ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԿԱՊԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ համատեղ ասուլիսում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ լինելով լայնածավալ ֆրանկոֆոն տարածքի մի մասնիկը՝ Հայաստանը նախորդ տասնամյակների ընթացքում վերահաստատել է իր արժեհամակարգային անքակտելի կապը ֆրանկոֆոնիայի հետ, եւ դրա վկայությունն են վերջին տարիների ձեռքբերումները, այդ թվում՝ Երեւանում 2018 թվականին ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի հյուրընկալումը եւ կազմակերպության նախագահության ստանձնումը չորս տարով։

 

Նրա խոսքով՝ երկխոսության դինամիկան վկայում է ՖՄԿ-ի եւ Հայաստանի միջեւ բարձր մակարդակի հարաբերությունների եւ սերտ համագործակցության մասին։ Այսօր Հայաստանի եւ տարածաշրջանի համար մարտահրավերներով լի շրջանում տեղի ունեցող այցը դիտվում է որպես ՖՄԿ-ի կողմից համերաշխության եւ աջակցության ուղերձ։

Բաց չթողնելով նաեւ տնտեսական ուղղությունը՝ Հայաստանը, ըստ ՀՀ արտգործնախարարի, կարեւորում է ՖՄԿ անդամ երկրների գործարար շրջանակների մասնակցությամբ առեւտրատնտեսական առաքելությունների կազմակերպման նախաձեռնությունն ու դրանով ընձեռվող հնարավորությունները։ Ֆրանկոֆոնիայի հետ համագործակցության խորացման՝ Հայաստանի հանձնառության դրսեւորումներից է նաեւ 2027 թվականին մեր երկրում ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերը հյուրընկալելու պաշտոնական հայտի ներկայացումը։ Պաշտոնական Երեւանն ակնկալում է կազմակերպության դրական արձագանքը։

Դրանք բացառիկ հնարավորություն կարող են ընձեռել միջազգային ֆրանկոֆոն համայնքի երիտասարդ ներկայացուցիչներին խաղաղության, մարդու իրավունքների եւ միասին ապրելու արժեքների շուրջ համախմբվելու նպատակով։ Բացի մեր երկրի եւ ՖՄԿ-ի միջեւ արդյունավետ համագործակցությունից, ստեղծված իրավիճակում Միրզոյանն ընդգծեց կազմակերպության կողմից Հայաստանի հետ համերաշխության կարեւորությունը եւ, մասնավորապես, սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական հարձակման կապակցությամբ ՖՄԿ-ի գլխավոր քարտուդարի հստակ ու հասցեական արձագանքը, ինչը կարեւոր է ոչ միայն տեղի ունեցածին՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտմանը եւ դրա նախապատրաստման քաղաքականությանը հստակ գնահատականներ տալու, նման մտածելակերպն առհասարակ դատապարտելու եւ մերժելու համար, այլ նաեւ հայրենազրկման ենթարկված մարդկանց հետագա իրավունքները պաշտպանելու համար։

«Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտման հետեւանքով Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափվեց՝ հերթական անգամ ի ցույց դնելով նման իրավիճակների կանխարգելման հարցում միջազգային համակարգի մեծ բացերը։ Միաժամանակ դա ի ցույց դրեց տարածաշրջանում ուժի կիրառման գործելակերպի ուղղակի կամ անուղղակի խրախուսման վտանգավորությունը եւ դրա զսպման հրամայականը»,- ասաց ՀՀ արտգործնախարարը։

Նրա հավաստմամբ՝ ներկայումս Հայաստանը գործադրում է բոլոր հնարավոր ջանքերը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազար հայերի առաջնահերթ կարիքներին արձագանքելու համար։ Այդ ուղղությամբ Հայաստանը համագործակցում է միջազգային գործընկերների հետ։ ՖՄԿ-ի գլխավոր քարտուղարն այսօր հանդիպել է բռնի տեղահանվածների, այդ թվում՝ երեխաների հետ։ Հավատարիմ լինելով Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության հաստատման օրակարգին՝ պաշտոնական Երեւանն ընդգծում է տարածաշրջանային երկրների կողմից նշված մոտեցումը փոխադարձելու եւ այդ ուղղությամբ հստակ, գործուն քայլեր կատարելու անհրաժեշտությունը։

 

 

ԱՅՑԵԼԵԼ Է ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Փհենյան: Երկօրյա այցի ընթացքում Լավրովը հանդիպում կունենա հյուսիսկորեացի իր պաշտոնակցի հետ։

«ՏԱՍՍ» գործակալությունը հիշեցնում է, որ օրերս Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարն ուղեկցել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին Պեկին կատարած այցի ժամանակ եւ հանդիպումներ անցկացրել իր չինացի պաշտոնակից Վան Իի հետ:

Ռուսաստանի ղեկավարը նույնպես պաշտոնական հրավեր ունի ԿԺԴՀ այցելելու, սակայն, ըստ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, հնարավոր այցի ժամկետները պետք է նախապես համաձայնեցվեն «դիվանագիտական ուղիներով»։ Պեսկովը չի բացառել, որ հարցը պարզ կդառնա Լավրովի աշխատանքային ուղեւորության ընթացքում։

Մեկ ամիս առաջ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պաշտոնական այցով ժամանել էր Ռուսաստան եւ «Վոստոչնի» տիեզերակայանում հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ։ Ռուսաստանը դարձել էր առաջին պետությունը, ուր Կիմ Չեն Ընն այցելել էր համավարակի սկզբից ի վեր:

 

 

 

 

ՎԵՐԱԴԱՐՁՐԵՑ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավարը 45 միլիոն դրամ է վերադարձրել պետությանը։

ՀՀ հակակոռուպցիոն դատարանի վարույթում քննվող քաղաքացիական գործով, ըստ հայցի, ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունն ընդդեմ Արմեն Մանվելի Հարությունյանի (Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար, 2009թ.) եւ մյուսների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին գործով դատարանի վճռով հաստատվել է կողմերի հաշտության համաձայնությունը, որով Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվելու 45,100,000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով գույքեր եւ դրամական միջոցներ։

 

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է ԴԵՍՊԱՆԻՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրիաս Պուլոկասին:

Վարչապետը կարեւորել է հայ-լիտվական հարաբերությունների շարունակական զարգացումը եւ ընդգծել երկկողմ փոխգործակցության դրական դինամիկան, որն արձանագրվել է վերջին տարիներին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է Լիտվայի հետ տարբեր ուղղություններով ծրագրերի իրականացմամբ ու նոր նախագծերի քննարկմամբ: Վարչապետը շեշտել է նաեւ Լիտվայի աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը նպաստելու առումով:

 

 

ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բանտից նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Իմ կոչը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. ես առաջին անգամ եմ դիմում ձեզ եւ դա անում եմ հրապարակայնորեն, քանի որ շատ մտահոգված եմ մեր տարածաշրջանի եւ Հայաստանի ճակատագրով»,- ասել է նա։

«Դուք իշխանության եք եկել ժողովրդական ընդվզումների արդյունքում, այսինքն,  Պուտինի տերմինաբանությամբ, գունավոր հեղափոխության, եւ հավատա՛ ինձ, որքան էլ նրան ծաղրեք, հավատարմության երդում տաք, նա Ձեզ երբեք չի ների։ Ավելին՝ Ձեր վերջին հայտարարություններից, քաղաքական քայլերից եւ հատկապես Հռոմի ստատուտի վավերացումից հետո նա Ձեր արյան թշնամին է եւ Ձեզ տապալելու է իր ձեռքի տակ եղած բոլոր հնարավորություններով՝ ներքին անկարգություններ, ռազմական գործողությունների խրախուսում։ Դա Ձեզ տնտեսապես կխեղդի եւ կօգտագործի հիբրիդային պատերազմի ողջ զինանոցը:

Պետք է հիշել, որ շատ քիչ ժամանակ ունեք։ Իշխանության գալուց հետո Դուք չկարողացաք հիմնարար բարեփոխումներ իրականացնել, իսկ Ձեր ներկայիս պետական ապարատն իսկապես Կրեմլի հինգերորդ շարասյունն է։ Դուք ուշացել եք եվրաինտեգրումից:

Պետք է պահանջեք անհապաղ դուրս բերել ռուսական ռազմաբազան, դուրս գաք ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից, Մաքսային միությունից եւ դիմեք Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին։

2013 թվականին Եվրահանձնաժողովի նախագահ Բարոզուի հետ միասին թռչեցինք Երեւան՝ ապարդյուն փորձելով համոզել ձեր նախորդ Սերժ Սարգսյանին չմիանալ Մոսկվայի հովանու ներքո գտնվող որոշ կազմակերպություններին։

Եվ վերջապես, Դուք պետք է բացահայտորեն հայտարարեք եւ անհապաղ խաղաղության պայմանագիր կնքեք Ադրբեջանի հետ եւ դրանով ճանապարհ բացեք Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ հիմնարար փոփոխությունների համար։

Անձնական խիզախության եւ քաղաքական խիզախության պակաս չեք ունենա, եւ հուսով եմ, որ թույլ չեք տա Պուտինին ոչնչացնել Ձեզ եւ միեւնույն ժամանակ կործանել Ձեր երկիրը եւ ամբողջությամբ խարխլել մեր տարածաշրջանը։

Բոլորիս առջեւ ծառացած վտանգը շատ իրական է եւ պահանջում է անհապաղ գործողություն: Հուսով եմ այս անգամ չեք վարանի։

Հաջողություն Ձեզ եւ հաջողություն հայ ժողովրդին»,- ասված է Սաակաշվիլիի նամակում։

 




Լրահոս