Վստահ ենք, որ մեր երկիրը կարող է դառնալ այդ խաչմերուկը. Արարատ Միրզոյանը՝ հայկական առաջարկի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք մեծապես կարևորում ենք Գերմանիայի՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելուն ուղղված ջանքերը: Այդ մասին ՀՀ ԱԳՆ-ում կազմակերպված համատեղ ասուլիսի ժամանակ ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ հանդիպումից և առանձնազրույցից հետո:

Ասուլիսի ժամանակ Միրզոյանը հիշեցրեց, որ ԼՂ-ի ավելի քան 100 հազար հայեր, ամիսներ շարունակ գտնվելով Ադրբեջանի կողմից «անմարդկային շրջափակման մեջ և հնարավոր ոճրագործության վախի պատճառով», բռնի տեղահանվել են իրենց հայրենիքից:

Զուգահեռ՝ ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիան չի վերացել, առկա են հումանիտար բնույթի խնդիրներ, Բաքվում անազատության մեջ են պահվում հայ ռազմագերիներ և ապօրինի պատանդառված քաղաքացիական անձինք:

«Ուզում եմ հատուկ ընդգծել, որ չնայած բոլոր բարդություններին, չնայած բոլոր մարտահրավերներին՝ ՀՀ-ն ունի քաղաքական կամք գնալ խաղաղության հասնելու, գնալ խաղաղության հաստատմանը: Մենք դա հնարավոր ենք համարում, և մեր մոտեցումները, մեծ հաշվով, արտահայտված են նաև Գրանադայի քառակողմ հանդիպումից հետո ընդունված հայտարարության մեջ. դրանք շատ պարզ սկզբունքներ են»,- ասաց նախարարը և թվարկեց դրանք:

Անդրադառնալով սկզբունքներից մեկին՝ տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, Արարատ Միրզոյանը նշեց. «Սա այն է, ինչ մենք Հայաստանում անվանում ենք «Խաղաղության խաչմերուկ», մենք վստահ ենք, որ մեր երկիրը կարող է դառնալ այդ խաչմերուկը, մեր տարածաշրջանը կարող է դառնալ այդ խաչմերուկը, և սա տնտեսական օգուտ կբերի ոչ միայն անմիջական տարածաշրջանի հարևաններին, այլև ողջ աշխարհին և մի յուրահատուկ խաղաղության գրավական կդառնա»,- ասաց նախարարը:

Միրզոյանը նաև շնորհակալություն հայտնեց Գերմանիայի Կառավարության կողմից ԼՂ-ից բռնի տեղահանվածների առաջնային խնդիրների լուծման նպատակով տրամադրած աջակցության համար:




Լրահոս