ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԽԱՅՏԱՌԱԿ ՀԱՇԻՎՆԵՐԸ՝ ԹՎԵՐՈՎ, ՈՒ ՀՖՖ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական ֆուտբոլի խայտառակ ցուցանիշների թիվ մեկ պատասխանատուն ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ու իր թիմն են: Տարիներ շարունակ մամուլը գրել է, 15 մլն դոլարից ավելի շրջանառություն ունեցող այս հիմնարկում կատարվում են տարօրինակ իրադարձություններ, ու տպավորություն է, որ բացարձակ երկրորդական տեղում է ֆուտբոլը, եւ առաջ է մղվել կոմերցիան ու բիզնեսը: Շրջանառվել ու շրջանառվում են լուրեր, որ ՀՖՖ շինարարությունների հետ կապ ունեն ՔՊ բարձրաստիճան ներկայացուցիչներ Հակոբ Սիմիդյանը, Ռուբեն Ռուբինյանը: Մամուլը գրեց, թե այս տարիների ընթացքում ինչքան են հարստացել ՀՖՖ ղեկավարները (կառուցել են տներ, գնել են թանկարժեք մեքենաներ եւ այլն): Իրավիճակի աբսուրդն այն է, որ ֆուտբոլը սրբություն համարող ֆուտբոլասերները, 2050թ.-ին ֆուտբոլի ազգային հավաքականի համար մրցանակային տեղ խոստացած Նիկոլ Փաշինյանն ու այլ «օբյեկտիվ հայրենասերներ» թքած ունեն, թե ինչ է կատարվում. նրանք հարցեր չեն տալիս այս ամենի թիվ մեկ մեղավորին: Ավելին՝ իշխանությունն արդեն իսկ գծել է, թե ինչպես պետք է այս տարվա դեկտեմբերին կազմակերպի Արմեն Մելիքբեկյանի վերընտրությունը: Տեղեկություններ են հասնում, որ ազգային հավաքականների խայտառակ արդյունքների ֆոնին՝ Արմենի՝ գոյություն չունեցող վարկանիշը բարձրացնելու համար նախատեսվում է հայտարարել Ազգային մարզադաշտ կառուցելու մասին, ավելին՝ տալ կոնկրետ տվյալներ, թե որտեղ է կառուցվելու ու ինչ տեսք է ունենալու այն: Կարեւոր չէ, թե կլինի նոր մարզադաշտ, թե ոչ, կարեւորը հերթական անգամ հասարակությանը կներկայացվի գեղեցիկ, սակայն վիրտուալ մի բան, ինչպես դա արվել է նախկինում բազմիցս, իսկ մինչ այդ մեր հավաքականները կխայտառակվեն ամենուր: Հույս ունենալ, որ Մելիքբեկյանը կամովին կհրաժարվի այդ պաշտոնից, կընդունի, որ ձախողել է, ու ներողություն կխնդրի, ապարդյուն է: Իսկ հիմա թվերով. Մելիքբեկյանի պաշտոնավարման մեկնարկից սկսած՝ 17 տարեկանների հավաքականը վերջին 12 խաղերից պարտվել է բոլոր 12-ը, ընդունել է 53 գոլ, խփել՝ 3-ը: 19 տարեկանների հավաքականում իրավիճակն ավելի վատ է. նախ՝ այստեղ հրավիրված են 7 ֆուտբոլիստներ դրսից, վերջին 12 խաղերում չեն ունեցել թոփ մրցակիցներ, պարտվել են 8 խաղ, հաղթել՝ 2-ը, եւ 2 խաղ ավարտել ոչ-ոքի, հանրագումարում բաց են թողել 34 գոլ, խփել՝ ընդամենը 9-ը: Ամենաողբերգական վիճակում 21 տարեկանների հավաքականն է. այս տղաները պետք է փոխարինեն ազգային թիմին ու համարվում են ռեզերվը, իսկ վիճակն այսպիսին է. 24 խաղից պարտվել են 21-ում, 1 խաղ ավարտել են ոչ-ոքի արդյունքով, իսկ տանը հաղթել են Լյուքսեմբուրգին ու Ֆարերյան կղզիների իրենց հասակակիցներին, սակայն նույն թիմերին մրցակցի հարկի տակ պարտվել են: 21 տարեկանների ազգային թիմը 24 խաղերում բաց է թողել 70 գոլ, խփել՝ 13-ը: Այս տարի մեր երիտասարդական հավաքականը եվրոպական վարկանիշային աղյուսակում գավավիժել է ամենաստորին հորիզոնականներ, «Եվրո 2026»-ի վիճակահանությանը հայտնվել է նույն զամբյուղում Սան Մարինոյի, Ջիբրալթարի ու Անդորրայի հետ:

