ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՅՏՆԻ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ կառավարությունը հոկտեմբերի 19-ի նիստում հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2024/2025 ուսումնական տարվա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկը:

 

Հիմնավորման համաձայն՝ 2024-2025 ուստարվա դիմորդները ընդունելության միասնական քննություններ կարող են հայտագրել եւ հանձնել 2 անգամ, որից առաջին փուլի դիմումների հայտագրումը ընդգրկում է տվյալ տարվա դեկտեմբերի 15-ից մինչեւ հունվարի 25-ը ընկած ժամանակահատվածը եւ տվյալ տարվա հունվարին հանձնվող միասնական քննությունները: Նախորդ՝ 2023-2024 ուստարվա համար նախատեսված ցանկի համեմատ՝ նախագծում որոշակի փոփոխություններ են կատարվել, մասնավորապես՝ ԵՊՀ-ի «Միջուկային ռեակտորների ֆիզիկա», «Նանոֆիզիկա եւ առաջատար տեխնոլոգիաներ», «Երկակի նշանակության տեխնոլոգիաների ֆիզիկա» կրթական ծրագրերը հանվել են ցանկից, որպես առանձին մասնագիտություններ դրանք ներառված են «Ֆիզիկա» ընդհանրական մասնագիտության շրջանակում, ցանկը լրացվել է նոր՝ «Ռադիոֆիզիկա եւ համակարգչային տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ: Այս փոփոխությունները պայմանավորված են ԵՊՀ-ում իրականացվող բարեփոխումների, կառուցվածքային փոփոխությունների, կրթական ծրագրերի խոշորացման, արդիականացման գործընթացներով: Միաժամանակ, համալսարանում «Ֆիզիկա», «Ռադիոֆիզիկա» մասնագիտությունների համար նախատեսվող քննությունների շարքում չի ընդգրկվել «Անգլերեն» քննությունը՝ որպես կամընտրական քննություն, ամրագրել են միայն «Ֆիզիկա» եւ «Մաթեմատիկա» առարկաների քննությունները: Փոփոխություններ են կատարվել նաեւ բուհերի «Միջազգային հարաբերություններ» կրթական ծրագրի ընդունելության քննություններում՝ «Հայոց լեզվի» քննությունը սահմանվել է պարտադիր, «Հայոց պատմության» եւ «Օտար լեզվի» քննությունները՝ կամընտրական:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մասնագիտությունների ցանկում ներառվել են նոր՝ «Բլոկչեյն եւ ՎԵԲ3 տեխնոլոգիաներ» եւ «Ավիատիեզերական ճարտարագիտություն» կրթական ծրագրերը` համապատասխանաբար «Տեղեկատվական անվտանգություն», «Ավիացիոն եւ հրթիռային տեխնիկա» շրջանակում։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի՝ 2024-2025 ուստարվա ընդունելության բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրերի մասնագիտությունների ցանկում «Ագրոնոմիա», «Անասնաբուծություն» եւ «Անասնաբուժություն» մասնագիտություններով ընդունվելու համար «Մաթեմատիկան»՝ որպես պարտադիր մրցութային առարկա, փոխարինվել է «Կենսաբանություն» առարկայով: Հաշվի առնելով «Ճշգրիտ գյուղատնտեսություն» եւ «Տրանսպորտային եւ լոգիստիկ համակարգեր» կրթական ծրագրերով սովորողների համար «Անգլերեն», իսկ «Սննդամթերքի անվտանգություն» կրթական ծրագրով սովորողների համար՝ «Քիմիա» առարկայի իմացության կարեւորությունը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի առկա եւ հեռակա ուսուցման ձեւերի որոշ կրթական ծրագրերի ընդունելության քննությունների ցանկում կատարվել են փոփոխություններ, մասնավորապես՝ «Ագրոէկոլոգիա», «Ագրոնոմիա, սելեկցիա եւ գենետիկա», «Բույսերի պաշտպանություն», «Ջերմատնային ագրոտեխնոլոգիա», «Կենդանագիտություն եւ կենսատեխնոլոգիա», «Անտառային տնտեսություն եւ բնակավայրի կանաչապատում», «Անասնաբուժություն» կրթական ծրագրերի ընդունելության քննությունները փոխարինվել են «Կենսաբանություն», «Ֆիզիկա» կամ «Քիմիա» առարկաներով:

Կառավարությունն ընդունել է մեկ այլ որոշում, որը կնպաստի նախադպրոցական կրթության ոլորտում միասնական քաղաքականության իրականացմանը: Արդյունքում հնարավոր կլինի առավել արդյունավետ իրականացնել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացը` ապահովելով յուրաքանչյուր երեխայի համար մատչելի եւ հասանելի կրթության հնարավորություն: Ըստ այդմ՝ նախատեսվում է նաեւ, որ 2023 թ. սեպտեմբերի 1-ից զինծառայող ծնողի, ռազմական գործողություններին մասնակցած ծնողի երեխաները, Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետեւանքով զոհված (մահացած) կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետեւանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի երեխաների նախադպրոցական կրթությունը կիրականացվի պետական բյուջեի հաշվին:

 

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵՑ ՑԱՆԿԸ

Կառավարությունը հոկտեմբերի 19-ի նիստում հաստատեց պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքների կատարմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը:

 

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ օրենքի համաձայն՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվության տրամադրումը ՀՀ քաղաքացուն, օտարերկրյա քաղաքացուն եւ քաղաքացիություն չունեցող անձին մերժվում է, եթե նա տառապում է Կառավարության հաստատած ցանկում ընդգրկված այնպիսի հիվանդությամբ, որի առկայությունը խոչընդոտում է պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքների կատարումը:

Նախագծով առաջարկվող հիվանդությունների ցանկը տարածվելու է բոլոր ՀՀ քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց վրա՝ անկախ կարգավիճակից, զբաղեցրած պաշտոնից եւ այլ հանգամանքներից:

Այդ ցանկում ընդգրկված են հետեւյալ հիվանդությունները.

  1. Օրգանական (ներառյալ սիմպտոմատիկ) հոգեկան խանգարումներ (F00-F09),
  2. Հոգեկան եւ վարքային խանգարումներ հոգեակտիվ նյութերի գործածման հետեւանքով (F10-F19),
  3. Շիզոֆրենիա, շիզոտիպային եւ զառանցանքային խանգարումներ (F20-F29),
  4. Տրամադրության (աֆեկտիվ) խանգարումներ (F30-F39),
  5. Սթրեսի հետ կապված նեւրոտիկ եւ սոմատոֆորմ խանգարումներ (F40-F48),
  6. Չափահասի անձի եւ վարքի խանգարումներ (F60-F69),
  7. Մտավոր հետամնացություն (F70-F79),
  8. Էպիլեպսիա (G40):

 

 

3 ՏԱՐՈՎ ԱԶԱՏԱԶՐԿՎԵԼ Է

Բերդ   համայնքի Նավուր բնակավայրի բնակիչ, նախկինում դատված, միջնակարգ կրթությամբ, չամուսնացած, 1975թ. ծնված Մովսես Եսայանին  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ.-ի հոկտեմբերից մինչեւ 2019թ.-ի  մայիսն ընկած ժամանակահատվածում «Հայանտառ» ՊՈԱԿ «Արծվաբերդի անտառտնտեսություն»  մասնաճյուղի տարածքից ապօրինի հատել է 74 հատ տարբեր տեսակի կանգուն ծառեր՝ պետությանը պատճառելով 6 միլիոն 96 հազար ՀՀ դրամի գույքային վնաս։ Մ. Եսայանին   մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 3-րդ մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել  չհեռանալու մասին ստորագրությունը։ Սույն քրեական գործով, որպես իրեղեն ապացույց, դատարան է ներկայացվել բենզասղոցը, որով կատարվել են ապօրինի  ծառահատումները։ Տավուշի մարզի առաջին  ատյանի   դատարանը Մ. Եսայանի նկատմամբ պատիժ  նշանակելիս որպես պատասխանատվությունը եւ  պատիժը մեղմացնող  հանգամանք է  հաշվի առել  այն, որ նա 530 հազար ՀՀ դրամի չափով վերականգնել է իր կողմից պետությանը պատճառված  վնասը, բնութագրվում է դրական, խոստովանել է մեղքը եւ անկեղծորեն զղջացել արարքի համար: Դատարանը  Մ.   Եսայանի պատասխանատվությունը եւ պատիժը ծանրացնող հանգամանք է  դիտել  հանցանքը կատարելու ռեցիդիվը։  2023թ. մայիսի 15-ին դատավոր  Սամվել Մարդանյանը վճռել է Մ. Եսայանին մեղավոր ճանաչել նրան  առաջադրված հոդվածով  եւ նրան դատապարտել 3 տարի ժամկետով ազատազրկման, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝    «ստորագրություն չհեռանալու մասին», թողնել անփոփոխ   մինչեւ դատավճռի՝ օրինական ուժի մտնելը, սույն քրեական  գործով Տավուշի մարզի դատախազության դատախազ Հ. Աղասարյանի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը բավարարել ամբողջությամբ եւ Մ. Եսայանից, հօգուտ  Հայաստանի Հանրապետության, բռնագանձել 5 միլիոն 556 հազար ՀՀ դրամ՝ որպես  պետությանը պատճառված վնասի փոխհատուցման գումար,  Մ. Եսայանի  գույքի վրա դրված կալանքը թողնել անփոփոխ մինչեւ  քաղաքացիական հայցի կատարումը, դատավճիռն  օրինական ուժ մեջ մտնելուց հետո  սույն քրեական գործով  իրեղեն ապացույց ճանաչված «Հայանտառ»  ՊՈԱԿ  «Արծվաբերդի անտառտնտեսություն»  մասնաճյուղի  հատուկ պահպանվող տարածքում գտնվող  3,5 խմ, 2 խմ, 6 խմ, 4 խմ  փայտանյութը  եւ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի իրեղեն ապացույցների պահպանման սենյակում գտնվող բենզասղոցը բռնագրավել՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության: Այդ  դատավճռի դեմ Մ. Եսայանը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որով խնդրել է բեկանել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի   կայացրած դատավճիռը, կայացնել նոր դատական ակտ, իր նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկման ձեւով, 1 տարի ժամկետով,ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ՝ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել եւ սահմանել փորձաշրջան՝ 2 տարի  ժամկետով: Սույն քրեական գործով վերաքննիչ քրեական դատարանում նիստեր են կայանում։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս