Դատապարտյալը հաղթե՞ց ՔԿՀ պետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը հայտնել էր, որ Արթիկ ՔԿՀ դատապարտյալ Արտակ Հակոբյանը կարել է աչքերն ու հացադուլ հայտարարել: Պատճառը նշված ՔԿՀ-ի պետ, գնդապետ Գևորգ Մկրտչյանի անօրինական որոշումն է, որով դատապարտյալ Արտակ Հակոբյանի, բանտարկության ժամկետը երկարաձգվել է ևս 1 տարով:

Նշենք, որ, ըստ ՔԿՀ-ի պետի որոշման, դատապարտյալ Հակոբյանն ագրեսիվության և կոնֆլիկտայնության հակում ունի:

Դատապարտյալի կինը` Կարինե Հակոբյանը, Armlur.am-ին հայտնեց, որ այսօր Արթիկ ՔԿՀ-ի պատժախուց են այցելել Շիրակի մարզի դատախազի տեղակալը, վերահսկող դատախազ Կարեն Գաբրիելյանը, ինչպես նաև՝ Մարդու իրավունքների Շիրակի մարզի աշխատակից Կարապետ Բաղդասարյանը:

Դատապարտյալ Հակոբյանը նրանց հայտնել է, որ Արթիկ ՔԿՀ-ի պետ Գևորգ Մկրտչյանը պատվեր է կատարում և մեկ տարով երկարեցրել է դատապարտյալի հաշվառման ժամանակահատվածը և նրան հաշվառել որպես բարձր ռիսկայնության, կոնֆլիկտայնության և ագրեսիվության հակում ունեցողի:

Հակոբյանի կինը հայտնեց, որ դատախազները խոստացել են վերացնել ՔԿՀ-ի պետի որոշումը, իսկ ՔԿՀ-ի պետ Գևորգ Մկրտչյանը խոստացել է սույն թվականի մարտի 28-ին դատապարտյալին ներկայացնել վաղաժամկետ ազատման:

Դատապարտյալը, հավատալով բոլորի խոստումներին, քանդել է աչքերի կարերը և դուրս եկել հացադուլից:

Հիշեցնենք, որ մոտ օրերս երկրորդ անգամ պետք է վիրահատեն դատապարտյալին:




Լրահոս