեւ հանցագործությունների գծով աճ է գրանցվել, բայց այն մի շարք հանգամանքների բերումով կրում է պայմանական բնույթ: Հիմնականում աճել են սպանության, գողության, ավազակության, մեքենաներ գողանալու դեպքերը:
Ըստ բանախոսի` 2024 թվականին ոստիկանության զորքերի փոխարեն կձեւավորվի ոստիկանության գվարդիա: Կսկսեն գործել համայնքային ոստիկանության ստորոբաժանումներ:
ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ու ՀՀ ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը պատասխանել են պատգամավորների բազմաբնույթ հարցերին, որոնք առնչվել են բնագավառի խնդիրներին, ֆինանսական հատկացումներին:
ՀՀ ՆԳ նախարարը տեղեկացրել է, որ 2024 թվականին Մեղրիում նախատեսվում է կառուցել տիպային շենք, որտեղ կգործեն ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ:
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը հետաքրքրվել է «Նաիրիտ» ՓԲԸ-ում գտնվող վտանգավոր նյութերի ճակատագրով: Ի պատասխան` Արա Ֆիդանյանը փաստել է, որ դրանց վերացման համար պահանջվում է մասնագիտական հսկայածավալ աշխատանք: Ըստ նրա` խնդիրը կլուծվի մոտ ապագայում:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի հարցն առնչվել է ճանապարհային պատահարների թվի աճին: Նախարարը փաստել է, որ բազմաթիվ են պատճառները` սկսած վարորդների միմյանց չզիջելու հանգամանքից մինչեւ փողոցների լուսավորություն ու գծանշումների բացակայություն, որոնց պատասխանատուն տեղական իշխանություններն են: Վահե Ղազարյանն իրազեկել է, որ 2024 թվականը կհայտարարվի ՃՏՊ-ների դեմ պայքարի տարի:
Ամփոփելով` ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Ներքին գործերի նախարարությանն օրենսդրորեն լուծելու առկա բոլոր խնդիրները:
Նույն օրն Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստում քննարկվել են «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում նախատեսված պաշտպանության եւ պետական ռեզերվների, ԱԱԾ-ի ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը: