Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության ընդլայնման հարցը կքննարկվի Բրյուսելում մինչև տարվա վերջ։
Ըստ «Արմենպրես»-ի, այս մասին Եղեգնաձորում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։
Ռիտերն ընդգծել է, որ այս պահին դիտորդական առաքելության կազմում են ներկայացուցիչներ Եվրամիության անդամ 23 երկրներից՝ հավելելով, որ հնարավորություն կա, որպեսզի առաքելության կազմում ներկայացուցիչներ լինեն ԵՄ անդամ բոլոր 27 երկրներից։
«Առաքելության ընդլայնման հարցը կքննարկվի Բրյուսելում մինչև տարեվերջ։ Մենք պետք է սպասենք արդյունքներին։ Բայց, ինչպես նախկինում ասվել է, այս պահին այստեղ տեղի ունեցող իրադարձությունների պատճառով այս առաքելության նկատմամբ մեծ քաղաքական ուշադրություն կա»,- ասել է նա։
Անդրադառնալով ՀՀ-ում ԵՄ առաքելությանը երրորդ՝ ոչ ԵՄ անդամ երկրների միանալու հավանականության վերաբերյալ հարցին՝ Մարկուս Ռիտերը հիշեցրել է, որ Կանադան է որոշում կայացրել միանալ ԵՄ դիտորդական առաքելությանը, իսկ եթե այլ երկրների կողմից ևս նման հետաքրքրություն լինի, այդ հարցը կքննարկվի Բրյուսելում։