 

 

 

 

Մշտապես Նիկոլ Փաշինյանի թելը թելող Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանը կարծում է, որ Արցախի կառավարությունը եւ պատգամավորները պետք է համագործակցեն Հայաստանի իշխանությունների հետ: «Ժողովուրդ» օրաթերթը Մարսել Պետրոսյանից հետաքրքրվեց՝ ինչու Արցախի խորհրդարանը, որը փաստացի այս պահին լուծարված չէ, արտահերթ նիստ չի հրավիրում եւ Արցախի ինքնորոշման հարց բարձրացնում: Վերջինս ասաց, որ արտահերթ նիստ ցանկացած պահի կարելի է հրավիրել, դա արդեն ԱԺ աշխատակազմի խնդիրն է եւ այն անձնավորության, որը փոխարինում է ԱԺ նախագահին: «Ես օրեր առաջ իմ ֆեյսբուքյան էջում գրառում էի արել եւ առաջարկել էի ստեղծել ժամանակավոր կառավարություն, հնարավորություն ընձեռել այդ կառավարությանը, որպեսզի տեղահանված արցախցիներով զբաղվի, այսպես կոչված՝ վտարանդի կառավարություն: Իմ առաջարկը, սակայն, արձագանք չի գտել, չգիտեմ՝ ինչու: Մենք փորձել ենք պատգամավորներին հավաքել մի վայրում եւ նախապատրաստական աշխատանքներ տանել, բայց չի ստացվում: Ինձ թվում է, թե պատգամավորների մեծ մասի համար այս հարցն այժմեական չէ»,- ասաց Պետրոսյանը: Ի դեպ, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, որն ապօրինի գերեվարման մեջ է գտնվում այս օրերին, փոխարինում է նրա տեղակալը՝ Գագիկ Բաղունցը, որը նույնպես «Միասնական հայրենիք»-ից է: Մարսել Պետրոսյանին հարցրինք՝ իր թիմակցից հետաքրքրվել է արդյոք՝ ինչու արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես չի գալիս. «Ես չեմ կարող ասել՝ ինչու. պարոն Բաղունցի հետ  խոսակցություն չեմ ունեցել: «Միասնական հայրենիք» կուսակցության համար անհասկանալի պատճառներով պագամավորները չեն ցանկանում արտահերթ նիստ հրավիրել եւ քննարկել ստեղծված իրավիճակը, գոնե վերաբերմունք ցուցադրել Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկված բոլոր այն քայլերին, որոնք ուղղված են Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների խնդիրների լուծմանը»: Ստացվում է՝ իրենք ցանկանում են, մյուս պատգամավորները համաձայն չեն արտահերթ նիստ հրավիրելու գաղափարին. «Չեմ կարող ասել՝ համաձայն են, թե ոչ. համենայնդեպս, առայսօր քայլ չեմ տեսել նրանց կողմից: Ես առաջարկել եմ՝ հավաքվենք, խոսենք, օրակարգ սահմանենք, թե որոնք են այս պահի դրությամբ առաջնային խնդիրները՝ համագործակցելով թեկուզ Հայաստանի իշխանությունների, շահագրգիռ քաղաքական ուժերի եւ միջազգային կազմակերպությունների հետ»: Իսկ թե ինչպես է պատկերացնում համագործակցությունը Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ, որի վարած քաղաքականության հետեւանքով է այսօր Արցախը կորսված, Պետրոսյանն ասաց. «Գիտեք, բոլորի հետ պետք է համագործակցել. եթե մենք ունենք օրակարգ եւ այդ օրակարգով ենք շարժվում, ուրեմն պարտավոր ենք շփվել բոլորի հետ: Համագործակցել չի նշանակում լուռ լսել, թե մեզ ով ինչ է ասում: Մենք պետք է հասկանանք, թե ովքեր են այդ օրակարգով շարժվում եւ աջակցում»:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս սեպտեմբերին գրել էր, որ խմբագրությունը բազմաթիվ բողոքներ է ստանում, որ սեպտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության ողջ համակարգը ստացել է պարգեւավճարներ, յուրաքանչյուրը՝ մոտավորապես 120.000 դրամ, սակայն ոստիկանության այն աշխատակիցները, որոնք գործուղված են եղել ՀՀ ոստիկանական ակադեմիա՝ վերապատրաստման, պարեկային ծառայության դասընթացների եւ այլն, չեն ստացել պարգեւավճարներ, առանց հիմնավորման: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել ՀՀ ոստիկանության հետ՝ պարզելու՝ ինչ հիմնավորմամբ եւ ընտրությամբ են ոստիկանության աշխատակիցների մի մասը ստացել պարգեւավճարներ, մի մասը՝ ոչ: Օրեր անց միայն ոստիկանությունից մեզ ոչ թե ներկայացրին հարցի պատասխանները, այլ խնդրեցին 30 օր՝ տեղեկություն տրամադրելու համար հավելյալ աշխատանք կատարելու նպատակով: Միայն երեկ «Ժողովուրդ» օրաթերթին ՆԳՆ-ից տեղեկացնում են. «ՀՀ ՆԳՆ նախարարի՝ 12.09.2023 թվականի թիվ 813-Ա հրամանով՝ պարգեւատրում են ստացել ՀՀ ՆԳՆ ծառայողները (աշխատողները)։ Պարգեւատրման համար հիմք է հանդիսացել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ մասը, այն է՝ պետական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող կամ ՀՀ օրենքներով սահմանված համապատասխան լիազորություններով օժտված այլ պաշտոնատար անձը հատուկ առաջադրանքների եւ (կամ) որակյալ աշխատանքի կատարման համար պետական ծառայողներին կարող է պարգեւատրել աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից եւ (կամ) օրենքով չարգելված այլ աղբյուրներից»: Վերը նշված տերմիններով լեցուն այս տեքստից կարելի է ենթադրել, որ ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանը կամ այս պարագայում Արթուր Խուդինյանը կարող են պարգեւատրել բոլոր այն ծառայողներին, որոնք իրենց աշխատանքը որակյալ են կատարել: Չանդրադառնալով այն հարցին, որ նրանք պարտավոր են որակյալ աշխատանք կատարել, միանգամից անդրադառնանք այն կետին, որ մեզ ահազանգած քաղաքացին պնդում է, որ պարգեւներ ստացել են բոլոր աշխատակիցները: Այսինքն՝ ՆԳՆ-ում անխտիր բոլորը պարգեւավճարի արժանի գործեր են կատարում այն պարագայում, երբ հասարակությունը բողոքում է, օրինակ, պարեկների ոչ պատշաճ պահվածքից, ոստիկանները ցույցերի ժամանակ անօրինական բերման են ենթարկում քաղաքացիներին: Թե ինչու են բոլորը ստացել պարգեւավճար, իսկ ՀՀ ոստիկանական ակադեմիա դասընթացների՝ վերապատրաստման ուղարկված աշխատակիցները՝ ոչ, «Ժողովուրդ» օրաթերթը ավելի ուշ կհրապարակի:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ առեղծվածային պայմաններում Հայաստանում հայտնված 1 տոննա կոկաինի գործով քննությունը վերջնական փուլին է մոտեցել, ու ԱԱԾ-ն որոշում կկայացնի։ Գրել էինք,որ ԱԱԾ-ի կողմից մի շարք եվրոպական երկրներ նամակներ են ուղարկվել, եւ կոնկրետ հարցադրումներ են արվել, սպասում են կոնկրետ պատասխանների, ու, ըստ էության, շատ պատասխաններ եվրոպական գործընկերներից արդեն ստացել են։ Նշենք, որ այս գործով շարունակում են կալանքի տակ մնալ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող ընկերության աշխատակիցները, որոնցից մեկը կին է։ Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտնել էր «Մրգենի» ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի, նույն ընկերության տնօրեն Լ.Ա-ի եւ պահեստապետ Ս.Գ-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց, մասնավորապես՝ 1 տոննա կոկաին ապօրինի իրացնելու եւ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Վերջիններիս նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանքը, նախկին պատգամավորի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Հավելենք, որ, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով, «Մրգենի» ՍՊԸ-ն հիմնադրվել է թավշյա հեղափոխությունից հետո՝ 2018 թվականի հուլիսի 27-ին։ Ընկերության տնօրենը Ռուսաստանի քաղաքացի Լեւոն Աթաջանյանն է։

 




Լրահոս