«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ արդեն տևական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել է նախագահական նստավայր՝ Բաղրամյան 26, և զբաղեցրել նախագահի աշխատասենյակը, քանի որ կառավարության շենքում հերթական վերանորոգումն է իրականացվում:
Գրել էինք նաև, որ վերանորոգումը սկսվել է դեռևս 2023 թվականի մայիսի 8-ին եւ պիտի ավարտվեր սեպտեմբերի 5-ին, սակայն, մեր տեղեկություններով, չնայած արդեն նոյեմբեր ամիսն է, բայց Փաշինյանը շարունակում է դեռ մնալ Բաղրամյան 26-ում:
Տեղեկացանք՝ պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանն իրեն ավելի հարմարավետ ու պաշտպանված է զգում նախագահականում, քան իր նստավայրում, դրա համար էլ ձգձգվում է նրա տեղափոխությունը:
Ինչպես գիտենք, կառավարության շենքի դիմաց գրեթե ամեն օր բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ թե՛ ընդդիմադիրները, թե՛ տեղահանված արցախցիները, թե՛ այս իշխանություններից դժգոհ քաղաքացիները, սովորաբար, իրենց ակցիան իրականացնում են այնտեղ: Ահա սա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում տեղափոխվել կառավարություն՝ իր աշխատասենյակ:
Այս ամենից, սակայն, դժգոհ է Վահագն Խաչատրյանը, որը չի կարողանում իր աշխատասենյակը վերադառնալ, ու ստիպված այլ աշխատասենյակում է նստում այս ընթացքում:
Քրիստինա Մուշեղյան