«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը երեկ հանդիպել է ՀՀ ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ՝ քննարկելու ոլորտին առնչվող մի շարք հարցեր:
Արաքսիա Սվաջյանը նշել է, որ կրթության ոլորտում ներկայում իրականացվում են մի շարք բարեփոխումներ, որոնց առանցքային բաղադրիչն է հանրակրթության նոր չափորոշիչների եւ առարկայական ծրագրերի փուլային ներդրումը, ինչը ենթադրում է փոփոխություններ մի քանի ուղղություններով՝ կրթության բովանդակություն, ուսուցիչների վերապատրաստում, նոր դասագրքերի ստեղծում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նոր դասագրքերը դեռեւս փորձարկման փուլում են, եւ հաշվի առնելով ընթացքում ներկայացվող դիտողություններն ու առաջարկները՝ դրանք կլրամշակվեն կամ դուրս կգան գործածությունից:
Քննարկվել է առարկայական ծրագրերի բեռնաթափման, ինչպես նաեւ դասագրքերի հայտագրման գործընթացը լավարկելու, տեխնիկական խնդիրներից հնարավորինս խուսափելու անհրաժեշտությունը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը կոչ է արել հետեւողական լինել եւ պատշաճ իրականացնել սովորողների մասին տվյալների մուտքագրումը, որպեսզի աշակերտի տեղափոխումն այլ դպրոց լինի օրինականության սահմաններում, եւ որեւէ երեխա կրթական գործընթացից դուրս չմնա, ինչն անթույլատրելի է:
Օրակարգի մյուս հարցերը վերաբերում էին լիցենզիայով սահմանված տեղերին եւ ուսումնական հաստատության նոր կանոնադրություններին: Քննարկվել է սահմանված պահանջներին եւ պայմաններին համապատասխանության, հաշվետվության նոր ձեւերը կիրառության մեջ դնելու եւ ժամկետները չխախտելու կարեւորությունը:
Օրակարգի վերջին հարցը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված դպրոցականների՝ ուսումնական գործընթացում ներգրավելու խնդրին:
«Մեր ունեցած տվյալներով՝ շուրջ 21000 դպրոցական է բռնի տեղահանվել: Նրանցից ավելի քան 14000-ն արդեն հաճախում են ՀՀ դպրոցներ: Պետական դպրոցները հրահանգ են ստացել, անկախ լիցենզավորմամբ սահմանված տեղերից, ընդունել երեխային մինչեւ 35 աշակերտ ունեցող դասարանում, եթե նրա քույրը կամ եղբայրը սովորում են այդ դպրոցում, կամ եթե բնակության հարակից տարածքում ոչ մի այլ դպրոց չունի լիցենզավորված տեղ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը եւ հույս հայտնել, որ ոչ պետական դպրոցները եւս կառաջնորդվեն նույն սկզբունքով:
Վերջիններս նշել են, որ արդեն իսկ ընդունել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բազմաթիվ երեխաների անվճար հիմունքներով կամ մասնակի վճարներով:
Հանդիպման ավարտին թեմաների շրջանակում տեղի է ունեցել հարցուպատասխան, եւ ձեռք է բերվել պայմանավորվածություն որոշ խնդիրներն առանձին ձեւաչափով քննարկելու վերաբերյալ:
ԱՆՆՊԱՏԱԿ ԾԱԽՍԵՐ
Տավուշի մարզի բնակիչները ահազանգում են, որ Իջեւանի համայնքապետարանը, դեռ հինգ ամիս առաջ գնելով անհրաժեշտ քանակի ծաղկամաններ եւ աղբամաններ, ներկա պահի դրությամբ ոչինչ չի տեղադրել:
«Դեռ ապրիլին Իջեւանի համայնքապետարանը ձեռք է բերել 60 փոքր աղբաման՝ 1794000 դրամ արժեքով, 20 ծաղկաման՝ 495000 դրամ արժողությամբ։ Դրանք նախատեսված են փողոցների բանուկ հատվածների այգիների, ճեմուղիների համար։ Անցել է ավելի քան հինգ ամիս, դեռ գեթ մի հատ աղբաման կամ ծաղկաման չի տեղադրվել»,-պատմում է քաղաքացին։
«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով գնումների օնլայն համակարգը, նկատեց, որ ծաղկամանների եւ աղբամանների վերաբերյալ կար հստակ քանակ, թե որքան է գնվել, եւ որքան է կազմել ընդհանուր գումարը:
Քանի որ շուտով ձմեռ է, բնակիչները մտահոգված են, թե երբ են պատրաստվում տեղադրել այդ ծաղկամաններն ու աղբարկղերը:
«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ, ում փոխանցեցինք բնակիչների մտահոգություններն ու հարցերը, թե ինչ է կատարվում տվյալ համայնքում, եւ եթե եղել են նման գնումներ, ինչու մինչեւ հիմա դեռ ոչ մի աղբարկղ կամ ծաղկաման չի տեղադրվել: Ի պատասխան բնակիչների բողոք-դիմումների՝ պարոն Ղալումյանը նշեց, որ միանգամից մեկնաբանություն տալ չի կարող, մեզ հետ ավելի ուշ կապ կհաստատի, սակայն այդպես էլ արձագանք չստացանք: «Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի կողմից պաշտոնական մեկնաբանություն ստանալուց հետո անմիջապես կհրապարակի այն:
ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆ ՄԱՀԱՑԱՎ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 17-ին կյանքից հեռացել է Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Էլեն Գեւորգի Գրիգորյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ինչպես շատ հաճախ է տեղի ունենում, ֆակուլտետի ուսանողներին դասախոսները տանում են խմբագրություններ, հեռուստատեսություն՝ գործնական գիտելիքներ փոխանցելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել, երբ ուսանողները հեռուստաընկերություններից մեկից դուրս գալիս են եղել: Դասախոսը նրանց ճանապարհելիս է եղել, աղջիկը թուլացել է՝ ասելով, որ շունչը կտրվում է: Դասախոսն ու կուրսընկերներն առաջին բուժօգնություն են ցույց տվել, շտապ օգնությունը շատ արագ է եկել, ու, ըստ անհրաժեշտության, հոսպիտալացրել են։ Մոտ երկու ժամ գրեթե ամեն կերպ փորձել են աղջկա կյանքը փրկել՝ միացնելով արհեստական շնչառության սարք, սակայն արդեն ուշ է եղել. գիտակցության չգալով՝ աղջիկը մահացել է:
Ընկերների խոսքով՝ նա երբեւէ չի բողոքել, որեւէ առողջական խնդրի մասին չի բարձրաձայնել: