ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը հոկտեմբերի 19-ի նիստում հաստատեց «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը:

 

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ Հայաստանի՝ մինչեւ 2030 թվականի զարգացման պետական ծրագրով նախատեսվում է, որ պետք է ստեղծվի Ակադեմիական քաղաք՝ որպես բարձրագույն որակյալ կրթության եւ հետազոտության համար արդիական միջավայր:

«Ակադեմիական քաղաքի ստեղծման անհրաժեշտությունը պայմանավորված է լավագույն ստանդարտներին համահունչ եւ միջազգայնորեն մրցունակ բարձրագույն կրթություն եւ գիտություն ունենալու, ինչպես նաեւ այս երկու ոլորտներն արդյունավետ ինտեգրելու  նպատակներով:

Բուհական կրթության մեջ հետազոտական բաղադրիչի ավելացումը կապահովվի գիտելիքի եւ հմտությունների ձեռքբերումն ու ամրապնդումը կիրառության մեջ եւ իրական համատեքստում:

Ակադեմիական քաղաքը նաեւ երաշխավորելու է ձեռք բերված գիտելիքի լավագույն կիրառությունը` ապահովելով հետազոտությունների գերազանցության, կիրառական արդյունքների հայտնաբերման, զարգացման եւ դրանց փոխանցման, նորարարական գործունեության խթանման եւ մտավոր սեփականության պաշտպանության սկզբունքները՝ այսպիսով ծառայելով հանրությանը:

Նաեւ հանրային եւ մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցությամբ ապահովելու ենք ստեղծվող գիտելիքի, տեխնոլոգիաների եւ նորարարությունների ներդրումն ու ծառայեցումը հանրային բարեկեցությանն ու առաջընթացին:

«Ակադեմիական քաղաք» ծրագիրն իրականացնելու նպատակով այս տարվա ապրիլին ստեղծվել էր «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը»,-ասաց Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ Ակադեմիական քաղաքի հայեցակարգով սահմանվում են Ակադեմիական քաղաք ստեղծելու նպատակները, խնդիրները, Ակադեմիական քաղաքի կլաստերները, ուսանողների, դասախոսների, գիտական ու վարչական աշխատողների նախատեսվող թիվը, այն ենթակառուցվածքները, որոնք պետք է ապահովվեն Ակադեմիական քաղաքում:

«Ֆիզիկական տեղադիրքի համար նախատեսվում են երկու տեղամասեր՝ Երեւանի 17-րդ թաղամասին հարող տարածքը, որի գերակշռող մասը պետական կամ համայնքային սեփականություն է, եւ Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքը, որոնց գումարային մակերեսը կազմում է շուրջ 700 հեկտար: Հիմնական տեղամասը լինելու է 17-րդ թաղամասին հարող տարածքը, իսկ «Հայֆիլմի» տարածքին անդրադառնալու ենք այն պարագայում, երբ գլխավոր հատակագծով դրա կարիքը լինի: Ակադեմիական քաղաքի տարածքները նախատեսվելու են այն տրամաբանությամբ, որ հնարավորություն ունենան տեղակայելու մինչեւ 16 բուհ՝ օրենքով նախատեսված մինչեւ 8 պետական խոշորացված բուհեր եւ մինչեւ 8 մասնավոր կամ  միջազգային բուհեր:

Այս պահին հայեցակարգում մանրամասն նկարագրված են 4 կլաստերները՝ տեխնոլոգիական, արվեստների, կրթական եւ  սպայական: Ակադեմիական քաղաքը հարում է մեկ մայրուղու, այն Երեւանին կապվելու է նաեւ երկաթգծով, որի մի մասն արդեն անցնում է հիմնական տեղամասով:

Նախատեսվում է, որ Ակադեմիական քաղաքի ներսում տեղաշարժը կունենա հատուկ կարգավորում՝ կազմակերպվելով հեծանիվներով, էլեկտրական տրանսպորտով եւ այլ եղանակներով:

Ընդհանուր առմամբ, այստեղ աշխատելու եւ բնակվելու է մոտ 44 հազար մարդ»,- ասաց նախարարը:

Նախարարի խոսքով՝ արդեն կան պայմանավորվածություններ միջազգային հեղինակավոր ճարտարապետական GMP կազմակերպության եւ կառուցապատող ընկերությունների հետ:

Ժամանակացույցը երեք փուլ է ունենալու՝ նախագծման փուլ, որը կսկսվի հոկտեմբերից եւ ավարտին կհասցվի 2025-ի սեպտեմբերին, կառուցման փուլ, որը փուլերով է լինելու, կսկսվի 2025-ի  հոկտեմբերից եւ կավարտվի 2029-ի դեկտեմբերին, եւ սպասարկման փուլ, որը ողջ ծավալով կսկսվի 2030-ի հունվարից»,- ընդգծեց նախարարը:

 

 

 

ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ՏԵՂԱՎՈՐԵԼ

«Ժողովուրդ» օրաթերթը հոկտեմբերի 4-ին եղել էր Վարդենիս համայնքում եւ նկատել, որ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները բնակվում են Ոսկեպար գյուղի մանկապարտեզում եւ Վեդու Եվրոպական քոլեջում։

Ինչպես արդեն արձանագրել էինք, արցախցի մի քանի ընտանիքներ ապրում են նույն սենյակում եւ օգտվում նույն խոհանոցից։ «Ժողովուրդ» օրաթերթը կապվեց Վեդի համայնքի ղեկավարի օգնական Պատվական Մարգարյանի հետ՝ պարզելու, թե արդյոք ինչ գործողություններ են ձեռնարկվոում եղանակային վատ պայմանների ընթացքում, արդյոք պատրաստվում են նրանց ջեռուցմամբ ապահովել, եւ ինչ են պատրաստվում անել այդ ուղղությամբ։

Այստեղ պայմաններն անմարդկային են, քանի որ մի հարկի տակ ապրում են 40-60 մարդ, սակայն, ինչպես նշեց Վեդու համայնքապետի օգնականը, պայմանները բարելավելու համար ջեռուցման համարկարգը  Ոսկեպարում պատրաստ է, իսկ Վեդու Եվրոպական քոլեջում ընթացքի մեջ է։

«Ժողովուրդ» օրաթերթը նույն ժամանակահատվածում եղել էր նաեւ Մասիս համայնքի մարզադպրոցներից մեկում, որտեղ մարզադահլիճում տեղավորվել էին շուրջ 140 արցախահայ։ Մասիսի համայնքապետարանից մեզ տեղեկացրին, որ բոլորին հատկացվել են կացարաններ, իսկ մարզադպրոցում բնակվողների մի մասը տեղավորվել են իրենց հարազատների տներում։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ԹԱՂԱՊԵՏԻ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

Նոր Նորք վարչական շրջանի 6-րդ զանգվածի Լյուքսեմբուրգ 1-ին նրբանցքի 6-րդ շենքի բնակիչները ահազանգում են՝ պատմելով, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ իրենց բակը քանդել են եւ վերանորոգման ոչ մի աշխատանք չեն իրականացնում:

Բնակչի խոսքով՝ արդեն անհնար է բակ մուտք գործել: «Ամռանը մեր բակը քանդեցին՝ ասելով, որ վերանորոգման աշխատանքներ են ընթանալու, եւ ամբողջովին այն կկառուցեն, սակայն ոչ մի բան չարեցին, ամբողջ ամառ անցավ փոշու ու կեղտի մեջ, իսկ հիմա արդեն անձրեւներ են, եւ բակ մտնել հնարավոր չէ:  Մեզ ամբողջ ամառ թաղապետը ու կոմունալ բաժնի պետը խաբեցին: Պահանջում էինք, որ արագացնեն, էլ հնարավոր չէր, ինչքա՞ն պետք է փոշու ու կեղտի մեջ ապրենք: Ամեն օր խաբում էին, ասում՝ շուտով կլինի, ոչինչ էլ չարեցին: Թաղապետարանի Թեժ գիծ էլ եմ զանգել, խաբեցին ու չարձագանքեցին»,- պատմում է բնակիչներից Ռոզա Սարգսյանը: Մենք փորձեցինք կապ հաստատել տվյալ վարչական շրջանի թաղապետի հետ. պարզվում է բնակիչների բողոքը եւ պահանջը շատ ճիշտ են. անգործությունից այնքան են հոգնել, որ ոչ մի հեռախոսազանգի չեն պատասխանում կամ էլ ընդհանրապես չեն արձագանքում:

ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս