ՆՈՐ ԹԱՓՈՎ Է ՀԱՐՁԱԿՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի բանակն իր Telegram ալիքում հայտարարել է, որ ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի հակատանկային հրթիռային համակարգի հրամանատարին, ինչպես նաեւ շարժման նավատորմի ներկայացուցչին։

 

Իսրայելի պաշտպանության բանակը սպանել է «ՀԱՄԱՍ»-ի երկու ահաբեկիչների՝ «ՀԱՄԱՍ» ահաբեկչական կազմակերպության Գազայի քաղաքային բրիգադի հակատանկային հրթիռային համակարգի հրամանատար Մուհամմադ Աուդալլահին եւ «ՀԱՄԱՍ»-ի ռազմածովային ուժերի ահաբեկիչ Աքրամ Հիջազիին»,- նշում է Իսրայելի պաշտպանության բանակը:

Իսրայելի պաշտպանության բանակը հավելել է, որ թիրախավորել է շարժման օպերատիվ հրամանատարական կենտրոնները, լողափերը, հակատանկային հրթիռային կայանները եւ ռազմական ենթակառուցվածքները:

Զանգվածային հրթիռային հարձակումներից հետո կազմակերպության մարտիկները ներթափանցել են հարավային Իսրայելի սահմանային շրջաններ: Հարձակումից մի քանի օր անց իսրայելական զինվորականները վերահսկողության տակ վերցրեցին Գազայի սահմանի մոտ գտնվող բոլոր բնակավայրերը եւ սկսեցին օդային հարվածներ հասցնել այդ գոտու թիրախներին, այդ թվում՝ քաղաքացիական անձանց: Իսրայելը նաեւ հայտարարել է Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվել է ջրի, սննդի, էլեկտրաէներգիայի, դեղորայքի եւ վառելիքի մատակարարումը։

Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է մոտ երեք հազար մարդու, իսկ իսրայելցիների զոհերի թիվը գերազանցել է հազարը, մի քանի հազար իսրայելցիներ ու պաղեստինցիներ վիրավորվել են։ Հաղորդվում է մի քանի զոհված եւ անհետ կորած ռուսների, ինչպես նաեւ այլ երկրների քաղաքացիների մասին։ Տարբեր աղբյուրների համաձայն՝ «ՀԱՄԱՍ»-ը կարող է գերի պահել մոտ 150 իսրայելցի։ Ինքը՝ շարժումը, հայտարարել է, որ Գազայի հատվածում կա մոտ 200-250 բանտարկյալ։

Հավելենք, որ Գազայի հիվանդանոցներից մեկում հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով առնվազն 500 մարդ է զոհվել։ Հիվանդանոցում գտնվում էին ինչպես բազմաթիվ վիրավորներ, այնպես էլ տեղահանված պաղեստինցիներ։

Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» արմատական շարժումը եւ Իսրայելը տեղի ունեցածի համար մեղադրել են մեկը մյուսին։ «ՀԱՄԱՍ»-ը ալ-Ահլի հիվանդանոցում որոտացած պայթյունն անվանել է «սարսափելի կոտորած»՝ նշելով, որ այն տեղի է ունեցել իսրայելական հարվածի հետեւանքով։ Իր հերթին Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) մեղադրել է «Պաղեստինյան իսլամական ջիհադ» կազմակերպությանը, որը մասնակցել է «ՀԱՄԱՍ»-ի կողմից Իսրայելի վրա հարձակմանը։

ԻՊԲ-ին նշել է, որ ջիհադի զինյալները հրթիռներ են արձակել հիվանդանոցի մերձակայքում, եւ որ տվյալ կազմակերպության պատասխանատվությունը հաստատել են «տարբեր աղբյուրների հետախուզական տվյալները»։ Իսրայելական կողմը նաեւ նշել է, որ հոկտեմբերի 7-ից՝ պատերազմի սկսվելուց ի վեր, զինյալ խմբերի կողմից Իսրայելի ուղղությամբ արձակված 450 հրթիռ ընկել է հենց Գազայի տարածքում։ «Պաղեստինյան իսլամական ջիհադ»-ը հերքել է այս հայտարարությունները՝ Իսրայելին մեղադրելով այն բանում, որ երկիրը «փորձում է խուսափել իր կողմից իրականացված դաժան կոտորածի պատասխանատվությունից»։ Կազմակերպությունը մատնանշել է այն փաստը, որ Իսրայելը կարգադրել էր տարհանել մարդկանց ալ-Ահլի հիվանդանոցից։

ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՀԵՏ ԵՆ ԿԱՆՉԵԼ ԴՊՐՈՑ

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն էին ահազանգել դպրոցականների ծնողներ եւ պատմել, որ նախատեսված երկշաբաթյա արձակուրդը իրենց դպրոցում հետաձգվել է, իսկ պատճառը չգիտեն, թե որն է: Մի շարք ծնողներ բողոքում են, որ իրենց երեխաների հետ քաղաքից դուրս են գտնվում, քանի որ տեղյակ են եղել, որ արձակուրդը կավարտվի մեկ շաբաթ հետո, եւ հիմա խնդիր է առաջացել նրանց մոտ, քանի որ նախապես տեղեկացված չեն եղել:

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց ԿԳՄՍ նախարարության լրատվական բաժնի հետ՝ հասկանալու համար, թե ինչ փոփոխություններ են եղել: ԿԳՄՍ նախարարությունը հստակ պատասխան չկարողացավ տալ, միայն փաստեց, որ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել:

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց քաղաքապետարանի  լրատվության վարչության բաժնի հետ՝ հասկանալու համար, թե ինչու է նման խնդիր առաջացել. պարզ դարձավ, որ միայն մեկ դպրոցում է  նման խնդիր առաջացել, այն էլ՝ կապված է շինարարական աշխատանքների հետ, ավելի կոնկրետ՝ կաթսայատան կառուցման հետ, եւ որպեսզի երեխաները չտուժեն,  արձակուրդների հետ կապված տվյալ դպրոցում որոշ փոփոխություններ կլինեն:

ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԲԵՆԶԻՆԸ ԹԱՆԿԱՆՈՒՄ Է

«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով վերջին շրջանում Հայաստանում վառելիքի գնի աճի տեմպը, պարբերաբար դիմում էր Մրցակցության պաշտպանության հանձնաժողով՝ հասկանալու համար՝ ինչ հետազոտություններ են արվում։ Մինչ հանձնաժողովից մեզ պատասխանում էին, որ հետազոտություններ են արվում, եւ քննարկումներ են ընթանում,  մենք փորձում էինք տնտեսագետներից պատասխաններ ստանալ։

Թանկացումից 2-3 ամիս սպասելուց հետո միայն հրապարակվեցին հետազոտության արդյունքները։

«Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում բենզինի շուկայում տեղի ունեցող գնային տատանումները։ Բենզինի գնագոյացումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, մասնավորապես՝ միջազգային շուկաներում տեղի ունեցող բենզինի գների փոփոխություններով, արտարժույթի տատանումներով, ինչպես նաեւ տեղափոխման ծախսերով եւ այլն։

2023 թվականի հունվարին փոխարժեքը եղել է միջինում 390 դրամ, իսկ հոկտեմբերին միջինում կազմել է 414 դրամ։ Վերոգրյալից ելնելով` կարող ենք փաստել, որ բենզինի գնի բարձրացումը պայմանվորված է ե՛ւ ներմուծման գնի բարձրացմամբ, ե՛ւ դոլարի փոխարժեքի որոշակի աճով։

Այսպիսով, միջազգային շուկաներում, դոլարի փոխարժեքի փոփոխություններով պայմանավորված, բենզինի շուկայում մշտապես տեղի են ունենում տատանումներ, որի արդյունքում շուկայում որոշ ամիսներին կարող են լինել համեմատաբար ցածր գներ, իսկ որոշ ամիսներին՝ բարձր»։

Այսպիսով, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը թերեւս երկու-երեք ամիս հետազոտություն անելուց հետո որեւէ նոր պատճառ կամ հստակ հետեւանքներ չներկայացրեց։ Նրանք նաեւ չանդրադարձան այն հանգամանքին, որ Հայստանում վառելիքի շուկան մենաշնորհային է, ինչպես նշում են տնտեսագետները։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ԲԱԶՄԱՆԴԱՄ ԸՆՏԱՆԻՔԸ՝ ԲԱՐԵԿԱՄԱՎԱՆՈՒՄ

Նոյեմբերյան համայնքի Բարեկամավան բնակավայրը Տավուշի մարզի հեռավոր, Ադրբեջանին սահմանակից գյուղերից է։ Այն Նոյեմբերյան քաղաքից հեռու է մոտ 34 կմ։ Խորհրդային տարիներին եւ հատկապես Հայաստանի անկախանալուց հետո Բարեկամավանից մեծ  արտագաղթ  է եղել, բարեկամավանցիները հիմնականում  տեղափոխվել են Ռուսաստան, մի մասն էլ ՝ Երեւան, Իջեւան, Նոյեմբերյան քաղաքներ, Հայաստանի այլ բնակավայրեր։ 1970-ական թվականների կեսերին Բարեկամավանի ութամյա դպրոցն ուներ մոտ 330 աշակերտ, իսկ  այս տարվա սեպետմբերին՝ 2023-2024 ուսումնական տարվա մեկնարկին, Բարեկամավանի  Մայիս Ղարաքեշիշյանի անվան միջնակարգ դպրոցում սովորում էր 15 աշակերտ։ Բարեկամավան բնակավայրի վարչական ղեկավար Գարիկ Աբազյանը կոչով դիմել է արտերկրում բնակվող բարեկամավանցիներին, որպեսզի նրանք գյուղում գտնվող իրենց դատարկ տներն առանց վարձավճարի  տրամադրեն Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցներին։ Այդ կոչն արձագանք է գտել, բազում բարեկամավանցիներ պատրաստակամություն են հայտնել հայրենի գյուղում իրենց առանձնատները բնակության համար անվճար տրամադրել արցախցիներին։ Գ. Աբազյանը հեռուստացույցով տեսել է, թե ինչպես Արտաշատ քաղաքում Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցները ապաստան են գտել մարզադահլիճի,  մանկապարտեզի տարածքներում։ Բարեկամավանի վարչական ղեկավարը, շուրջ 300 կմ հեռավորություն կտրելով, Բարեկամավանից հասել է Արտաշատ, Արտաշատի քաղաքապետի խորհրդականի հետ  հանդիպել բռնագաղթած արցախցիների հետ, նրանց հորդորել ապրել Բարեկամավանում։

Արցախցիները  Բարեկամավանի հեռու, սահմանամերձ լինելու, այնտեղ մշտական  սառ ու տաք ջրի բացակայության պատճառով չեն համաձայնել տեղափոխվել Բարեկամավան։ Մարտակերտ քաղաքից բռնագաղթած Աբրահամյանների 8-հոգանոց ընտանիքը համաձայնվել է բնակություն  հաստատել Բարեկամավանում։ Նրանց է տրամադրվել Ռուսաստանում ապրող  բարեկամավանցիներից մեկի երկհարկանի առաձնատունը, ուր առկա են  անհրաժեշտ գույք, կահույք, կենցաղային բոլոր պայմանները։  Աբրահամյանների ընտանիքը Մարտակերտ քաղաքում զբաղվել է անասնապահությամբ, արտերկրում ապրող բարեկամավանցիներից նվիրաբերած 100 հազար դրամով Գարիկ Աբազյանը 2 խոզ եւ խոզի անասնակեր է գնել Աբրահամյաների ընտանիքի համար։ Արտերկրում բնակվող մեկ այլ բարեկամավանցու նվիրաբերած գումարով այդ ընտանիքի համար գնվել է 15 հավ, հեռուստացույցի հարմարանք, 30 հազար դրամի սնունդ։ Աբրահամյանների ընտանիքի 3 երեխա հաճախում են գյուղի դպրոց, Բարեկամավանի դպրոցի աշակերտների թիվը նրանց շնորհիվ ավելացել, դարձել է  18։ Գարիկ Աբազյանն ասաց, որ փոքրիկ գյուղը պատրաստ է հյուրընկալ կերպով ընդունել եւս 10 արցախցի ընտանիքի։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս