ՔԱՂԱՔԱՑԻՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԻՐ ՏԱՐԱԾՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս  «ժողովուրդ»-ի  խմբագրություն էր դիմել Մարգարիտա Պապոյանի  լիազորված անձ Խաչատուր Մելքոնյանը` նշելով, որ 2002թ-ին Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրերն իրականացնելու նպատակով Երեւանի քաղաքապետարանը որոշում էր կայացրել Մ.Պապոյանին պատկանող տաղավարն ապամոնտաժել եւ  այլ վայր տեղափոխել: Այս հարցով  Խ.Մելքոնյանը դիմել է  ե՛ւ Երեւանի քաղաքապետարան, ե՛ւ թաղապետարան, սակայն  քաղաքապետարանից նրան պատասխանել են,  որ դա  թաղապետարանի որոշման  խնդիրն է, իսկ թաղապետարանից էլ, թե՝ քաղաքապետարանինը:  2008թ-ի սեպտեմբերին վարչական դատարանը որոշում է կայացրել պարտադրել  Երեւանի քաղաքապետարանին պայմանագիր ստորագրել Մարգարիտա Պապոյանի հետ. «Եւ քանի որ քաղաքապետարանը կամովին չցանկացավ ստորագրել այդ պայմանագիրը, մենք ստիպված կատարողական թերթիկն, առանց ժամկետները խախտելու,  ուղարկեցինք ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայություն, որպեսզի վերջինիս կողմից իրականացվի դատարանի վճիռը: Այնտեղից ստացվել է որոշում, որ վճռի  իրականացման համար քաղաքապետարանին տրամադրվել է 10-օրյա ժամկետ: Քաղաքապետարանը,  չհամաձայնելով վարչական դատարանի որոշման հետ, դիմել է  ՀՀ դատախազությանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն էլ դիմել է Վճռաբեկ դատարան, սակայն  վերջինս  որոշումը չի փոխել: Միայն մեկ անգամ`  2008թ-ին  է քաղաքապետարանը փորձել տեղեր առաջարկել, բայց առաջարկը մեր կողմից անընդունելի է եղել, քանզի այդ տարածքները  Թումանյան-Տերյան տարածքին հեչ համարժեք չեն:Մենք ցանկանում ենք, որ ի կատար ածվի դատարանի որոշումը,  որին ո՛չ քաղաքապետարանն է ցանկանում ենթարկվել, ո՛չ էլ ԴԱՀԿ-ը: Ինչպես նաեւ անձամբ արդարադատության նախարարը, քանի որ նա մեզ գրավոր պատասխանել  է, թե  ժամանակն  անցել է, եւ հնարավոր չէ հետ գնալ 2002թ.»: Հարցի կապակցությամբ փորձեցինք պարզաբանումներ ստանալ Երեւանի քաղաքապետարանից, որի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության  պետ Արթուր Գեւորգյանը  նշեց, որ տվյալ դեպքի հետ կապված` վճռում  որեւէ հասցե  նշված չէ, ուստի պարզ չէ, թե ինչ տարածքի մասին է  խոսքը. «Այսինքն`  վճռի մեջ բացակայում է Թումանյան 24/1 հասցեն: Սակայն Մ.Պապոյանի վստահված անձը  պնդում է, որ համաձայն կայացված վճռի` իրեն պետք է տրամադրեն կոնկրետ այդ հատվածը: Եւ ինչքանով որ ես եմ տեղեկացված, Մ.Պապոյանին  առաջարկվել են այլ տարածքներ, սակայն վերջինս հրաժարվել է քաղաքապետարանի կողմից  առաջարկված տարածքներից` բացառապես պնդելով, որ իրեն տրամադրեն կոնկրետ  Թումանյան 24/1 հասեցում գտնվող կրպակի վարձակալության  իրավունքը»: Ստորեւ ներկայացնում ենք նաեւ ՀՀ վարչական դատարանի  վճիռը. «Համաձայն ՀՀ վարչական  դատավարության օրենսգրքի 59-րդ, 112-115-րդ, ՀՀ քաղաքացիական դատավարության  օրենսգրքի 130-132-րդ հոդվածների`   դատարանը վճռեց հայցը բավարարել մասնակի` վերացնել  պատասխանող  Երեւանի  քաղաքապետարանի անգործությունը` վերջինիս պարտավորեցնել  կատարելու  Երեւանի  քաղաքապետի 10.10.2002. թիվ 1785-Ա որոշումը եւ Մարգարիտա Պապոյանի  հետ կնքել վարձակալության պայմանագիր: Երեւանի քաղաքապետի 30.102007 թիվ 4505-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին  Մարգարիտա Պապոյանի հայցը մերժել: Պետական տուրքի հարցը համարել լուծված: Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում  հրապարակման պահից եւ կարող է բողոքարկվել  վճռաբեկության կարգով` ՀՀ վճռաբեկ դատարան: Վճիռը կամովին չկատարելու դեպքում դա կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման  ծառայության միջոցով` պարտապանի հաշվին»:  ՄԵՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆ




Լրահոս