ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻՑ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՍՏԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների հետեւանքով արցախցիների կողմից ՀՀ տեղափոխվելուց հետո տարբեր շրջանակների կողմից սկսվել են ամենատարբեր տեղեկություններ շրջանառվել նախկին ու գործող պաշտոնյաների վերաբերյալ` հափշտակություններ, պետական տրանսպորտային միջոցների յուրացման դեպքեր եւ այլն:

 

Օրերս «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ էին հասել այն մասին, որ Արցախի նախկին պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը պաշտոնը թողնելուց առաջ Արցախում գործող հիմնադրամներից 150 մլն դրամի չափով փոխառություն էր ստացել:

«Ժողովուրդ» օրաթերթը կապ է հաստատել Արցախի ներդրումային, իսկ հետո՝ նաեւ ԱՀ գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների տնօրենների հետ:

Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրեն Սեւակ Հարությունյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ այն իրականությանը չի համապատասխանում. Գուրգեն Ներսիսյանը հիմնադրամից փոխառություն չի ստացել, որովհետեւ եթե ստացած լիներ, ապա ինքը պետք է տրամադրեր այն, իսկ նման բան չի եղել: Նա հավելեց, որ Գուրգեն Ներսիսյանի պաշտոնավարման ընթացքում վերջինս, որպես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, երբեւէ նույնիսկ ծանոթ կամ մերձավոր անձի համար փոխառություն տրամադրելու հարց չէր բարձրացրել, ավելին՝ նրա օրոք հիմնադրամի կողմից վարկավորման ծրագրերը համարյա դադարեցվել են, եւ սկսվել է նախկինում տրված փոխառությունների հավաքագրման գործընթացը:

Երբ բոլորը համարում էին, թե շրջափակման ընթացքում այդ հարցերը օրակարգային չեն, հիմնադրամը դատարան էր ներկայացրել մի քանի միլիարդի հասնող պարտավորությունների բռնագանձման պահանջ, որում մեծ էին Գ. Ներսիսյանի ջանքերը: Ս. Հարությունյանը շեշտեց նաեւ, որ վերջին օրերին այդ տեղեկության կապակցությամբ շատ են դիմել իրեն, եւ ինքը բոլորին պարզաբանել է, որ այդ տեղեկությունը կեղծ է:

Արցախի գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Հայկ Ադամյանն էլ հայտնեց, որ ինքը այդ պաշտոնից ազատվել է 2023թ. սեպտեմբեր ամսին, երբ Գուրգեն Ներսիսյանը այլեւս պետական նախարար չէր: Համատեղ աշխատանքի ընթացքում Գուրգեն Ներսիսյանը երբեւէ հիմնադրամից գումար չէր ստացել, ավելին՝ նրա պաշտոնավարման ընթացքում ամբողջությամբ կասեցվել է նախկինում կնքված պայմանագրերի հիման վրա գումարների տրամադրման գործընթացը, իսկ նոր վարկեր տրամադրվել են միայն նրանց, որոնց կոնկրետ խնդիրներ էին առաջադրվել շրջափակման հետեւանքները մեղմելու համար, ընդ որում՝ խոսքը մինչեւ 3 մլն դրամի չափով փոխառությունների մասին է: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ Գուրգեն Ներսիսյանի հետ, որը հայտնեց, թե ինքը եւս լսել է այդ կեղծ տեղեկության մասին։

«Ամենայն հավանականությամբ, այդ լուրերը տարածում են նրանք, ովքեր, սեփական փորձի հիման վրա, ուղղակի չեն պատկերացնում, որ հնարավոր է լինել Արցախում գործող հիմնադրամների հոգաբարձուների նախագահ ու չօգտվել այդ հնարավորությունից: Ես երեւի միակ արցախցին եմ, որն Արցախում գործող ոչ մի հիմնադրամից երբեւէ հազար դրամ գումար անգամ չեմ ստացել, կրկնում եմ՝ երբեւէ: Ավելին ասեմ՝ իմ պաշտոնավարման ընթացքում հիմնադրամներից գումար չեն ստացել նույնիսկ իմ ընկերները, բարեկամները, մտերիմները։ Եթե հանկարծ նման մի դեպք լինի, կարող եք հանգիստ վերագրել ինձ: Իմ պաշտոնավարման ընթացքում ինձ ճանաչող գրեթե բոլորը ինձանից նեղանում էին հենց այդ պատճառով, որ իմ դիրքը նրանց համար որեւէ առավելություն կամ հնարավորություն չէր ստեղծում: Բացի դրանից, նման լուրեր տարածողները այնքան պրիմիտիվ են, որ նույնիսկ չեն հասկանում, որ այդ ամենը շատ հեշտ պարզվող բան է, եւ ամենեւին փաստաթղթերի ոչնչացման մասին տարածվող լուրերը իրենց չեն կարող փրկել: Անկախ նրանից, թե ինչ փաստաթղթեր են ոչնչացվել, ի վերջո, էլեկտրոնային բազաներ կան, ինչ-որ մեկին գումար տալու համար բանկային հաշվեհամարներ են բացվում, փոխանցումներ են կատարվում. դրանք հո չե՞ս կարող ոչնչացնել: Ամեն դեպքում, այդպիսի երեւույթներն ինձ համար արդեն զարմանալի չեն։ Ես այդ գործիքին արդեն մի քանի անգամ բախվել եմ»,-հայտարարեց Ներսիսյանը:

 

 

ՎԱՐԱԿՎԱԾՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ԱՍՏԻՃԱՆ

Հայաստանում արձանագրվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն ինչպես ամբուլատոր պոլիկլինիկական, հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության, այնպես էլ շտապօգնության կանչերում։

Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է  ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից։

Նշվում է, որ հիվանդացությունը համաճարակային շեմից բարձր է 1.3 անգամ, իսկ նախորդ տարվա միեւնույն ժամանակահատվածի համեմատ՝ 1.6 անգամ։

«Վերլուծությունը, ըստ տարիքային խմբերի, փաստում է, որ հիվանդացության 70%-ն արձանագրվել է մինչեւ 18 տարեկանների շրջանում, որից 57%-ը՝ մինչեւ 4 տարեկանների։

Գրիպով չհիվանդանալու, ինչպես նաեւ հիվանդության բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է։

Նշենք, որ հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ու ամբուլատորիաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով, եւ բոլոր նրանք, ովքեր դեռ չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել եւ պատվաստվել:

Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անվճար, պետական պատվերի շրջանակներում»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

 

 

ԿՄՆԱ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը քիչ առաջ մերժել է արցախցի Տաթեւիկ Վիրաբյանի կալանավորման դեմ պաշտպանների ներկայացրած բողոքը։

Տաթեւ Վիրաբյանը կշարունակի մնալ կալանավորված. այս մասին հայտնում է Արսեն Բաբայանը։

 

 

 

ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ

Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած Իսլամական համագործակցության կազմակերպության նիստի շրջանակում հանդիպել են Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարները։ Նրանք քննարկել են տարածաշրջանային զարգացումները, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացը։

Ջիդդայում տեղի է ունեցել նաեւ Ադրբեջանի եւ Իրանի գլխավոր դիվանագետների հանդիպումը: Բայրամովի եւ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի բանակցությունների օրակարգում եւս եղել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, զարգացումները իսրայելա-պաղեստինյան հակամարտության շրջանակում, ինչպես նաեւ երկկողմ գործակցության հեռանկարները:

 

 

 

ՊԱՅՔԱՐԻ ՓԼՎԱԾ ՎՐԱՆՆԵՐ

«Ժողովուրդ» օրաթերթը 2021 թվականի մարտի 9-ին գրել էր, որ «Դվին»-ի Արտակ Թովմասյանի պայքարի սպիտակ վրանները «փլվել են»։

Դեռեւս 44-օրյա պատերազմից հետո նախաձեռնված նստացույցին միացած Արտակ Թովմասյանը հայտարարեց քաղաքականություն մուտք գործելու մասին: Նա հանդիսավոր կերպով թանկարժեք վրաններ բերեց Բաղրամյան պողոտա եւ սկսեց Հայաստանը փրկելու գործընթացը։ Դեռ այն ժամանակ Թովմասյանը հայրենիքը փրկելու կոչեր էր անում, բարձրաձայնում իշխանափոխության մասին, որ անհրաժեշտ է հեղափոխություն անել եւ ազատել ժողովրդին Նիկոլ Փաշինյանի լծից։

Արտակ Թովմասյանի կոչերին ոչ ոք լուրջ չվերաբերվեց, նստացույցին ոչ ոք չմիացավ, եւ ցույցը ստիպված ցրվեց, իսկ հայրենիք փրկող Արտակ Թովմասյանը ձախողեց քաղաքականություն մտնելու իր փորձերը։ Օրերս  նա հայտնվեց կրկին հայրենիքը փրկելու կոչերով՝ ասելով, որ «մեզ պետք է կամք, իսկ կամքը կա»։

Հիշեցնենք, որ սա այն ոչ կամային գործարարն է, ում՝ հայրենիքը փրկելու պայքարը տեւեց մի քանի օր։ «Դվին»-ի Արտակը այն չկայացած քաղաքական գործիչն է, ով հենց այդ նույն հայրենիքում մի շարք ապօրինի շինությունների սեփականատեր է, իսկ դրանք ապամոնտաժելու պահանջին դեմ է գնում։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը այս տարվա հուլիսի 7-ին գրել էր, որ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին Երեւանի քաղաքապետ ընտրված Հրաչյա Սարգսյանը պաշտոնավարման առաջին երեք ամիսների ընթացքում հասցրել է օրինականացրել Հայաստանի ամենաթանկ ծառայություններից մեկը մատուցող «Դվին» հյուրանոցային համալիրի՝ անօրինական կառուցված մոտ 16 հազար քառակուսի մետր տարածքը:

2021 թվականի սեպտեմբերի 14-ին Երեւանի դերասան քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ ապօրինի շինություն կա «Դվին» հյուրանոցի վրա: «Ասեմ ավելին՝ բացի այդ ապօրինի կառուցված երկու հարկից, հենց համալիրի վրա տարօրինակ երկուհարկանի մի կառույց էլ է ավելացել՝ ապակեպատ: «Դվին» հյուրանոցի հետեւում գտնվող շենքի վրա են հարկեր ավելացվել, եւ դրա հետ կապված կառուցապատողը երկու ճանապարհ ունի՝ կա՛մ երկու հարկերը պետք է վերացնի, կա՛մ ամբողջ շենքը՝ որպես ինքնակամ կառույց, պետք է օրինականացվի»,- վճռական հայտարարեց Հայկ Մարությանը, ու այլեւս չիմացվեց՝ հարցն ինչպես լուծվեց։

 




Լրահոս