Գողության հետքերը թաքցնելու նպատակով հրկիզել էր տարածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 1-ի գիշերը, ժամը 2.40-ին, 911 ծառայությունից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում էր ստացվել, որ Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի տներից մեկի ավտոտնակում մեքենա է այրվում: Ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ անհայտ պայմաններում այրվել են աներոջ ավտոտնակում կայանված «ՎԱԶ-2101» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաները:

Նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել էին, որ հրդեհից առաջ անհայտ անձը ապօրինի մուտք էր գործել նշված ավտոտնակ և գողացել թթվածնի բաքերի ռետինե խողովակներ, ավտոմեքենայի մարտկոցներ, նվագարկիչ, ձմեռային անվադողերի երթևեկության շղթաներ, մեքենա բարձրացնելու սարքավորում և այլ գործիքներ:

Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ավտոտնակից գողությունը կատարել էր Ոսկեհատ գյուղի 28-ամյա բնակիչը, ապա հետքերը թաքցնելու նպատակով հրկիզել էր տարածքը:

Նոյեմբերի 2-ին նա ձերբակալվել, տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ խոստովանել է արարքը և հայտնել, որ գողացած իրերի մի մասը իր տանն է:

28-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:




Լրահոս