Ավանեսյանը հաճոյանում է Փաշինյանին, աթոռը «պահելու» համար. ակտիվ կուսակցական է դարձել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կարծես թե անցել է ակտիվ կուսակցական գործունեության։

Նա երեկ մասնակցել է ՔՊ նիստին, որտեղ քննարկվել են արտաքին քաղաքական հարցեր և հարցեր է հնչեցրել Նիկոլ Փաշինյանին։ ՔՊ տարածած լուսանկարների մեջ երևում է Ավանեսյանի ակտիվությունը։

Նման ակտիվությունը պատահական չէ. որքան շատ է խոսվում Անահիտ Ավանեսյանից վարչապետի դժգոհության ու նրան պաշտոնանկ անելու մտադրության մասին, այնքան տիկին նախարարը ավելի ակտիվ կուսակցական գործունեություն է ծավալում։

Տեսակետ կա, որ նա ակտիվ կուսակցական գործունեության մեջ է փորձում մտնել, որպեսզի ամեն կերպ Ավանեսյանը պահպանի իր աթոռը և երկարաձգի պաշտոնանկությունը։ Այլապես, անհասկանալի է, թե ապաքաղաքական ոլորտի նախարարն ինչո՞ւ է որոշել կուսակցական գործունեությամբ զբաղվել, այն էլ մի դեպքում, երբ իր ոլորտում լուրջ խնդիրներ կան։

Մասնագիտությամբ իրավաբան նախարարն անգամ իրավական դաշտում է պարտվում, երբ ժամանակին աշխատանքից ազատել էր նախարարության ենթակայության տակ գտնվող կառույցների ղեկավարների, որոնք էլ հետո դատարանի որոշմամբ վերականգնվել էին։

Օրերս ԱԺ-ում՝ մեր թղթակցի հարցին ի պատասխան, խոսելով իրենից վարչապետի դժգոհության մասին, Ավանեսյանն ասել էր, թե վարչապետի ելույթն այլ բանի մասին է վկայում։ Մինչդեռ, Նիկոլ Փաշինյանն ամեն անգամ առողջապահության ոլորտի մասին խոսելիս այնտեղ տեղի ունեցած ըստ իրենց բարեփոխումներն ու արվող քայլերը, բուժկենտրոնների վերանորոգումն ու շինարարությունը միշտ վերագրում է իրեն, բայց ոչ նախարարությանն ու նախարարին։

Բայց վերադառնանք Անահիտ Ավանեսյանի կուսակցական գործունեությանը.

Կառավարության կայքում վերջերս թարմացվել է նրա կենսագրությունն ու պարզում ենք, որ 2022 թվականից անդամակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Եվ սա էլ կրկին հաստատում է տեսակետը, որ 2018թ. փոխնախարարի, այնուհետեւ 2021թ. նախարարի պաշտոնը զբաղեցնող Ավանեսյանն իր նախարարարական պորտֆելը պահելու համար է որոշել կուսակցական դառնալ, ու դեռ ավելին՝ ակտիվ կուսակցական գործունեություն ծավալել։

Ի դեպ, հետաքրքիրն այն է, որ 2021թ. ԱԺ ընտրություններին նա ՔՊ ցուցակում էր, և պարզվում է՝ այնտեղ նրա անվան դիմաց՝ որպես կուսակցական պատկանելիություն, նշված է եղել ՔՊ։ Մինչդեռ կառավարությա կայքից տեղեկանում ենք, որ նա ՔՊ-ական է դարձել 2022թ,.։

Հետաքրքիր է՝ երկու պաշտոնական տեղեկություններից ո՞րն է ճիշտ։




Լրահոս