Ի՞ՆՉ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ հոկտեմբերի 16-ին սպանություն է տեղի ունեցել Ալավերդիում։

 

Քննչական կոմիտեն այս դեպքից մանրամասներ է հայտնել։ «2023թ. հոկտեմբերի 16-ին «Ալավերդի բժշկական կենտրոն»-ից  ՀՀ ՆԳն ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Լոռու մարզի Աքորի գյուղում՝ տներից մեկի դիմաց, մահացած անձ կա. վերջինս նույն տան բնակիչ 50-ամյա Ա.Ս.-ն է, որի մարմնի արտաքին զննությամբ հայտնաբերվել են կտրած-ծակած վերքեր:

Դեպքի առթիվ 2023թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են դեպքին ականատես անձինք։ Վերցվել են նմուշներ, նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական փորձաքննություններ։

Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 16.10.2023թ.՝ ժամը 21:00-ի սահմաններում, Աքորի գյուղի 2-րդ փողոցում երթեւեկելիս խափանվել է  նույն գյուղի 22-ամյա երիտասարդի կողմից վարած «Վազ  2106» մակնիշի ավտոմեքենան։ Ճանապարհի բանուկ մասում մեքենան կայանելու առիթով վիճաբանություն է առաջացել  նշված փողոցով իր անձնական օգտագործման «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով երթեւեկել ցանկացող, նույն գյուղի  50-ամյա բնակչի եւ նշված 22-ամյա երիտասարդի հոր՝ 45-ամյա բնակչի միջեւ: Դրա ընթացքում, ըստ առկա տվյալների, 50-ամյա տղամարդու կողմից հնչել են  սեռական բնույթի հայհոյանքներ, նշված երկու անձինք բռունցքներով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:

Դեպքին միջամտել է 45-ամյա տղամարդու որդին, որը, «Վազ 2106» ավտոմեքենայի սրահից վերցնելով սուր կտրող առարկա, Ա.Ս.-ին կյանքից զրկելու դիտավորությամբ երեք անգամ հարվածել է վերջինիս ձախ թիկնային հատվածին, կրծքավանդակի առաջային մակերեսի աջ հատվածին եւ սպանել նրան, որից հետո դիմել է փախուստի:

Նույն օրը՝ ժամը 01:30-ին, 22-ամյա երիտասարդը հայտնաբերվել է իրենց տանը եւ տեղափոխվել ոստիկանության Թումանյանի բաժին, ապա ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: Քննիչի որոշմամբ՝ վերջինս ձերբակալվել է՝ վերոնշյալ հանցագործությունը կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով։

Քննությամբ պարզվել է, որ դեպքի պահին ինչպես 22-ամյա երիտասարդը, այնպես էլ տուժողը եղել են ալկոհոլի ազդեցության տակ։

Ձեռք բերված փաստերի հիման վրա՝ Աքորի գյուղի 22-ամյա բնակչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, եւ նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) եւ 344-րդ հոդվածի 2-րդ մասով (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը):

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է, եւ մեղադրյալը կալանավորվել է։

Նախաքննությունը շարունակվում է»:

 

 

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԼՌՈՒՄ ԴԵՊՔԻ ՄԱՍԻՆ

«Ժողովուրդ» օրաթերթին «Զատիկ» երեխաների աջակցման կենտոնում հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած դեպքի մասով ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:

 

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ 15-ամյա տղան, հայտնվելով Ավանի հոգեկան առողջության կենտրոնում, պատմել է, թե ինչպես են իրեն վերաբերվել այդ կենտրոնում: Երեխան պատմել է, որ իրեն մի քանի տղաներ՝ Հովհաննեսը, Ջոնը եւ Աբրիկը, բռնության են ենթարկել եւ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ տղաներից Աբրիկը մեկ ամսով կալանավորվել է:

Նշենք, որ դեպքի ժամանակ կենտրոնի տնօրենը Աստղիկ Վարդանյանն է եղել։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Աստղիկ Վարդանյանի հետ: Տիկին Վարդանյանը նախ պնդեց, որ կապ հաստատենք ներկա պահին տնօրենի պաշտոնը ստանձնած Անգին Արշակյանի հետ, քանի որ դեպքը տեղի է ունեցել իր պաշտոնավարման օրոք. պետք է հասկանայինք, թե ինչպես է նման բան կատարվել այդ կենտրոնում, եւ արդյոք ճիշտ են այն խոսակցությունները իր մասին, որ երեխաներին ընդհանարապես լավ չեն վերաբերվում:

Տիկին Աստղիկը, իմանալով, որ իր հետ խոսողը լրագրող է, պատասխանում է, որ ներկա պահին ինքը սեմինարի է եւ հետո կզանգահարի, իսկ հետո չպատասխանեց մեր հեռախոսազանգերին եւ դարձավ անհասանելի:

Ինչ վերաբերում է ներկա պահին կենտրոնի տնօրենի պաշտոնը ստանձնած Անգին Արշակյանին, պետք է նշենք, որ ոչ մի հեռախոսազանգի եւ նամակագրության պատասխան մենք չստացանք:

Այս ամենից պարզ է դառնում, որ այս կենտրոնում ինչ-որ բան այն չէ, քանի որ երեխային բռնության ենթարկելու դեպքի մասին կառույցը կասկածելիորեն լռում է:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը այս խնդրին անդրադարձել էր, եւ ի պատասխան մեր հոդվածների՝ ՄԻՊ-ը ուսումնասիրություններ է սկսել՝ կապված այս կենտրոնի հետ:

 

 

 

ԿՐԱԿՈՑՆԵՐ՝ ԱՋԱՓՆՅԱԿՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ձերբակալվել է Աջափնյակի դատարանի մոտ կրակոցներ արձակած անձը: Նա 1983 թվականին ծնված քաղաքացի է, որն իրավապահներին հայտնել է, որ ինքն է կրակել Շենգավիթում քրեական պատմություններով հայտնի Սահակի վրա, ու հրաժարվել է այլ հարցերի պատասխանել։

Shamshyan.com-ը գրել էր, որ կրակոցներ են հնչել Երեւանում: Ժամը 16:10-ի սահմաներում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի բակում՝ ավտոկայանատեղիում, կրակոցներ են հնչել:

«Ժողովուրդ» օրաթերթին այս դեպքից մանրամասներ էին հայտնի դարձել: Մեզ բացառիկ տեղեկություններ հասան, որ դատարանում կրակոցներից վիրավորվել է Շենգավիթ վարչական շրջանում քրեական պատմություններով հայտնի Սահակը, որին դատարանից տեղափոխել են հիվանդանոց։ Քննչական կոմիտեն այս դեպքից եւս մանրամասներ էր հայտնել։ «Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի բակում կրակոցներ հնչելու վերաբերյալ ահազանգ է ստացվել։ Դեպքի առթիվ նախաձեռնված է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանության փորձը)։ Կատարվում է քննություն։ Մեկ անձ բուժօգնության է դիմել բուժհաստատություն։ Այս պահին ՀՀ ՔԿ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի գլխավորությամբ, դեպքի վայրում են, կատարվում են առաջնային, անհետաձգելի քննչական գործողություններ։ Կրակոցների արդյունքում դատախազ չի տուժել, դատարանի բակում կայանված պետական համարանիշներով ավտոմեքենայի վրա առկա են եղել կրակոցի հետքեր։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Ձեռք բերված տվյալների վերաբերյալ թույլատրելիության սահմաններում ՀՀ քննչական կոմիտեն հետագայում հաղորդագրությամբ հանդես կգա»։

 

 

ԱՏՐՃԱՆԱԿ՝ ԱՆՉԱՓԱՀԱՍԻ ՄՈՏ

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել 15-ամյա տղայի մոտ դպրոցում օդաճնշիչ ատրճանակի հայտնաբերման դեպքից: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ 15-ամյա տղան ոստիկանությունում պատմել է, որ զենքը գնել է list.am կայքից: Նա հայտնել է, որ այն գնել է իր օգտագործման համար, քանի որ շատ է ցանկացել ունենալ։ Իրավապահները հարց են ուղղել անչափահաս տղային, թե ինչու է զենքը իր մոտ պահել, բայց նա չի կարողացել պատասխանել: Տղային հարցաքննելուց հետո բաց են թողել։ Կատարվում է քննություն:

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները հոկտեմբերի 17-ին Բաբաջանյան փողոցի ավագ դպրոց հերթական ստուգայցի ժամանակ, ապօրինի օդաճնշիչ ատրճանակ պահելու կասկածանքով, բաժին են ներկայացրել 15-ամյա պատանու: Բաժնում նա իր պայուսակից ներկայացրել է օդաճնշիչ ատրճանակ:

Կատարվում է նախաքննություն:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 




Լրահոս