Ուկրաինան Լեհաստանից հաղորդագրություն է ստացել նոյեմբերի 3-ից մինչև տարեվերջ փոխադրողների կողմից անցակետի հնարավոր փակման մասին։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասել է Ուկրաինայի պետական սահմանային ծառայության ներկայացուցիչ Անդրեյ Դեմչենկոն։
«Լեհական կողմի հետ տեղի է ունեցել սահմանի ներկայացուցիչների հանդիպում, որի ժամանակ Լեհաստանի գործընկերները հայտնել են, որ գործադուլը կարող է տեղի ունենալ նոյեմբերի 3-ից և կարող է շարունակվել առնվազն մինչև այս տարվա վերջ: Դա կիրականացվի այն փոխադրողների կողմից, ովքեր ցանկանում են որոշակի բարելավումներ անձամբ իրենց համար և մրցակցություն են տեսնում ուկրաինական փոխադրողների և իրենց միջև»,-ասել է Դեմչենկոն։
Նրա խոսքով՝ Ուկրաինան ներկայումս Լեհաստանից մանրամասն բացատրություններ է սպասում, թե ինչ գործողություններ կարող են ձեռնարկել լեհ փոխադրողները։ Պետական սահմանային ծառայության ներկայացուցիչը պարզաբանել է, որ իրենք տեղյակ են լեհ փոխադրողների կողմից Կրակովեց-Կորչևա անցակետը փակելու ծրագրերի մասին։