Կբարձրացվի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետբյուջեից սուբվենցիայի տրամադրման գործընթացի արդյունավետությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետբյուջեից սուբվենցիայի տրամադրման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում։

Ըստ այդմ՝ առաջարկվում է տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման նպատակով դիտարկել այն համայնքների հայտերը, որոնց նախորդ տարվա հարկերի, տուրքերի և այլ վճարների հավաքագրման մակարդակը 90 տոկոս և ավելի է։ Իսկ 90 տոկոսից ցածրի դեպքում՝ սուբվենցիայի հայտը ենթակա է քննարկման Միջգերատեսչական հանձնաժողովում, ընդ որում համայնքի կողմից ներկայացված հավաքագրման թերկատարման վերաբերյալ հստակ հիմնավորումների և թերկատարման բարելավմանն ուղղված ձեռնարկվող քայլերի հիման վրա։

Առաջարկվում է՝ սուբվենցիայի ամբողջական փաթեթում նախադպրոցական հաստատությունների, հասարակական շենքերի և քաղաքացիական պաշտպանության ենթակառուցվածքների կառուցման ու վերակառուցման դեպքում՝ դրանց շահագործման ու պահպանման ծախսերը համայնքային բյուջեում և միջնաժամկետ ծախսային ծրագրում ներառելու վերաբերյալ տեղեկանքը:

«Խմելու ջրամատակարարման, ինչպես նաև ջրահեռացման համակարգի կառուցում/նորոգում» և «Ոռոգման համակարգի կառուցում/նորոգում» ուղղությունների համար պետբյուջեի համաֆինանսավորման չափաբաժինը բարձրացնել 5 տոկոսով՝ դարձնելով այն 65-ից 70 տոկոս՝ 60-70 տոկոսի փոխարեն։ «Բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում սալարկմամբ, խճապատմամբ» ուղղությունը առանձնացնել՝ բնական քարերով սալարկման համար պետբյուջեի համաֆինանսավորման չափաբաժինը սահմանելով 55-ից 75 տոկոս, իսկ բետոնե սալիկներով հիմնանորոգման համար՝ 30-ից 50 տոկոս։ Նախադպրոցական հաստատությունների կառուցում, վերակառուցում/նորոգում» և « Հասարակական շենքերի (մշակույթի տուն, համայնքային կենտրոններ և այլն) կառուցում/վերանորոգում» ուղղություններում ներառել նաև տվյալ օբյեկտի համար անհրաժեշտ գույքի ձեռքբերումը, որի տեղաբաշխման նախագիծը պետք է մաս հանդիսանա ընդհանուր նախագծանախահաշվային փաստաթղթերի։ Միաժամանակ որոշմամբ առաջարկվում է ազգային փոքրամասնություններով բնակեցված և մինչև 100,0 մլն դրամ համայնքային բյուջե ունեցող համայնքներին պետբյուջեից համաֆինանսավորման չափաբաժինն ավելացնել 5 տոկոսով։ Դրա հետ մեկտեղ, առաջարկվում է մեքենասարքավորումների և գույքի ձեռքբերման ուղղությունից առանձնացնել աղբահանության ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ տեխնիկայի և գույքի ձեռքբերումը և ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորման չափաբաժին սահմանելով 50-ից 65 տոկոս։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է համայնքների բյուջեների հետ կապված կարգավորումը և նշել.

«Դա չափազանց կարևոր է, բայց նաև ասեմ հետևյալը, որ մարզպետարանների աշխատակազմերի 2022 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունները լսելով, գոնե զեկույցների մակարդակով, ես ոչ մի տեղ չեմ հիշում, որ որևէ տեղ հավաքագրումները 90 տոկոսից պակաս լինեին։ Այսինքն` մենք հիմա գործնականում 90 տոկոսից պակաս չունենք, բայց լավ է այս նշաձողը դնել, հետո կամաց-կամաց պետք է պահանջներն ավելի խստացնել»։

Վարչապետը սուբվենցիոն ծրագրերի իրականացման շրջանակում ընդգծել է բետոնե սալիկների փոխարեն բնական քարերի օգտագործումը, ինչը շատ ավելի նախընտրելի է, ծախսի առումով՝ արդյունավետ։ Կառավարության ղեկավարն առաջարկել է դրա հետ կապված համապատասխան լրացումը կատարել որոշման մեջ:




Լրահոս