«ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին»  ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները Շիրակի մարզի գործարարներին ներկայացնելու համար նախօրեին կազմակերպվել էր քննարկում, որին մասնակցում էին ՓՄՁ հիմնադրամի ոչ առեւտրային կազմակերպության նախագահն ու տեսչական բարեփոխումները համակարգող աշխատանքային խմբի ղեկավարը: Փոքր ու միջին բիզնեսի հիմնադրամի նախագահ Նարինե Մայիլյանը գործարարներին եւ քննարկմանը մասնակցող հաշվապահներին փորձում էր բացատրել, որ կատարված  փոփոխությունների  նպատակն այն է, որ  առավել թափանցիկ դառնա ոլորտը,  եւ  գործարարի ու ստուգող  պետական կառույցի միջեւ առողջ աշխատանքային հարաբերություններ ապահովեն: Մայրաքաղաքից ժամանած հյուրերը նաեւ շեշտեցին, որ ըստ ռիսկայնության`  առանձնացվելու է տնտեսվարողների 3 խումբ, որպեսզի ՓՄՁ-ներում նույն կերպ ու նույն հաճախականությամբ ստուգումներ չիրականացվեն: Կատարված փոփոխությունների մասին տեղեկատվությունը ստանալուց հետո գյումրեցի գործարարներն ու հաշվապահները հնարավորություն ստացան ներկայացնել սեփական դիտարկումներն ու  այն պայմանները, որոնցով աշխատում են: Գործարարների կարծիքով՝ առ այսօր «բարեփոխումները» որեւէ դրական ազդեցություն չեն գործել, հակառակը`  խոշոր գործարարը հնարավորություն է ստացել զարգացնել իր բիզնեսը, իսկ միջին եւ մանր գործարարը` մեծ դժվարությամբ գոյատեւել: «Մի քանի ամիս կանցնի` կտեսնենք: Ես վստահ եմ, որ ինչքան կուժ ու կուլա կա, կջարդվի խեղճերի ու խելոքների վրա, իսկ էն մարդիկ, որոնք գիտենք` ինչեր են կատարում, էդպես էլ կմնան»,-շեշտեց հաշվապահ Ալբերտ Մարտիրոսյանը: ՓՄՁ Գյումրու գրասենյակի տնօրեն Արթուր Զաքարյանն էլ հավելեց, որ հարկային տեսուչների թիկունքում այսօր կանգնած է պետությունը, ի տարբերություն նրանց`  փոքր գործարարը մենակ է իր բազմաթիվ խնդիրների հետ: Հարկայինն էլ այսօր ավելի շատ ոստիկանական, ուժային կառույց է հիշեցնում:  «Հարկայինը պլան է կատարում: Հարկավոր է, որ էդ  պլանային համակարգը վերանա, որ չասեն` էսքան փող բեր»,-հստակեցրեց Արթուր Զաքարյանը: «Հարկայինում կարող են պահանջել, թե էստեղ քիչ է խփված, ավելացրե՛ք. խոսքը շրջանառության մասին է: Հարկայինն ի՞նչ իրավունք ունի ասել՝ միլիոնը քիչ է, դարձրա 3 միլիոն»,-բողոքեցին  քննարկման մասնակիցները: «Իրանցից դուրս էնպիսի թվեր են ասում, որ արդեն գերավճարներ են նստած փոքր ու միջին ձեռնարկատիրական կազմակերպությունների հարկային հաշիվներում: Դրանցով էլ չեն բավարարվում, նորից ամեն ինչ շատացնում են: Էս ամիս 100 մուծեցիր, մյուս ամիս 200, 250 են ուզելու: Հիմի տարվա վերջ է` 500 կուզեն եւ կամայական` բյուջե լցնելու համար»,-նշեց հաշվապահ Կարինե Սիմոնյանը: Գործարարների խոսքերով` օրենքով աշխատել էլ չեն կարող, որովհետեւ այդ դեպքում ստիպված կլինեն «տուն-տեղ ծախել ու տալ պետությանը»:ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԳյումրի




Լրահոս