«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար անդրադարձել է, որ ԱԺ մեքենաների վերանորոգումն իրականացնում է «Գարանտսերվիս» ՍՊԸ-ն, որը նաեւ ոստիկանության եւ ՊՆ մատակարարներից է։ Այս ընկերությունը եւ մի շարք այլ ընկերություններ ժամանակին Հակոբյան եղբայրների համատեղ սեփականությունն էին. ԱԺ նախկին պատգամավոր Վերսանդիկ Հակոբյանի մահից հետո անցել են եղբոր՝ Հրայր Հակոբյանի տնօրինությանը։
Դատական տեղեկատվական հարթակից տեղեկացանք, որ Արմեն Հակոբյանն իր հանգուցյալ հայրիկի՝ Վերսանդիկ Հակոբյանի ներդրումները ստանալու նպատակով դիմում է ներկայացրել ՀՀ սնանկության դատարան՝ «Գարանտսերվիս» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջով: Դատարանը «Գարանտսերվիս» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին դիմումը ընդունել է վարույթ։
«Ժողովուրդ» օրաթերթը գործի մանրամասներին ծանոթանալու նպատակով կապ հաստատեց Արմեն Հակոբյանի հետ, որն ասաց, որ Հրայր Հակոբյանը խուսափում է իր եղբոր իրավահաջորդներին պարտքերը վճարելուց՝ չտրամադրելով համապատասխան փաստաթղթերն ու հաշվետվությունը, ինչի հետեւանքով ինքն ու եղբայրը հարցին լուծում տալու այլ տարբերակ չեն տեսել եւ դիմել են դատարան։ Արմեն Հակոբյանը հավելեց նաեւ, որ «Սպիտակ Դելֆին», «Բեստտուր», «Ֆրաս Պարկ», «Շամպայն գինիների գործարան», «Գարանտսերվիս», Ֆրանսիայի Հանրապետությունում, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ընկերությունները Վերսանդիկ Հակոբյանին պարտք են շուրջ 3.000.000 ԱՄՆ դոլար փոխառության գումար:
Ա. Հակոբյանը մտավախություն ունի, որ Հրայր Հակոբյանը ցանկանում է յուրացնել կամ կեղծ սնանկության հատկանիշներ ստեղծել այդ ընկերություններում, որպեսզի խուսափի պարտքը վճարելուց: Դրա համար հիմք են հանդիսանում այն փաստերը, որ Արմեն Հակոբյանը, հանդիսանալով այդ ընկերություններից մի քանիսի բաժնետեր, բազմիցս դիմել է Հրայր Հակոբյանի ղեկավարած կազմակերպություններին այդ ընկերությունների գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով, ինչին ի պատասխան՝ կա՛մ մերժում է ստացել, կա՛մ որեւէ պատասխան չի ստացել:
Արմեն Հակոբյանն ասաց նաեւ, որ, բացի այս գործից, հարուցված են բազմաթիվ այլ քրեական գործեր, որոնց քննությունն անհասկանալի երկար է տեւում, ինչը, հավանաբար, ուղիղ կապ ունի Հրայր Հակոբյանի կողմից գործով ներգրավված փաստաբան, իսկ նախկինում ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետ Մնացական Մարուքյանի հետ։ Արմեն Հակոբյանը հայտնեց, որ իր համար անձնական մեծ ցավ է այն փաստը, որ իր հարազատ հորեղբայրը նման կերպով միանձնյա որոշում է կայացրել եւ իրեն իրավունք է վերապահել չվերադարձնելու մահացած եղբոր որդիներին հասանելիք գումարները:
Նա հավելեց, որ այսօր իրականության մեջ հաճախ հանդիպող երեւույթ է դարձել, երբ մարդկանց շահամոլությունը վեր է դասվում մարդկային արժեքներից:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում