ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ Է ԸՆԿԵՐՈՋ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ավարտվել է դեռեւս 2019թ. Դիլիջան քաղաքի բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասով նախաքննությունը:

 

Այսպես, 2019թ. դեկտեմբերի 24-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, անհայտ անձը (անձինք) Դիլիջան քաղաքում գործող ռեստորանի դիմաց սպանելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինի պահվող ինքնաձիգից կրակահերթ էր արձակել նույն քաղաքի բնակչի ուղղությամբ, որի հետեւանքով վերջինս եւ ընկերը ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը՝ Դիլիջան քաղաքի բնակիչ Մ.Խ.-ն, մահացել էր:

Իրականացված քննչական անհրաժեշտ գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ։ Մասնավորապես, տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Դիլիջան քաղաքի բնակիչներ Ա.Բ.-ն, Մ.Խ.-ն եւ Ա.Ղ.-ն եղել են մանկության ընկերներ: 2019թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Մ.Խ.-ն եւ Ա.Ղ.-ն Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում գործող գազալցակայանում հանդիպել են Ա.Բ.-ին, որտեղ վերջինիս եւ Ա.Ղ.-ի միջեւ վիճաբանություն է առաջացել։ Դրա ընթացքում Ա.Բ.-ն իր մոտ եղած հրազենից կրակոցներ է արձակել Ա.Ղ.-ի ուղղությամբ՝ պատճառելով հրազենային մարմնական վնասվածքներ: Վիճաբանությանը միջամտել է Մ.Խ.-ն եւ Ա.Բ.-ին հեռացրել մի կողմ, որից հետո վերջիններիս միջեւ ձեւավորվել են լարված փոխհարաբերություններ:

Ա.Ղ-ի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Ա.Բ.-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որի ընթացքում նա բնակվել է ընկերոջ ընտանիքին պատկանող հյուրանոցային համալիրում՝ միաժամանակ կազմակերպելով մանկության ընկերոջ՝ Մ.Խ.-ի սպանությունը եւ այդ ուղղությամբ ձեռնարկելով նախապատրաստական մի շարք գործողություններ։ Սպանությունից մոտ 3 ամիս առաջ մեկ այլ ընկերոջ միջոցով նա գնել է «ՎԱԶ 2107» մակնիշի խոտանված ավտոմեքենա, որի մեջ թաքցրել է ինքնաձիգ, սակայն մինչ Մ.Խ.-ի սպանության դեպքը՝ 2019 թվականի դեկտեմբերի 16-ին, նշված ավտոմեքենան իրավապահների կողմից հայտնաբերվել է, որի մեջ հայտնաբերվել է նաեւ փամփուշտներով լիցքավորված նշված ինքնաձիգը:

Այնուհետեւ Ա.Բ.-ն, շարունակելով հանցավոր մտադրությունը կյանքի կոչելու գործողությունները, ներգրավել է ինքնությունները չպարզված այլ հանցակիցների եւ ղեկավարել նրանց արարքները:

Նախաքննության ընթացքում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել է: Դեպքի վայրի եւ հիշյալ տրանսպորտային միջոցի զննությամբ հայտնաբերվել եւ վերցվել են փամփուշտի պարկուճներ, ինչպես նաեւ քննության համար հետաքրքրություն ներկայացնող այլ առարկաներ։

Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաեւ, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի հայտնաբերման վայրից հանցագործներին «UAZ 31519» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է վերջիններիս ծանոթ, նույն քաղաքի բնակիչը:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Ա.Բ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Վերջինիս վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթում, հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, եւ վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Սպանությունն իրականացրած անձի, հանցագործությանն օժանդակողների, ինչպես նաեւ ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու, կրելու մասով նախաքննությունը շարունակվում է:

 

 

ՆՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ հետեւյալը.

 

Ստեփան Մաչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019 թվականի հունիսի 3-ից մինչեւ 2020 թվականի օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ֆինանսական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետի պաշտոնակատարի ու միեւնույն ժամանակ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարողի պաշտոնները, 2019 թվականի մայիսի 22-ի թիվ 475-Ա/4 հրամանով հաստատված պաշտոնի անձնագրով լիազորված է եղել տնօրինել ՀՀ ԱՍՀ նախարարությանն ամրացված գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, ապահովել նախարարության բյուջետային միջոցների ծախսերի կատարումը, պարտավոր է եղել կատարել գլխավոր ֆինանսիստի պարտականությունները, ինչպես նաեւ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետի ու ՀՀ կառավարության՝ 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 6-րդ կետի իմաստով հանդիսացել է պատվիրատուի ղեկավարը։ Այդ կարգավիճակով պայմանավորված՝ նույն որոշման 5-րդ կետի համաձայն՝ պատասխանատու է եղել յուրաքանչյուր գնման գործընթացի համար եւ վերոգրյալ լիազորությունների ուժով հանդիսացել է պաշտոնատար անձ, ինչպես նաեւ ի պաշտոնե իրազեկված է եղել գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված գնումների գործընթացի կազմակերպման վերաբերյալ կարգավորումներին:

ՀՀ կառավարության՝ 21.11.2019թ. N 1669-Ն որոշմամբ խմբագրված ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 7-ի N 1555-Ն որոշմամբ՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվել է 2.380.457.000 ՀՀ դրամ,եւ, ի թիվս այլնի, նույն որոշման 2.3 կետով նախատեսվել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության շենքերի եւ բնակարանների ձեռքբերում եւ կահավորում» միջոցառման համար հատկացնել 270.000.000 ՀՀ դրամ, որից 210.000.000 ՀՀ դրամը` շենքերի եւ շինությունների ձեռք բերման, 60.000.000 ՀՀ դրամը՝ ձեռք բերված շենքերի կահավորման համար: Ընդ որում՝ հիշյալ ծրագրի շրջանակներում ձեռքբերվելիք բնակարաններում եւ առանձատներում նախատեսվել է բնակեցնել տուն-ինտերնատներում բնակվող տարեցներին եւ մյուս անապահով խմբերին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԳՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 17-ին օտարերկրյա քաղաքացին ոստիկանություն հաղորդում էր տվել, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 13.00-ին, «Մերսեդես» մակնիշի իր մեքենան կայանել է «Զվարթնոց» օդանավակայանի վճարովի ավտոկանգառի 2-րդ հարկում եւ նույն օրը Երեւան-Թեհրան չվերթով մեկնել է ԻԻՀ: Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 01.00-ի սահմաններում, վերադառնալով Երեւան, տեսել է, որ գողացել են նշված վայրում կայանած իր «Մերսեդեսը»՝ պատճառելով 23 000 դոլարի վնաս: Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հոկտեմբերի 14-ին գողությունը կատարել են հինգ տղամարդիկ: Քրեական հետախույզները նրանցից 57-ամյա տղամարդուն Սիլիկյան թաղամասում հայտնաբերել, ձերբակալել եւ, գողացած «Մերսեդեսով» հանդերձ, տեղափոխել են գծային բաժին: Հայտնաբերվել եւ ձերբակալվել են եւս երեք մասնակից:

Ձերբակալվածները, կազմված փաստաթղթերը եւ գողացված մեքենան ներկայացվել են «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին:

Բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 18-ին «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին է ներկայացել նաեւ գողությանը մասնակցած 52-ամյա տղամարդը։ Նա նույնպես ներկայացվել է «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին:

Հանգամանքները պարզվում են:

 

 

ՆԱԽԱՐԱՐԻ ԳՈՐԾԸ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցրած Հ.Պ.-ն, իր ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերի օգտագործելով, օժանդակել է «Երեւանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված՝ Երեւանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քառակուսի մետր մակերեսով տարածքը արտակարգ եւ լիազոր դեսպան Ա.Ս.-ի կազմակերպած ու ղեկավարած հանցավոր խմբի կողմից խարդախությամբ հափշտակելուն:

Դատախազը 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Հ.Պ.-ի նկատմամբ հարուցել էր նոր հանրային քրեական հետապնդում։

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով մեղադրյալ, ՀՀ մշակույթի նախկին նախարար Հ.Պ.-ի կողմից ներկայացված դիմումի հիման վրա՝ քննիչի կողմից որոշում է կայացվել մեղադրյալի բացակայությամբ վարույթ իրականացնելու վերաբերյալ:

2023 թվականի հոկտեմբերի 4-ին դատախազը հաստատել է Հ.Պ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը եւ վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:




Լրահոս