Մոտ երկու ամիս է, ինչ դերասան, ազատամարտիկ Կարեն Մկրտչյանն անվանասայլակին է, և նրա առողջական վիճակում դրական դինամիկա չկա: Դերասանին օգնելու համար կազմակերպվել է դրամահավաք: Թե որքան գումար է հավաքվել, պարզեցինք Կարեն Մկրտչյանի հորից` Գրիշա Մկրտչյանից:
-Պարո՛ն Մկրտչյան, ինչպե՞ս է իրեն զգում ձեր որդին:
-Նույն է վիճակը, փոփոխություն չկա: Դեպի վատը չի գնում, դեպի լավն էլ չի գնում: Ստաբիլ է վիճակը: Ճիշտ է, ցավեր ունի, բայց դրանք չեն սաստկանում:
-Դեռ գամված է անվանասայլակի՞ն:
-Ցավոք, այո: Երանի կարողանար վեր կենալ սայլակից ու քայլեր:
-Իսկ կարողանո՞ւմ է նորմալ հաղորդակցվել իր հարազատների ու մտերիմների հետ:
-Հեռախոսով չէ, դրանից գլուխը ցավում է, բայց հազիվ խոսում է: Դրա համար էլ աշխատում ենք շատ մարդ մոտը չթողնել: Բարեկամներիս չեմ թողնում գալ որդուս մոտ, բայց գիտեմ, որ մեր ժողովուրդն ու սփյուռքահայերն անհանգստանում են ու իրեն շատ են սիրում:
-Որոշե՞լ եք, երբ եք Կարենին Գերմանիա տանելու:
-Այսօր գնացել տոմսեր եմ բրոնիա արել: Երկուշաբթի Կարենը Վարդան Արզումանյանի հետ կմեկնի Գերմանիա:
-Ինչո՞ւ հենց Գերմանիա:
-Գերմանիայում բուժումը մատչելի է, բացի այդ` բուժվելու երաշխիք տվել են 80 տոկոսով, իսկ Իսրայելում երաշխիք չէին տալիս, բացի այդ` այնտեղ բուժումը թանկ էր:
-Որքա՞ն գումար է հավաքվել այս պահին:
-Մոտ 27.000 եվրո:
-Մեր մեծահարուստներից որևէ մեկը համաձայնվե՞լ է նյութապես օգնել:
Զանգող եղել է, բայց գործնական առումով քայլեր չեն արել: Բոլորը աջակցողները սովորական մարդիկ են: Ես իրենց ցավը տանեմ:
Սոնա Դավթյան