ՀՀ կառավարության «Հումանիտար կենտրոնում» ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սովորողների կրթության կազմակերպման գործընթացը:
«Այս պահի տվյալների համաձայն՝ ՀՀ հանրակրթական դպրոցներում սովորում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 16371 դպրոցականներ, որոնցից 5185-ը՝ Երևանում,- ասել է ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը և հավելել,- աշնանային արձակուրդներն ավարտվել են, և այս շաբաթվանից վերսկսվել է ուսումնական գործընթացը: Կոչ եմ անում բոլոր այն ծնողներին, որոնց երեխաները դեռևս չեն հաճախում դպրոցներ, անպայման դիմել իրենց բնակության վայրին մոտ գտնվող դպրոց՝ ապահովելու երեխայի կրթության շարունակականությունը»:
Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է, որ շարունակվում է նաև նախնական ու միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սովորողների աջակցության ծրագիրը, ըստ որի՝ ուսման վարձի փոխհատուցման նպատակով նրանց տրվելու է կրթաթոշակ: ՀՀ բուհերում այս պահին սովորում են ԼՂ-ից բռնի տեղահանված 1645, նախնական և միջին մասնագիտական ուսհաստատություններում՝ 991 ուսանող:
Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագրին՝ ԿԳՄՍ փոխնախարարը նշել է. «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում հրապարակվել է հանրապետության բոլոր այն դպրոցների թափուր հաստիքների ցանկերը, որտեղ ուսուցիչները կարող են անցնել աշխատանքի: Այսօրվա տվյալներով՝ այս ծրագրին դիմել է ԼՂ-ից բռնի տեղահանված 126 ուսուցիչ, որոնցից 52-ն արդեն գործուղվել է»:
Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է նաև, որ հանրապետության բոլոր մարզերի դպրոցներում աշխատանքի անցնելիս ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կստանան 30 տոկոս հավելավճար, իսկ որոշ մարզերի՝ Սյունիքի, Վայոց ձորի հանրակրթական ուսհաստատություններում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Վարդենիս համայնքներում, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան և Բերդ համայնքներում աշխատանքի անցնելու դեպքում 30 տոկոս հավելավճարից բացի կունենան նաև ամենամսյա 50 հազար դրամ լրավճար